Իրավապահների մոբիլիզացիա. հանրության և Փաշինյանի լուրջ երկխոսություն

103

1in.am — «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ իրավապահ համակարգին քաղաքական իշխանությունը հրահանգել է աշխատել մոբիլիզացված և արտակարգ ռեժիմով, ընտրությանն ընդառաջ: Ըստ տեղեկության՝ հրահանգվել է արձակուրդ մեկնածներին վերադառնալ և ընդհանրապես բացառել առաջիկա շրջանում որևէ արձակուրդ: Վերջին շրջանում իրավապահ համակարգի առնչությամբ տեղեկությունները դարձել են հաճախակի: Դրանք արտահոսքեր են, պարզապես մտացածին խոսակցություններ, իհարկե, դժվար է ասել: Օրինակ` տեղեկություն էր հրապարակվել, որ ոստիկանությունից մեծ թվով աշխատակիցներ ցանկանում են հեռանալ, քանի որ չեն ուզում աշխատել, այսպես ասած, «մաքուր» աշխատավարձով՝ դա քիչ է: Տեղեկություն էր հրապարակվել, թե ոստիկանապետ Օսիպյանը հոկտեմբերին պատրաստվում է հրաժարական տալ ու հեռանալ Հայաստանից: Ոստիկանապետը հերքել էր այդ տեղեկությունը: Հասկանալի է, թե ինչու է իրավապահ համակարգը հայտնվել տեղեկատվական այդպիսի հոսքերի ներքո:

Հայաստանը մոտենում է ընտրական բուռն շրջանի: Երևանի արտահերթ ընտրությանը կարճ ժամանակ անց կհաջորդի համապետական արտահերթ ընտրության գործընթացը: Այստեղ իրավապահ համակարգի դերը չափազանց մեծ է, քանի որ գործնականում այդ համակարգը պետք է ապահովի ընտրության օրինական և ազատ մրցակցային ընթացք՝ թույլ չտալով, որպեսզի գործի դրվեն թաղային կամ փողային մեխանիզմները: Այդ իմաստով, իրավապահ համակարգի աշխատանքում տրամադրությունների և սպասումների ոչ նպաստավոր մթնոլորտ ձևավորելը դառնում է կարևոր խնդիր այն ուժերի համար, որոնք առաջիկա ընտրական գործընթացում կարող են ապավինել միայն թաղային և փողային գործիքներին: Այդ միտումների ֆոնին ուշագրավ էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ կառույցը աշխատելու է հնարավորինս լուռ, իսկ ինքն էլ սկսելու է աստիճանաբար զերծ մնալ լրագրողների հետ շփումներից, քանի որ դա է պահանջում աշխատանքի արդյունավետությունը:

Ըստ ամենայնի՝ Հայաստանի քաղաքական նոր իշխանությունն իսկապես սկսել է իրավապահ համակարգի վերադասավորումների և, այսպես ասած, մոբիլիզացիայի գործընթաց, ինչը լիովին հասկանալի է ներկայիս իրողությունների և առկա մարտահրավերների տեսանկյունից: Խոշոր հաշվով, օբյեկտիվ է անցումային այս փուլում իշխանության հենարանի կարգավիճակը, որ ստացել է իրավապահ համակարգը: Խոշոր հաշվով, համակարգն այդ կարգավիճակում էր նաև Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, հաշվի առնելով այն, որ այդ շրջանն էլ, խոշոր հաշվով, չավարտված կամ թավշյա հեղափոխությամբ ավարտված մի մեծ անցումային շրջան էր: Սերժ Սարգսյանը տասը տարի փորձեց ապահովել համակարգի անցումը Քոչարյանից Սարգսյանին, սակայն գործնականում ապարդյուն:

Ներկայումս խնդիրն այն է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն էլ լուծելու է իրավապահների միջոցով համակարգը կամ իշխանությունը Սարգսյանից Փաշինյանին անցկացնելու հարցը: Եթե հարցը դրվի այդպես, ապա մեծ է հավանականությունը, որ այդ անցումն էլ չի լինի, խոշոր հաշվով, արդյունավետ: Արդյունավետության համար, թերևս, անհրաժեշտ է, որպեսզի իրավապահները ապահովեն կոռուպցիոն ինստիտուտներից անցումը քաղաքական-պետական ինստիտուտների: Հրապարակային շեշտադրումների մակարդակում Նիկոլ Փաշինյանը հարցը դնում է հենց այդ համատեքստում, ինչը, անկասկած, ողջունելի է: Միևնույն ժամանակ աներկբա է, որ գործընթացը օբյեկտիվորեն ժամանակատար է և բավականին բարդ: Ըստ այդմ` դեռևս երկար ժամանակ իրավապահ համակարգը ստիպված կլինի որոշակիորեն փոխարինել քաղաքական ինստիտուտներին, դե ֆակտո իհարկե: Առավել ևս, որ թավշյա հեղափոխությունից երեք ամիս անց առանձնապես չի նկատվում հանրության ինստիտուցիոնալ նախաձեռնողականության աշխուժություն, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ունի իսկապես կենսունակ թիմի խնդիր և ստիպված է պատասխանատվությունն առավելապես կրել իր վրա, այդ պրիզմայով դիտարկելով նաև իրավապահների ընթացիկ դերը:

Տվյալ իրավիճակը, խոշոր հաշվով, օբյեկտիվ է այս փուլի համար և «պիտանելիության» ժամկետը, թերևս, մինչև խորհրդարանի արտահերթ ընտրություն է: Դրանից հետո առկա «ստատուս-քվոն» կարող է արդեն գոյություն ունենալ ոչ թե հանուն արդյունավետ անցում ապահովելու, այլ արդեն արդյունավետ անցման հաշվին, ինստիտուցիոնալ հեռանկարների ձևավորման հաշվին: Այդ տեսանկյունից, առանձնապես կարևոր է հանրային նախաձեռնողականությունը, որը, սակայն, պահանջում է բավականին «ոսկերչական» աշխատանք: Խնդիրն այն է, որ հանրությունը խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո պետք է փորձի առարկայական երկխոսություն սկսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ թիմային նորոգման կամ պարզապես նոր Հայաստանի էլիտա ձևավորելու շուրջ, դրա սկզբունքների շուրջ, գուցե նաև պարզապես անունների և պայմանավորվածությունների բովանդակությամբ: Այստեղ է խորքային խնդիրներից մեկը, որի լուծմամբ կարող է պայմանավորված լինել թավշյա հեղափոխության երկարաժամկետ կապիտալիզացիան:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache