Իրավիճակը բարդանում է. Ծառուկյանը սպառնաց կառավարությանը

180

Բարեգործության մասին օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովում առաջացրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների վրդովմունքը: Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ եթե պետությունը չի կարողանում խնդիրները լուծել, ապա չպիտի խանգարի այն մարդկանց, որոնք կարող են:

«Գագիկ Ծառուկյանն ինչ բարեգործություն արել է, որևէ քաղաքական կոնտեքստ, ենթատեքստ չի եղել», ասել է նա:

Իր հերթին, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը վրդովվել է, որ այդ նախաձեռնությունը բերել են առանց Գագիկ Ծառուկյանի կարծիքը հարցնելու. «Պարոն Փաշինյան, բարեգործությունների 95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, խորհրդակցե՞լ եք իր հետ»:

Զարմանալի չէ, որ այս նախագիծն առաջացրել է Ծառուկյանի պատգամավորների վրդովմունքը: Եթե ինչպես Նաիրա Զոհրաբյանն է ասում, Ծառուկյանի բարեգործությունը քաղաքական համատեքստ չունի, այդ դեպքում ո՞րն է վրդովմունքի պատճառը:

Օրենքն ընդամենը սահմանափակում է բարեգործության «շրջանակը», մասնավորապես քաղաքական մասով: Օրինակ, արգելվում է կուսակցությունների ֆինանսավորումը ներկայացնել որպես բարեգործություն, որը նաեւ հարկումից խուսափելու ձեւ է: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել մի մարմին, որը քննելու է բարեգործությունը:

Այսինքն, մարդը կարող է հեռու մնալ քաղաքականությունից ու բարեգործություն անել ինչքան ցանկանում է:

Փոխվում են ժամանակները, բայց Ծառուկյանի շուրջ հավաքված խումբը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին եղել է: Օրինակ, խոսում են բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու մասին, բայց Ծառուկյանին չեն համարում այդպիսին: Կամ խոսում են խնամի-ծանոթ-բարեկամից, բայց Ծառուկյանի փեսաների ներկայությունը խմբակցությունում այդպիսին չեն համարում: Նույնը՝ ազատ ու արդար ընտրության մասին:

Բարեգործությունը Ծառուկյան տնտեսա-քաղաքական «բրենդի» առանցքային բաղկացուցիչն է, եւ առանց դրա մեխանիզմը կարող է խափանվել:

Ներկայում արդեն մեկնարկել է ընտրարշավը, ԲՀԿ-ն խոսում է ընտրության արդյունքում Խորհրդարանում մեծամասնություն ստանալու հավակնության մասին: Դա իրականացնելու համար անհրաժեշտ են բոլոր լծակները՝ բարեգործությունից մինչեւ վարչական ռեսուրս եւ ճնշման լծակներ նոր կառավարության դեմ:

Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ նոր կառավարությունը պետք է իրեն գործընկերոջ պես պահի, քանի որ ապագայի վերաբերյալ պատկերացումները կարող են տարբեր լինել: Նաիրա Զոհրաբյանն, իր հերթին, ասել է, որ օրենսդրական նախաձեռնությունը հաստատելու դեպքում հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի մեկից բարեգործությամբ չզբաղվել, իսկ Ծառուկյանին դիմած քաղաքացիներին ուղղորդելու են կառավարություն, այդպիսով «ձեւակերպելով» սպառնալիքը:

Իրավիճակը երեւում է բարդանում է, եւ պատահական չէր, որ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց, որ փողոցը կարող է կրկին լցվել ցուցարարներով:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache