Իրավիճակը լրջանում է. Ինչու էր դողում Աշոտյանի ձայնը

153

Այսօր Ազգային ժողովում տապալվեց Ընտրական նոր օրենսգիրքը: Այն անհրաժեշտ ձայներ չհավաքեց ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ օրենսգրքի ընդունմանը կողմ արտահայտված ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի չքվեարկած պատգամավորների «շնորհիվ»: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքում գրեց, որ «որոշ ուժեր գործընթացը վերածեցին մկաններ ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին»։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա սաբոտաժ է կառավարության դեմ, որի նպատակը արտահերթ ընտրությունը տապալելով ռեւանշի հասնելն է, հանրությանը կոչ անելով պատրաստ լինել գործողությունների:

Սաբոտաժը լուրջ մեղադրանք է, քանի որ դա պետական հանցագործություն է: ՀՀԿ-ի ու նրա սատելիտների՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի «ակտիվում» արդեն իսկ կա պետական հանցագործություն՝ իշխանության յուրացմանը մասնակցությունը տարբեր համապետական ընտրություններում:

Կառավարությունը չի բացառում, որ մոտ օրերս կնախաձեռնի ԱԺ արտահերթ նիստ օրենսգիրքն ընդունելու համար: Ըստ էության, խորհրդարանում կան անհրաժեշտ թվով պատգամավորներ՝ 63 հոգի, ովքեր տեսականում կարող են կողմ քվեարկել, եւ չի բացառվում, որ այս ուղղությամբ աշխատանք կատարվի:

Մինչ այդ, հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. կառավարության սիրո ու համերաշխության տրամաբանությամբ քայլերն անցնում են երկրորդ փորձից, ուժ ցուցադրելուց հետո: Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց երկրորդ փորձից, մայիսի 8-ին, այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ՀՀԿ-ն չապահովեց անհրաժեշտ թվով ձայներ, իսկ փողոցներում ցուցարարների թիվը բազմապատկվեց:

«Հակահեղափոխության» երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ի քվեարկությունն էր, որից հետո Նիկոլ Փաշինյանը տասնյակ հազարավոր մարդկանց ուղեկցությամբ մտավ Ազգային ժողով եւ հաջորդ օրերին խորհրդարանական ուժերը համաձայնվեցին դեկտեմբերին արտահերթ ընտրությանը:

Հետաքրքիր է, ինչ տեղի կունենա խորհրդարանում, եթե կառավարությունը կրկին Ընտրական օրենսգիրքը ներկայացնի ԱԺ քննարկմանը: Եվ արդյոք այդ ընթացքում կլինեն ուժային որոշակի գործողություններ:

ՀՀԿ-ի պահվածքը գնալով ավելի խղճուկ է դառնում: Այսօր կուսակցության պատասխանատուները փորձում էին ինչ որ հիմնավորումներ բերել, թե ինչու են դեմ նոր Ընտրական օրենսգրքին: Դրանք համոզիչ չէին, փոխարենն ինչ ասես արժեր Արմեն Աշոտյանի ելույթը: Սովորաբար ինքնավստահ ու սահուն խոսող Աշոտյանի ձայնը թե ԱԺ ամբիոնից, թե լրագրողների հետ զրույցում պարզապես դողում էր:

Այդպես կարող է լինել միայն ներքին՝ անհատական ու կոլեկտիվ մակարդակում, հակասության պարագայում, երբ արդեն կամ չգիտեն ինչ անել, կամ կատարում են իրենց կամքին հակառակ քայլեր, բարդացնելով ոչ միայն իրենց, այլեւ հանրային-պետական իրավիճակը, մտնելով նոր մեղքի ու պատասխանատվության տակ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache