Իրավիճակը Նախիջեւանի ուղղությամբ. ինչ է մտադիր Ադրբեջանը

149

lragir.am — Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դիմել է հայկական կողմին Նախիջեւանում Գյուննութ կամ Հունուտ գյուղի մերձակա գերեզմաններին քաղաքացիական անձանց մոտենալու թույլտվության համար, ինչը բավարարվել է ելնելով մարդասիրական նկատառումներից:

Դա տեղի է ունեցել հունիսի 6-7-ին: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական կողմը լուսանկարներ ու տեղեկություններ է տարածել, թե «ազատագրել» է գյուղը:

Ադրբեջանի համար քարոզչական այդօրինակ հնարքը նոր չէ: Ապրիլյան քառօրյայից հետո Բաքուն բնակեցրել էր առանց այդ էլ իր վերահսկողության տակ գտնվող սահմանային լքված բնակավայրերից մեկը, հայտարարելով, թե դա ազատագրել է քառօրյա պատերազմի արդյունքում:

Քարոզչական պատերազմը չդադարող, սողացող, դիրքային-խրամատային պատերազմի անբաժանելի մասն է եւ շատ հաճախ իրապես դժվար է կողմնորոշվել տեղի ունեցողի, առկա իրավիճակի մանրամասներում:

Բայց, աներկբա է նաեւ, որ Նախիջեւանի ուղղությամբ սովորաբար հանդարտ վիճակը վերջին շրջանում բավականին աշխուժացած է: Հայտնի է արդեն, որ ադրբեջանցիները իրենց վերահսկողության տարածքում կատարել էին դիրքային շարժ, վերադասավորում, որոշակի առաջխաղացում՝ մոտենալով հայկական դիրքերին, նաեւ Արենի գյուղի այգիներին, թեեւ հեռավորությունը շարունակում է լինել մի քանի կիլոմետր:

Այդ հանգամանքը Հայաստանում որոշ շրջանակներ օգտագործեցին թավշյա հեղափոխության դեմ, ասելով, որ ադրբեջանցիները առաջ են եկել օգտվելով Հայաստանում տեղի ունեցածից: Եթե դա այդպես է, ապա տվյալ պարագայում պետք է պատասխան տան պաշտպանության նախկին նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը: Նաեւ պետք է պարզվի, թե արդյո՞ք չի եղել ուղղակի սաբոտաժ:

Միեւնույն ժամանակ, դիրքային վերադասավորումները հայ-ադրբեջանական փաստացի խրամատային, սողացող պատերազմի այսպես ասած տարիների հատկանիշներից են, դրանք տեղի են ունենում գրեթե միշտ: Տեղեկատվական դարաշրջանը թողնում է իր հետքը դրանց հանրությանը հասանելիության մասով, թեեւ այդ գործընթացը, ընդհուպ լոկալ մարտերով եղել է 10, 15, 20 տարի առաջ:

Այստեղ պետք է փնտրել գուցե հարցի պատասխանը, թե արդյո՞ք այդ ամենը հիմք է եզրակացնել, որ Ադրբեջանը պատրաստվում է ինչ որ արկածախնդրության: Դա թերեւս այդպիսի եզրահանգման հիմք չէ: Մյուս կողմից իր հերթին դա չի էլ նշանակում, որ հիմք չէ մտահոգության եւ աչալրջության: Բայց, անկախ այդ ամենից, եթե անգամ Ադրբեջանը ոչինչ էլ չանի, միեւնույն է աչալրջությունն ու մտահոգությունը պետք է պահպանել ամեն վարկյան: Եվ ավելին, եթե Ադրբեջանը ոչինչ չանի, այդ դեպքում պետք է թերեւս լինել առավել զգոն ու աչալուրջ:

Այստեղ թերեւս ավելի կարեւոր է, թե ինչպիսին է աշխարհաքաղաքական ֆոնը, Ադրբեջանին այն թույլ կտա՞ մտածել նոր արկածախնդրության մասին: Այդ տեսանկյունից, չնայած խորքային դինամիկ փոփոխություններին, Բաքվի համար այդ ֆոնը ավելի նպաստավոր չէ, քան օրինակ 2016-ի մայիսին:

Նկատելի է մտահոգիչ մեկ այլ բան՝ Հայաստանում տարածվում են տեղեկություններ, կատարվում է քարոզչական որոշակի նպատակաուղղված աշխատանք տպավորություն ստեղծելու ուղղությամբ, թե թավշյա հեղափոխությունը, դրա արդյունքում իշխող թիմի եւ դեմքերի փոփոխությունը, երիտասարդացումը եւ այսպես ասած փորձառության պակասը Հայաստանի անվտանգության հարցում առաջացրել են լուրջ բացեր եւ խնդիրներ, վատ են անդրադարձել հայ-ռուսական հարաբերության վրա եւ դա էլ կօգտագործի Բաքուն:

Աներկբա է, որ այդ արշավի նպատակը թավշյա հեղափոխությանմբ իշխանության եկած թիմին հարվածն է, հուշում է մի բան՝ անվտանգության եւ հայ-ռուսական հարաբերության ոլորտում համանման, իսկ երբեմն առավել աղաղակող խնդիրների պարագայում նույն շրջանակները բացարձակապես չէին արտահայտում նույն մտահոգությունը եւ չէին հնչեցնում նույն շեշտադրումներով ահազանգերը:

Դա հուշում է, որ փորձ է արվում անվտանգության, պետարզմի գործոնը ծառայեցնել նոր իշխանության հետ հաշիվներ մաքրելուն, նոր իշխանությանը հարվածելուն: Դա անթույլատրելի է Հայաստանի դեպքում որեւէ իշխանության պարագայում: Որովհետեւ, այդ կերպ ներքին խմբային հարցեր լուծելով՝ իբրեւ Հայաստանի անվտանգության մասին անհանգստության հիմքով, իրականում ստեղծվում է Հայաստանի եւ Արցախի հանդեպ Ադրբեջանի քայլերի աշխարհաքաղաքական լեգիտիմության իհարկե ոչ մեծ, սակայն որոշակի հնարավորություն: Իսկ Ադրբեջանը որեւէ արկածախնդրության կգնա միայն այդպիսի լեգիտիմություն ունենալու պարագայում: Ըստ այդմ խիստ վտանգավորը հենց այն է, որ իբրեւ անվտանգության ահազանգերով, ներքին կոնյուկտուրայից ելնելով ստեղծվում են անվտանգության իրական ռիսկեր:

Մյուս կողմից, դա իհարկե նոր իշխանության համար պետք է լինի խթան հատկապես արտաքին քաղաքականության եւ անվտանգության կոնտեքստում բավականին աշխույժ եւ համակողմանի աշխատանքի: Այդ իմաստով հատկանշական է, որ վերջին օրերին բավականին ինտենսիվ արտաքին այցերի օրակարգով են աշխատել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: Մոսկվայում տեղի է ունեցել Մնացականյան-Լավրով հանդիպումը, Դավիթ Տոնոյանը նույնպես այցելել է Ռուսաստան, իսկ հետո Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ Աֆղանստանի առաքելությանն առնչվող ՊՆ նախարարների հավաքին եւ հանդիպել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալի եւ այլ պաշտոնյաների հետ:



Загрузка...