Իրավիճակի կտրուկ փոփոխություն. Ինչ է կատարվում Հայաստանի շուրջ

0

Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը, որի վերաբերյալ գնահատականները տարբեր են, ելնելով տնտեսության, անվտանգության խնդիրների, արտաքին քաղաքականության իրողություններից:

Սակայն մի հարցում կարծես թե կա համընդհանուր գնահատական՝ համաձայնագիրն արձանագրում է Հայաստանի քաղաքակրթական պատկանելությունը, իսկ դրա իրականացումը կախված է արդեն բացառապես Հայաստանի իշխանության ու հանրության կամքից ու մոտիվացիայից:Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը թերեւս պետք է դիտարկել վերջին մի քանի ամիսների միջազգային քաղաքականության իրողությունների համատեքստում: Նախեւառաջ՝ Մերձավոր Արեւելքում, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, Ղարաբաղի խնդրում տեղի ունեցած զարգացումների, որոնք անկասկած կապված են միմյանց հետ եւ կազմում են մի շղթա:

Այս իրադարձություններին lragir.am-ը անդրադարձել է բավական հանգամանալի, պարզապես հակիրճ արձանագրենք դրանք: Սիրիայում ԱՄՆ-Ռուսաստան համաձայնությունից հետո Ռուսաստանը միացավ Ղարաբաղի խնդրում ստատուս-քվոն պահպանելու միջազգային կոնսենսուսին, փաստացի հայտարարելով «կարգավորման» սեպարատ փորձերից հրաժարվելու մասին: Ընդ որում, այդ հայտարարությունը հնչեց հենց Բաքվում:Մինչ այդ, Մոսկվան ԵՏՄ-ին Ադրբեջանի ու Թուրքիայի միանալու վերաբերյալ խոսակցություններին տվել էր անսպասելի պատասխան, նշելով, որ այդ հարցում անհրաժեշտ է Հայաստանի համաձայնությունը:

Դա անկասկած Թուրքիայի ու Ադրբեջանի առջեւ որոշակի պարտավորվածություններից հրաժարվելու փորձերի սկիզբն էր, ինչն ի վերջո արտահայտվեց Ղարաբաղի խնդրում Ռուսաստանի դիրքորոշմամբ:Այսպիսով, փաստացի տեղի ունեցավ Հայաստանի դերի բարձրացումը թե Ղարաբաղի խնդրի մասով, քանի որ միջազգային վերջին կոնսենսուսն ըստ էության հայկական դիրքորոշման ու պայմանների ամրագրումն էր, եւ թե տարածաշրջանի խնդիրների մասով, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությունն այդ ուղղությամբ կախման մեջ դրվեց Հայաստանի դիրքորոշումից, անտեսելով նրանց պահանջները:Պետք է արձանագրել նաեւ մի հանգամանք՝ այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հստակ հայտարարեց Սիրիայի ու Արցախի հարցերում իր դիրքորոշումը, որը փաստացի «հրահանգ» էր Ռուսաստանին:Այս իրադարձությունների ֆոնին էլ ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը, որն անկասկած ամրագրում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ սուբյեկտայնությունը եւ լիովին տեղավորվում է վերը նշված քաղաքականության տրամաբանության մեջ:Զուր չէ, որ մինչեւ վերջին պահը պահպանվում էր ինտրիգն ու մտահոգությունը, թե արդյոք Հայաստանը կստորագրի համաձայնագիրը, կամ արդյոք Ռուսաստանը թույլ կտա, թե ոչ: Ըստ ամենայնի, այդ հարցը պարզվելու էր հենց վերը նշված իրադարձությունների հանգուցալուծումից հետո, ինչն էլ տեղի ունեցավ, եւ ստորագրման նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն տվեց իր համաձայնությունը:Այսպիսով, Հայաստանի շուրջ իրավիճակը կտրուկ փոխվեց, քանի որ միջազգային նոր քաղաքականության խնդիրների համատեքստում Հայաստանի դերը բարձրացվում է: Փոխվում են ավանդական հարաբերություններն ու սխեմաները, առաջանում են նոր շահեր ու խնդիրներ, որոնք երկրների մի մասին մղելու են «լուսանցք», մյուսների համար բացելով հնարավորություններ:

Նոր հնարավորությունները բերում են նաեւ նոր ու լուրջ մարտահրավերներ: Հայաստանի համար այս իրավիճակը բարենպաստ է սեփական խնդիրները լուծելու տեսանկյունից, քանի որ վերջին իրադարձությունները կոտրել են այն սխեմաներն ու ավանդական հարաբերությունները, որոնք ենթադրում էին Հայաստանի սուբյեկտության ոչնչացումը:Նոր իրավիճակում իսկապես ամեն ինչ կախված է հայկական իշխանության, հանրության կամքից ու հատկապես համարժեքությունից: Ահա այստեղ է ամենամեծ մարտահրավերն ու ամենամեծ վտանգը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache