Լրահոս

Իշխանափոխություն իշխանության ներսում

 

timthumb-php

orer.am

Հայաստանում ներկայումս կատարվող քաղաքական գործընթացներն ու վերադասավորումները գլոբալ առումով 2015 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանի և Հանրապետական վերնախավի կողմից հայտնի «բամփոցի», ապա Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու գործընթացի օրգանական շարունակությունն են։ Այն, ինչ կատարվում է այսօր մեր քաղաական դաշտում, ինչ-որ առումով կարելի է կոչել հենց իշխանափոխություն։

Իհարկե, սա չի նշանակում, որ մենք գործ ունենք դասական իմաստով առկա իշխանությունը մեկ ուրիշով փոխելու հետ։ Ավելի շուտ, ներկայումս փոխվում է Հանրապետական կուսակցության կողմից իշխանության իրացման ֆորման։ Այս մասին էին վկայում նաև անցած ՏԻՄ ընտրություններն ու որոշակի ինտրիգային իրավիճակները Վանաձորում և Գյումրիում։ Վերջիններում տեղի ունեցող գործընթացներն ըստ էության իրենցից ներկայացնում էին այն մակետը, որով ընթանալու են առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Սրա համաձայն՝ 2017-ին ամենայն հավանականությամբ մենք ականատես կլինենք այսպես ասած փոխված Հանրապետականի կամ իշխանության, որը թույլ կտա իրենց ցանկալի ընդդիմությանը որոշակի գործողությունների ազատություն, սակայն վերջնական արդյունքում, միևնույնն է, կպահպանի գերիշխող դերը։

Ի դեպ, այս պրակտիկան Հանրապետականը սկսել է կիրառել 2012 թվականից, սակայն ներկայումս հասկանալի է՝ իրավիճակ է փոխվում և այսպես ասած չափավոր ընդդիմադիրներն իշխանության համար դառնալու են ոչ թե իրավիճակային լուծման գործիքներ, այլ մշտական խաղացողներ։ Թե նման պայմաններում ինչ է սպառնում արմատական ընդդիմությանը, բարդ է ասել, քանի որ վերջիններիս հնարավորություններն առավել են նվազում ռեսուրսների բացակայության պայմաններում։

Սակայն սա այլ քննարկման թեմա է, ուստի վերադառնանք մեր խնդրին։ Ինչպես արդեն նշեցինք, ներկայումս Հայաստանում ընթանում է իշխանափոխության գործընթաց, այն տարբերությամբ սակայն, որ վերջինս կատարվում է միայն Հանրապետական կուսակցության ներսում։ Ինչ խոսք, Հանրապետականն այս պահի դրությամբ ամենակազմակերպված միավորումն է, որը թեև կարող ենք համարել նաև քաղաքական կուսակցության, սակայն ավելի շատ հիշեցնում է տարատեսակ շահերի վրա հիմնված կլան կամ կորպորացիա։

Այս կորպորացիայում, բնականաբար, լուրջ ուժ է ներկայացնում բիզնես կամ օլիգարխիկ շրջանակը, որի հետ մրցակցությունը Տիգրան Սարգսյանին ժամանակին դարձրեց մարգինալ վարչապետ։ Հովիկ Աբրահամյանը, որն այս խմբի խորհրդանիշ ներկայացուցիչն էր, մեծ հաշվով ընկավ Սերժ Սարգսյանի հյուսած թակարդը և տեսանք, թե ինչ ճակատագրի արժանացավ։

Ներկայումս Կարեն Կարապետյանի գործունեությունը վկայում է այն մասին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում և ոչ միայն այնտեղ, Հանրապետականը կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանը կխուսափի ներկայանալ տարբեր տեսակի օդիոզ կերպարներով, ինչը իհարկե չի նշանակում, որ Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի իշխանությունը բովանդակային փոփոխություն կկրի անգամ նրա մեծ ցանկության դեպքում, քանի որ հենց Վանաձորում և Գյումրում ակնհայտ դարձավ, որ ՀՀԿ-ն պատրաստ է առավելագույնը կիսել իշխանությունը որևէ այլ ուժի հետ՝ անբեկանելի պայմանով, որ պահպանելու է գերիշխող դիրքը։

Սա, իհարկե, բավական բարդ խաղի կաննոեր է առաջադրում քաղաքական դաշտի բոլոր խաղացողների, այդ թվում՝ նաև հենց Հանրապետականի համար, քանի որ դաշտում թեկուզ և իշխանությանը որոշակի սահմանից հետո լոյալ ուժերի գործունեությունը շարունակական լարման մեջ է պահելու քաղաքական և առավելապես կուլիսային գործընթացները։ Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը հենց կուլիսային, կոմպրոմատային ու ինտրիգային քաղաքականության մեծ վարպետ է, ընդունենք դա, թե ոչ։ Ուստի պետք է փաստել, որ առաջիկայում Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է միայն իշխանության ներսում։ Անշուշտ, կտրականապես հնարավոր չէ բացառել տարատեսակ ֆորս մաժորային իրավիճակները, սակայն գործնականում դրանք քիչ հավանական են։ Նման պայմաններում հայաստանյան արմատական ընդիմությունը կանգնած է բավական լուրջ երկընտրանքի առաջ՝ մերժե՞լ գործող ու առաջարկվող խաղի կանոները և վերածվել չափավոր ընդդիմության, թե՞մտնել տևական ռեսուրսների ու հնարավորությունների բազմապատկման գործընթացների մեջ։

Աղասի Մարգարյան


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara