Իշխանության առաջարկը Նիկոլին

0

lragir.am  Նախագահ Արմեն Սարգսյանը Երեւանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ նախօրեին արել է հայտարարություն եւ կարեւոր համարելով երիտասարդության ձայնը լսելը, կարեւոր համարելով համերաշխությունն ապահովելը, կողմերին հրավիրում է երկխոսության՝ որպես պետության ղեկավար:

Արմեն Սարգսյանի հրավերն ուշագրավ է ապրիլի 17-ին խորհրդարանում Սերժ Սարգսյանի արած հայտարարության ֆոնին, երբ դիմելով ԵԼՔ խմբակցությանը՝ հորդորեց, որ իրենց գործընկերոջը հետ բերեն խորհրդարան աշխատանքի:

Փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հետ է կանչում խորհրդարան, իսկ Արմեն Սարգսյանը կանչում է երկխոսության, այսպես ասած իր միջնորդությամբ: Իհարկե, նախագահ Սարգսյանի հայտարարության մեջ հանգամանալից եւ մանրամասն շարադրված չէ երկխոսության տեղն ու ձեւաչափը: Արմեն Սարգսյանը երկխոսության վայր դիտում է նախագահի նստավա՞յրը: Ձեւաչափի մասով նա հայտարարում է, թե այն կարող է լինել ցանկացած ձեւաչափով:

Ապրիլի 19-ին Սարգսյանի երկխոսության առաջարկն անուղղակի աջակցություն է ստացել Բեյրութից: Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Երեւան կարճատեւ ուղեւորությունից առաջ օդանավակայանում հայտարարել է, որ անթույլատրելի է արյունահեղությունը եւ պետք է երկխոսություն՝ նախագահի հովանավորությամբ եւ ժողովրդի ներկայացուցիչ բոլոր ուժերի մասնակցությամբ: Ուշագրավ է թե ինքնին Արամ Առաջինի կարճատեւ այցը Հայաստան՝ որն իհարկե կարող է առնչվել ոչ անմիջապես հայաստանյան իրողություններին, այլ Մերձավոր Արեւելքին, եւ թե այն, որ հայաստանյան իրադարձությունների մասին հայտարարություն նա տարածել է Հայաստան մեկնելուց առաջ, ոչ թե արել հայտարարություն Հայաստանում:

Այստեղ նա հանդիպելու է նախագահի եւ վարչապետի հետ:

Ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հետ է կանչում խորհրդարան, իսկ Արմեն Սարգսյանն ու Արամ Առաջինը փաստորեն նրան կանչում են երկխոսության, պայմանականորեն նախագահի նստավայր:

Մյուս կողմից, քչերը կհավատան կամ կկարծեն, թե Արմեն Սարգսյանի առաջարկը կարող էր անսպասելի լինել Սերժ Սարգսյանի համար: Ըստ այդմ, չի բացառվում, որ այդ տեսանկյունից խոսքը փոխզիջման մասին է, որին գնացել է Սերժ Սարգսյանը: Նախօրեին Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակված բացառիկ հարցազրույցում բավական կոշտ ակնարկեց, որ իշխանությունը պատրաստ է ընդհուպ ուժի կիրառման:

Դրանից հետո եղավ տեղեկություն, որ գալիս է Արամ Առաջինը, որն այցից առաջ կրկնեց եւ փաստացի աջակցություն հայտնեց երկխոսության Արմեն Սարգսյանի առաջարկին, ասելով, թե արյունահեղությունն անթույլատրելի է: Կիլիկիո Կաթողիկոսը Հայաստանում հանրային շրջանակներում ունի անկասկած շատ ավելի մեծ հեղինակություն, քան Գարեգին Երկրորդը: Ըստ տարածված տեղեկության, նա երկու ժամ անց կմեկնի Հայաստանից ու չի հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Իհարկե այդ հանդիպումը գուցե մի փոքր դժվար է Փաշինյանի մարտավարության պատճառով՝ նա անընդհատ տեղաշարժվում է Երեւանով եւ իրականացնում ակցիաներ ու իրազեկման երթեր: Բայց ինչի՞ համար է Արամ Առաջինի կարճատեւ ժամանումը Հայաստան:

Նիկոլ Փաշինյանն առաջին արձագանքով մերժել է Արմեն Սարգսյանի առաջարկը, թեեւ ոչ ուղղակի մերժումով, այլ ասել, որ մինչ այդ առաջարկը ունի մի պայման՝ Արմեն Սարգսյանը պետք է ներկայացնի Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին տեղեկանքը:

Կներկայացնի՞ Արմեն Սարգսյանն այդ տեղեկանքը, թե՞ կշարունակի պնդել, որ այն կա, սակայն պարտավոր չէ ներկայացնել: Այժմ տեղեկանքից փաստացի կախված է հնարավոր երկխոսությունը կամ բախումը:Մյուս կողմից, երկխոսության հարցը բավական նուրբ է Նիկոլ Փաշինյանի համար: Այստեղ անշուշտ պարզ է, որ բավական մեծ է այն նշաձողի ճնշումը, որ իր քայլը սկսելուց առաջ սահմանել էր Նիկոլ Փաշինյանը եւ դրանից ցածր որեւէ բան կարող է դիտարկվել իբրեւ պարտություն, ինչն էլ անկասկած ճնշում է Նիկոլ Փաշինյանին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache