Լրահոս

Իշխանության բացահայտված հերոսը

 

Նախընտրական արշավի ժամանակ մահացավ Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը, ով իր վարքով հուզել էր հանրային զգալի շերտերի, գրեթե հերոսացվել: Նա երկրորդ կալանավորումից հետո հացադուլ էր հայտարարել ընդդեմ անիրավության, ինչը վերջնականապես քայքայել էր նրա առողջությունը:Հաց բերողի վարքը հանրային տարբեր շերտեր գնահատեցին ինքնազոհաբերում, օրինակն այն բանի, թե մարդն ինչպես կարող է հետեւողական պաշտպանել իր սկզբունքները, առանց աղմուկի ու փիարի:

Նախընտրական շրջանում, ավելի ճիշտ քվեարկության օրը լրացավ ապրիլյան պատերազմի մեկ տարին, երբ հարյուրավոր հայ զինվորներ ցուցաբերեցին սխրանքի ու նվիրումի բազում օրինակներ, իրենց կյանքի գնով կանխելով հայ ժողովրդի գլխին կախված վտանգը, որը խոշոր հաշվով իշխանության գործունեության հետեւանքն էր:Այս ողջ ընթացքում՝ մեկ տարվա մեջ իշխանությունն ու քաղաքական ուժերը պատրաստվում էին «ընտրությանը», եւ թերեւս պատահական չէր, որ այդ միջոցառման վերջնակետը՝ քվեարկությունն ու ձայների հաշվարկը համընկավ ապրիլյան պատերազմի մեկ տարվան:

Բանն այն է, որ այդ պատերազմը պատռել էր քաղաքական համակարգի դիմակը եւ լիովին բացահայտել այն ահռելի վիհը, որ կար համակարգի ու հանրության միջեւ: Այդ վիհն այլեւս հնարավոր չէր լցնել, եւ խնդիրը դրա առաջացրած վտանգները չեզոքացնելն էր, ինչին էլ պետք է ծառայեր քաղաքական համակարգի «կոնսոլիդացիան» ընտրությունների համար:

Դա ցույց տվեց ապրիլի 2-ի քվեարկությունը, երբ հանրության մի մասը քվեարկեց փողով: Ընտրակաշառքի նման մասշտաբ Հայաստանում երբեւէ չէր եղել, եւ այդ հանգամանքը հատուկ նշեցին նաեւ արտաքին գործընկերներն ու դիտորդները:Եվ չնայած քաղաքական ուժերը գանգատվում են «ծախու ընտրողներից», իրականությանը պետք է նայել այլ տեսանկյունից՝ ընտրողներն իրականում գնահատել են նրանց՝ 10 հազար դրամ:

Դա իշխանության, քաղաքական ուժերի արժեքն է, յուրատեսակ «ինդուլգենցիա», որն առաջին հայացքից է միայն մեղքերի թողություն:Ամենակարեւորը՝ ապրիլի 2-ի քվեարկությամբ բացահայտվեց հետեւյալը՝ իշխանական համակարգի հերոսը ձայն բերողն է, այն ուրիշ հերոս չունի եւ չի կարող ունենալ, քանի որ նրանից է կախված իր ունեցվածքն ու դիրքը: Իսկ թե ովքեր են ձայն բերողները՝ կարիք չկա մանրամասնել:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing