Իշխանության գաղտնիքը բացվեց. Իրավիճակը լարվում է

0

lragir.am — Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն ունի եւ քննարկել է վարչապետի մի քանի թեկնածություններ, մինչ Սերժ Սարգսյանի թեկնածության որոշումը, պատասխանել է ՀՀԿ խոսնակ Շարմազանովը, ասելով, որ մինչեւ ՀՀԿ ԳՄ նիստում թեկնածության հարցը, ՀՀԿ-ն վարչապետի հարցի այլ քննարկում չի ունեցել:

Առաջին հայացքից թվում է, որ Շարմազանովը հերքում է Հարությունյանին, ու դա իսկապես այդպես է: Բանն այն է, որ Հարությունյանն էլ նրան էր անհարմար վիճակի մեջ դրել, քանի որ ՀՀԿ խոսնակը մեկն էր այն կուսակցականներից, որոնք հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանը միակն է ու անփոխարինելի:

Բայց, առավել խորքում թերեւս բացահայտվում է ներիշխանական մի գաղտնիք, թեեւ այստեղ այդ բառը ավելի շուտ արժե առնել չակերտների մեջ: Պարզապես, Դավիթ Հարությունյանը բացահայտում է, որ ՀՀԿ իշխող կուսակցությունն առնվազն երկաստիճան մի համակարգ է, որտեղ մեծամասնությունից զատ, կա քննարկումներ իրականացնող որոշակի փակ շրջանակ, եւ գործնականում Դավիթ Հարությունյանն  ու ՀՀԿ խոսնակը միմյանց չեն էլ հակասում: Պարզապես նրանք տարբեր շրջանակներից են, եւ Հարությունյանը փակ շրջանակի մաս է, իսկ ՀՀԿ խոսնակը՝ ոչ:

Երբ վարչապետ Կարեն Կարապետյանն օրինակ խոսում է «նույնը թողնելու կոնֆիգուրացիայի» մասին, ապա այստեղ անշուշտ նկատի ունի ոչ միայն Առաջին դեմքի կարգավիճակը, այլ հենց որոշումների ձեւավորման փակ շրջանակը, որտեղ էլ անկասկած եղել են վարչապետի թեկնածության թեժ քննարկումները: Ընդ որում, Դավիթ Հարությունյանն ասում է նաեւ առանցքային մի բան՝ այդ քննարկումները եղել են 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունից հետո: Այսինքն, դրանք տեւել են մեկ տարի:

Քչերը կհավատան իհարկե, որ Սերժ Սարգսյանի թեկնածության հարցը որոշվել է ոչ թե նրա միանձնյա ցանկությամբ, այլ թեժ քննարկումներում, որոնք տեւել են մեկ տարի: Սակայն, այստեղ թերեւս անհրաժեշտ է նկատի առնել մի կարեւոր հանգամանք, որ թեժ քննարկումներ ասվածը ներառում է ոչ միայն դիմակայության ռեժիմ, այլ պարզապես նպատակահարմարության: Այսինքն, եթե ինչ որ մեկը դեմ է եղել Սարգսյանի վարչապետությանը, ապա գուցե ոչ միայն զուտ նրանից հոգնած լինելու, կամ նրա կառավարումը չհավանելու, այլ պարզապես ընդհանուր նպատակահարմարությունից ելնելով, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը գուցե ավելի ուժեղ կլիներ, եթե Սարգսյանը մնար ՀՀԿ նախագահ:

Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն ներքին, եւ գուցե ոչ այնքան ներքին, որքան արտաքին իրավիճակին եւ դրանում առկա հանգամանքներին, որոնք Հայաստանը անկասկած դնում են քաղաքական լուրջ որոշումների պատասխանատվության առաջ:

Այստեղ հետաքրքիր է մեկ այլ ուշագրավ հայտարարություն, որ Սարգսյանի վարչապետության եւ կոնֆիգուրացիայի մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունից առաջ արել էր նոր նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես Արցախի խնդրի առիթով: Նա ասել էր, թե վարչապետի եւ կառավարության նշանակումից հետո «բոլորը միասին կնստեն» ու կխոսեն, թե ով պետք է բանակցի Արցախի հարցում, ինչ ռազմավարություն պետք է լինի եւ այլն:

Հազիվ թե որեւէ մեկը Արմեն Սարգսյանի լեզվից քաշում էր «բոլորը միասին նստել եւ որոշելու» մասին արտահայտությունը, ու հազիվ թե նա չպատկերացներ, թե ինչ լուրջ խնդրի մասին է խոսքն ու ինչ ազդակ է պարունակում իր հայտարարությունը: Բայց, Արմեն Սարգսյանն էլ փաստորեն խոսում է «կոնֆիգուրացիայի» մասին, ինչպես Կարեն Կարապետյանը, ինչպես Դավիթ Հարությունյանը:

Վարչապետի հարցը թերեւս իշխանության խնդրի մակերեսն է, այսպես ասած փաթեթը, իսկ խորքային առումով խոսքը վերաբերում է իշխանության կոնսորցիումի ձեւավորման մասին: Դա է Հայաստանում իշխանությունը՝ պետական կառավարման ֆորմալ ինստիտուտների քողի ներքո: Այլ կերպ լինել չի կարող, որովհետեւ այդ ինստիտուտները չեն արտահայտում ուժերի իրական հարաբերակցությունը:

Երբ Դավիթ Հարությունյանը խոսում է բազմաթիվ թեկնածուների մասին, նա փաստացի նկատի ունի հենց կոնսորցիումը, ակնարկելով, որ դա ձեւավորված չէ: Չնայած ընտրված է Սերժ Սարգսյանի վարչապետական թեկնածությունը, բայց «կոնֆիգուրացիան խաբուսիկ» է, փաստացի ակնարկում է Հարությունյանը:

Բայց, քանի դեռ կոնսորցիումը ձեւավորված չէ, իսկ տվյալ պարագայում խոսքը հենց դրա մասին է, քանի որ համակարգի ճգնաժամը հաղթահարելու համար ավելի ու ավելի է ակնառու դառնում վիրաբուժական մեթոդաբանության անխուսափելիությունը, չի կարող խոսք լինել իշխանության ձեւավորման մասին՝ եթե անգամ նշանակվում է վարչապետն ու կառավարությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache