Իշխանության հնարամիտ որոշումը. գնաճի վերջը

0

lragir.am — Իշխանությունը որոշել է, որ պետք է գյուղատնտեսության համար պետք է սուբսիդավորվի դիզվառելիքի գնաճը: Դա ներկայացվել է իբրեւ Սերժ Սարգսյանի հանձնարարականի կատարում՝ գնաճի հետեւանքը մեղմելու առնչությամբ: Մինչ այդ, վերջին մի քանի օրերին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հաշվարկելով հավաստիացնում էին, թե դիզվառելիքի թանկացումը չի ազդի գյուղմթերքի գնի վրա, քանի որ ընդհանուր հաշվեկշռում այն մեծ չէ:Եթե դիզվառելիքի թանկացումը չէր ազդելու գյուղմթերքի գնի վրա, ինչու՞ է կայացվում դիզվառելիքի թանկացումը սուբսիդավորելու որոշում: Սերժ Սարգսյանի վարկանիշի աճ ապահովելու համա՞ր, վարչապետի պաշտոնում հնարավոր առաջադրման դեպքում:

Ընդհանրապես, որքանո՞վ է պետական սուբսիդիան էֆեկտիվ, որպես գնաճի հետեւանք մեղմելու միջոց: Ավելին, արդյոք դա գնաճի հետեւանքին դեռ մի բան էլ պետական կառավարման ոչ էֆեկտիվության հետեւանք ավելացնող միջոց չէ:

Մեկ այլ հարց է, թե ովքե՞ր են ստանալու այդ սուբսիդիան: Բանն այն է, որ այն տրվում է գրեթե համատարած, այսինքն սուբսիդավորվում են թե նրանք, որոնց համար իսկապես զգալի է վառելիքի թանկացումը, թե նրանք, որոնք վճարունակ են, խոշոր, ուժեղ եւ նրանց համար դիզվառելիքի թանկացումն իսկապես խնդիր չէ:Օրինակ, հետաքրքիր դեպք տեղի ունեցավ տարիներ առաջ, երբ Տիգրան Սարգսյանի կառավարության ֆինանսների նախարարությունը պարզեց, որ, օրինակ Մխչյան գյուղում սուբսիդիայի մեծ մասը ստացել է Աբրահամյանների ընտանիքը՝ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, որը խոշոր հողատեր է: Աբրահամյանները պատասխանեցին, թե ստացել են ընդամենը իրենց հասանելիքը, պարզապես իրենք խոշոր են եւ ստացել են շատ:

Ընդ որում հետաքրքիր է, որ այդ ժամանակ  դիզվառելիքը սուբսիդավորելու որոշում կայացվեց խորհրդարանի ընտրության շեմին, ինչն ակնհայտորեն նախընտրական քայլ էր: Ավելին, եղավ ուշագրավ սուբսիդավորում՝ այն ուղիղ գնում էր Ֆլեշ ընկերությանը, իսկ գյուղացին պարզապես ցածր գնով էր ընկերությունից ձեռք բերում վառելիքը: Կառավարությունը հայտարարեց, թե Ֆլեշի այդ «մենաշնորհը» ընդամենը այն բանի արդյունքն է, որ ընկերությունն է ներկայացրել մատակարարման ամենացածր գին:Սուբսիդավորման հետ կապված կա մեկ այլ ուշագրավ պատմություն, ավելի հին, դեռեւս 2006-2009 թվականների: Այդ ժամանակ Ռուսաստանը որոշեց թանկացնել Հայաստան մատակարարվող գազը: Իսկ Հայաստանը բավական վճռորոշ ընտրական փուլի շեմին էր, երբ Ռոբերտ Քոչարյանն ավարտում էր նախագահությունը, իշխանությունը կիսվել էր ՀՀԿ-ԲՀԿ-ի:

Ի վերջո գտնվեց լուծում՝ Հայաստանը Ռուսաստանին է վաճառում Հրազդան ՊՇԷԿ 5-րդ բլոկը՝ մոտ 250 միլիոն դոլարով, որի կեսn ուղղվելու է գազի գնի թանկացած մասը սուբսիդավորելուն, թե բնակչության, թե բիզնեսի համար: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը համաձայնում էր 3 տարի չթանկացնել գազը: Այդ լուծման «պատասխանատվությունը» ստանձնեց Սերժ Սարգսյանը, որը 2006-ի մարտին ԵՊՀ խորհրդի նախագահ ընտրվելիս հայտարարեց, թե լուծում է գտել եւ առաջարկելու է Ռուսաստանին:Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, թե սուբսիդավորումը կօգնի հայկական բիզնեսին տարածաշրջանում դառնալ մրցունակ, որովհետեւ կլինի գազի ավելի ցածր գին:

Հետո պարզվեց, որ բիզնեսին տրված սուբսիդիայի մի ահռելի մաս՝ մի քանի միլիոն դոլար, գնացել է երկու ցեմենտի գործարաններին, որոնցից մեկի սեփականատերը Քոչարյանի շրջանակի օլիգարխ համարվող Գագիկ Ծառուկյանն էր, իսկ մյուսինը՝ Հրազդան ցեմենտինը, այն ժամանակ Սերժ Սարգսյանի շրջանակի օլիգարխ համարվող Միկա Բաղդասարովը: Իսկ ցեմենտի գործն այդ ժամանակ վերելքի վրա էր, եւ երկու ձեռնարկություններն էլ ի զորու էին դիմակայել գազի գնի թանկացմանն իրենց ուժով:

Բոլորովին վերջերս էլ կառավարությունը կայացրեց սուբսիդավորման մեկ այլ որոշում՝ ջրի գնի թանկացումը, եւ դարձյալ՝ անխտիր բոլորի համար, մեկ տարի շարունակ: Դա այն դեպքում, երբ Հայաստանում կան դղյակներ, խոշոր առանձնատներ ու մեծ բնակարաններ, մեղմ ասած վճարունակ տերերով, որոնք նաեւ հսկայական քանակի ջուր են սպառում միայն լողավազանների համար: Փաստացի ստացվում է, որ Հայաստանի հարկատուն սուբսիդավորելու է մեծահարուստների լողը:

Սուբսիդիաներում ելք փնտրելը ամենեւին չի խոսում Հայաստանի իշխանության երեւակայության բացակայության, կամ տնտեսական կրեատիվի բացակայության մասին:Պարզապես հանրային շահի հարցում ինչու մնալ երեւակայության կամ կրեատիվի հույսին, եթե կա պետական բյուջեն: Երեւակայությունն ու կրեատիվը աշխատում է միայն անձնական շահի դեպքում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache