good-banner
Լրահոս

Իշխանության վախն ու փոքրիկ «սպռավչկան»

 

Նախընտրական քարոզարշավի ընթացքից ու իշխանության  պահվածքից արդեն  կարելի է եզրահանգել, որ գրեթե բոլոր գլուխներն էլ մի կաթսայում եփելու գործընթաց է գնում, որոշների հետ փոխգործակցության, մյուսների վրա  լիակատար ազդեցության, մեկ ուրիշի հետ էլ ամենօրյա գիշերային հանդիպումների ընթացքում ճշգրտումների արդյունքում ՀՀԿ-ն հանգիստ-խաղաղ, առանց առճակատումների, առանց իրավիճակը սրելու ընթանալու է առաջ, որպեսզի վերջում խաղաղ հանգիստ պայմաններում խփի իրեն ցանկալի տոկոսները: Կուսակցության ԳՄ նիստից հետո խոսնակ Էդուարդ Շարմազանովն  իր ստեղծագործական կարողությունները խնայել է նույնիսկ այն հարցից հետո, որ վերջին սոցհարցումների համաձայն ՀՀԿ-ի վարկանիշը զիջում է ընդդիմադիր որոշ գործընկերների: Հիշենք, որ Գելափի հարցումների համաձայն ՀՀԿ-ն մոտ չորս տոկոսով հետ է մնացել ԲՀԿ-ից: Շարմազանովը բավական սառնասրտորեն է պատասխանել այդ հարցին ասելով, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ լավ, համախմբված աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն լավ շանսեր ունի հաջողության հասնելու համար: «ՀՀԿ-ն ճիշտ աշխատելու դեպքում լավ ստարտային պայմաններ ունի, ավելին, մեր վարչապետի քաղաքական վարկանիշը բավական բարձր է, մնում է ճիշտ քարոզարշավ իրականացնել, իսկ որոշողը մեր ժողովուրդն է»:

Շարմազանովը ընդգծել է նաեւ, որ իրենց վարչապետի թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը ներկայումս Հայաստանում բարձր հեղինակություն ունի, ինչը գրագետ քարոզչության զուգորդմամբ կարող է բարձր ձայներ ապահովել  ՀՀԿ-ի համար: Բնականաբար, հենց այդպես էլ կլինի:  ՀՀԿ-ն կլռի այս ընթացքում, լարվածություն չի առաջացնի որեւէ ուժի հետ, իսկ վերջում ստացած քվեները կհիմնավորի  Կարեն Կարապետյանի վարկանիշով: Ու չնայած Շարմազանովը նույնպիսի զգուշավորությամբ է խոսել մրցակիցների մասին,վստահեցրել, որ որեւէ ուժի չեն առանձնացնելու, այդուհանդերձ, Սեյրան Օհանյանի մասին խոսելիս տված բնորոշումներից պարզ է դարձել, որ  ՀՀԿ-ի թիրախում Սեյրան Օհանյանի ղեկավարած ՕՐՕ դաշինքն է: «Որեւէ մեկին հատուկ չենք թիրախավորում: Մենք գնում ենք մեր ծրագրով, մրցունակ թիմով, կատարած աշխատանքներով, եւ, ամենակարեւորը, իրատեսական խոստումներով»,- ասել է ՀՀԿ խոսնակը, սակայն մեկ ուրիշ հարցին ընդգծված շեշտել Սեյրան Օհանյանի պաշտոնանկության փաստը: Հատկանշական է, որ մինչեւ վերջերս ՀՀԿ-ականները բացահայտ չէին հայտարարում Օհանյանի պաշտոնանկության մասին՝ ասելով, որ նա ազատվել է դիմումի համաձայն: Հիմա, երբ ակտիվ քարոզչության շրջան է, իսկ Սեյրան Օհանյանն էլ մարզային այցերի ժամանակ շեշտադրում է պետական ապարատից հեռանալու հանգամանքը եւ այն, որ իշխանությունից դուրս կգար ավելի շուտ, եթե չլիներ 2015-2016 թվականների լարվածությունը, ՀՀԿ-ում որոշել են մի փոքրիկ <<սպռավոչկա>> անել՝հիշեցնելով, որ Օհանյանը պաշտոնանկ է արվել: Թե ինչ պատճառով է պաշտոնանկ արվել, Շարմազանովը չի զլացել բացատրել, նա ասել է, որ այդ

պաշտոնանկությունը բխել է նոր Սահմանադրությունից, որ Բանակի հրամանատարը պետք քաղաքական անձ նշանակվի, որը կվարի բանակի քաղաքականությունը, իսկ ԶՈՒ շտաբի պետը՝ ռազմական գործիչ: Հիշենք, որ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո ըստ տեղեկությունների Սեյրան Օհանյանը մերժեց բոլոր առաջարկվող պաշտոնները, որոնց թվում՝ ԶՈՒ պետի: <<Ես չեմ զղջում, որ հրաժարվել եմ ինձ առաջարկվող բարձր պաշտոններից. համոզված եմ՝ պետական համակարգում խնդիրներ լուծելու հնարավորությունն արդեն սպառվել էր: Իսկ իմ կյանքի այս որոշումը նույնպես կայացրել եմ ինքնուրույն՝ ապավինելով բարոյական բարձր արժեքներին>> դրանից հետո բացատրեց Սեյրան Օհանյանը: Մի խոսքով՝ հատուկ անդրադարձը եւս ցույց է տալիս, որ իշխանության կոկորդում կանգնած միակ ուժը ՕՐՕ դաշինքն է, ռեալ վտանգներն էլ ակնկալվում է այս ուժի կողմից:

Անի Սահակյան

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing