Լրահոս

Իշխանությունները փակում են ճիշտ խոսողի թթվածինը…Գայանե Գասպարյան

 

hhk

Հայաստանյան իշխանությունները վաղ թե ուշ կանգնելու են համազգային դատարանի առաջ և պատասխան են տալու իրենց գործած հանցանքների համար: Նրանք սրբապղծել, ոտնահարել են բոլոր արժեքներն և Հայաստանը վերածել հետամնաց ֆեոդալական երկրի:

USArmenianews.com հետ զրույցում նման կարծիք է հայտնել կինոռեժիսոր, անկուսակցական Գայանե Գասպարյանը:

«Ամեն ինչ որոշելու է ժողովուրդը, իսկ ժողովրդի ուժը միասնության մեջ է: Այս իշխանությունները հենց այնպես չեն հեռանալու, ինչն իրենք երազում են` հեռանալ առանց աղմուկի ու պատասխանատվության ենթարկվելու: Նրանք կործանել ու արատվորել են արժեքները` ազգային պատկանելություն, հայրենիք, ժողովուրդ, սերունդ, կրոն, Աստված:
Նայեք, թե ում ձեռքում են մեր հավատն ու եկեղեցին` բուտկաներ կառուցողների, օղու ու եսիմինչ բիզնեսներ ունեցողների: Փողն իրենց կերել է. դա մի յուրահատուկ հոգեբանական վիճակ է մարդու մոտ, որն առաջանում է աստիճանաբար, երբ ոչինչ չունես, անգամ հացի հարց չես կարողանում լուծել, և հանկարծ ուրիշի փողը գետի նման հոսում է, արդեն սկսվում է խուճապային վիճակ ու կանգ առնել հնարավոր չէ: Դա դառնում է նորմ, և եթե որևէ մեկը հանկարծ դժգոհում կամ պահանջում է կանգ առնել, դադարեցնել այդ արհավիրքը, դառնում է թշնամի, ոչ պիտանի և խանգարող մարդ:
Այդ մարդկանց ընդունակ են ահաբեկել, ընդհուպ վերացնել աշխարհի երեսից, որովհետև իրենք չգիտեն, որ փողը միջոց է և այն պետք է ծառայի մարդուն, այլ ոչ թե մարդը դառնա փողին գերի», – ասել է մեր զրուցակիցը:
Նա ընդգծել է, որ այս ամենի հետևանքով հնագույն քաղաքակրթություն ունեցող հայ ազգն այսօր պառակտվել, հուսալքվել է, քանի որ գաղափարախոսությունը չի ընդունում այդ դաժան ու ստորացնող իրականությունը, և ուժ էլ չունի…
«Որտե՞ղ է ուժը, իհարկե` միացման մեջ: Բավական է` մեկը դուրս գա, ժողովուրդը հավատա այդ մեկին ու սկսվի միացումը, պատրաստի լրտեսները անմիջապես ասպարեզ են ելնում: Բազմաթիվ անգամ դիմել եմ ժողովրդին` նայեք խոսողի դեմքին, ձայնը լսեք, տեսեք` որտեղի՞ց են գալիս էներգետիկան ու խոսքերը` հոգու՞ց, թե՞ կոկորդից, և ամեն ինչ կհասկանաք», -ասել է Գասպարյանը:
Նրա համար անհասկանալի է` ինչո՞ւ հանկարծ իր վերջին ելույթից հետո արգելվեց բարձրախոս տրամադրել իրեն և եթերներից կտրեց խոսքը:
«Դա ինձ չի հուզում, ինձ զարմացրեց մեկ այլ բան. ինչու՞ այդպես ոգևորված բունտ արեց իմ դեմ ղարաբաղյան հայերի և հայաստանյան հայերի լրտեական այդ խումբը իմ մի նախադասությունից, երբ կոչ արեցի բոլոր ղարաբաղցիներին վերադառնալ Ղարաբաղ, երբ ասացի, որ Ղարաբաղը դատարկվել է: Դա չի նշանակում, որ իրենք հայ չեն, ղարաբաղցի հայ են, ես քյավառցի եմ, բայց հայ եմ, մյուսն էլ գյումրեցի է, արտաշատցի…
Վիրավորվո՞ւմ եք, որ ես նշում եմ ձեր ծննդավայրը, որ կոչ եմ անում սահմանը պահող մեր` Հայաստանի տղաների հետ գնաք ու կառուցեք, հզորացնեք սահմանները: Այդ դեպքում ինչպե՞ս այդ ղարաբաղյան կառավարությունը հատուկ բացեց Սփյուռքի նախարարություն, որ մեր հարկերի հաշվին գոյություն ունի ու կոչ է անում` սփյուռքահայեր, վերադարձեք:
Եթե, ինչպես իրենք են ասում, դա բարոյալքված արտահայտություն է, ուրեմն իրենց նախարարությունն էլ, օրենքներն էլ բարոյալքված են. Հայաստանի մասին կարելի է ասել, իսկ Ղարաբաղի մասին` ո՞չ: Ո՞վ է ասում, որ հարթակը դրա ասելու տեղը չէ: Ես իրավունք ունեմ ասելու այն, ինչ կոծկում են: Այնպիսի տպավորություն է, որ ներքուստ, իրենց ենթագիտակցության մեջ մեղքի զգացում ունեն. միգուցե կարճ ժամանակում ավելի շատ բան կհասկանանք», -ասել է նա:
Գասպարյանը հավելել է, թե մեր ազգը վախենում է ճշմարտությունը լսելուց. հուսալքված ազգը համակերպվել է գոյատևման մինիմալ կարգավիճակին:
«Բոլորս պետք է կծկվենք, ստի ու կեղքծիքի մեջ յոլա գնանք, որովհետև իշխանությունն էլ, զենքն էլ, օրենքն էլ իրենց ձեռքերում է և գործում է միմիայն ի օգուտ ալան-թալանի:
Ուզում եմ հարց տալ` չեք հասկանու՞մ, դուք ձեր ու ձեր սերունդների գերեզմանն եք փորում, ձեզանից որևէ մեկի տղան պատերազմին մասնակցե՞լ է, իհարկե` ոչ: Ապրիլյան քառօրյայի օրերին նրանք կուրորտներում կամ կազինոներում զվարճանում էին: Ժանգոտ փշալա՞րն է կոչվում ոսկե երիտասարդություն` արատավորված, նարկոման, հոմոսեքսուալ, անդաստիարակ, ցինիկ, մարդասպան, խոշտանգող… Ու իրենք երանի են տալիս այն մուրացիկին, որը ոչ վախ ունի, ոչ էլ` ամոթի կամ հանցանքի զգացում: Տուր իշխանություն ու կտեսնես մարդու կերպարը: Խիղճը չի անհայտանում, նրան տրորում, վերացնում են, բայց մահից առաջ ամեն մեկն էլ հանդիպում է դատաստանի:
Ո՞նց են ապրում, երբ ամբողջ մի ազգ իրենց անիծում է»,- ասել է կինոռեժիսորը:
Գասպարյանի խոսքով` սխալներ ունեն բոլորը և ամեն մարդ ինքն է տուժում իր սխալներից, իսկ կան մարդիկ, ում սխալներից ամբողջ մի ազգ է կործանվում:
«5000 դրամով վաճառել սերունդների ապագան ու առանց ամաչելու բարձրաձայնել այդ մասին, թե ընտանիքով 30.000 դրամ ենք «աշխատել»: Բոլոր սրճարաններ միշտ մարդաշատ են, երբ ցույց է լինում, ոչ ոք չի գալիս. հարցնում ես, ասում են` մեկ ա, սուտ ա, ոչինչ չի փոխվի: Ինչի՞ց են խուսափում ու վախենում կամ ինչո՞ւ են վախենում, ինչպե՞ս կարելի է վախեցած ապրել:
Մեր բակերում երեխաներն իրար հետ չեն խաղում, հարևաններն ամեն առավոտ սուրճ չեն խմում, միասին շուկա չեն գնում, ամեն շաբաթ չեն հավաքվում` խորոված անելու… Սրանք վերացրեցին ազգի միասնությունը», -նշել է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է հարթակում Գասպարյանին ելույթներ չտրամադրելուն՝ վերջինս նկատել է, որ իշխանությունները փակում են ճիշտ խոսողի թթվածինը:
«Ղարաբաղցի ասելով՝ ընդամենը բնակավայրն եմ նշել, ինչո՞ւ դա վիրավորանք ընկալվեց: Ես նաև ասել եմ, որ Սասնա ծռերի ազատ լինելը բոլորիս ցանկությունն է, բայց կոչս ոչ թե Սասնա ծռերին ազատելն էր (ես այս կառավարությանը չեմ ընդունում, որ պահանջ ներկայացնեի, ես պահանջել եմ կառավարության հրաժարկանը, նրանք պետք է պատասխան տան իրենց ստեղծած արհավիրքի համար) ու հանակարծ հայտնվում են սադրիչներ, որոնք հարթակից ասում են` մենք ոչ մեկի մահը չենք ուզում, թող թողնեն, սուսուփուս գնան:
Ահա տարբերությունը. այդ ինչքա՞ն եք կաշառվել, որ համաձայն եք` ազգս թալանածներն ուղղակի, հենց այնպես թողնեն ու գնան: Այս մարդիկ էին, որ անջատում էին միկրոֆոնս ու իրենք ազնիվ չէին, նրանք կաշառվածներ էին:
Եթե այս իշխանությունները մարսեն այսքան տարիների հանցագործությունները, ուրեմն հաջորդն էլ նույնն է անելու:
Սրանք պետք է պատասխան տան ամեն ինչի համար ու համայն հայության առաջ: Այս պատժից հետո մյուս կառավարությունն արդեն թույլ չի տա այն, ինչ նախորդն արեց:
Սիրելի ժողովուրդ, թույլ մի տվեք, որ վախը մտնի ձեր մեջ. ավելի լավ է մեռնել պատվով, քան ապրել պատվազրկված:
Պարզ չէ՞, որ մի լավ խոսքի հետևից քառասուն լրտես պետք է ելույթ ունենա: Մի հատ շուռ եկեք, այդ վավաշոտ, փախչող հայացքներով լրտեսների դեմքին նայեք:
Եվ այս մի խումբ չկայացածներն էլ պետք է կանգնեն ու Սասնա ծռերի անունները մատի փաթաթան սարքեն, բերեն ու տղաների անուններից նամակներ ընթերցեն` անսխալ ու գրագետ գրված նամակներ (ամենակիրթ ու գրագետ մարդն էլ կալանավայրում հաստատ մի ստորակետ բաց թողած կլիներ, այդ տպած նամակներն էլ հետո կպարզվեն, թե ում ձեռքի գործ է):
Սասնա ծռերն էլ, ոչ թե դիմում են ազատել իրենց, նրանք գնացել են մահվան բերանն ու ռիսկի են դիմել, այլ խնդրում են, որ մենք շարունակենք պայքարը:
Դե տեսեք` ովքեր եկան, կեղծեցին, խաբեցին, պայքարը շեղեցին ուրիշ ուղղությամբ:
Ես ձեզ կոչ եմ անում, սիրելի ժողովուրդ, մի հավատացեք կաշառված լրտեսներին: Նրանք խոսում էին,իսկ ժողովուրդն արդեն ձանձրացել էր և այդ լրտեսներից մեկը, երբ նկատեց, որ ժողովուրդն արդեն չի լսում, ծափեր կորզելու համար սկսեց վանկարկել` Սասնա ծռեր, ժողովուրդը միանգամից միացավ: Թող այդ լրտեսներն իմանան, որ այդ ծափերը Սասնա ծռերինն են, հերիք է նրանց ծափերը գողանան:
Ցավալի է, որ այսքան փոքր ժողովրդի մեջ այդքան լրտեսներ կան:
Սիրելի ժողովուրդ, մենք միասին հզոր ուժ ենք, իսկ այն մարդիկ, ովքեր զուրկ են ազգային արժանապատվությունից, իրավունք չունեն ազգ ղեկավարելու», -եզրափակել է Գասպարյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am