Իսկ ո՞ւր մնացին Շարմազանովն ու Աշոտյանը

0

hayeli.am — Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում հայաստանյան ներկա իրականության  հետ կապ չունեցող Արմեն Սարգսյանի առաջադրմամբ՝ Սերժ Սարգսյանը կրկին հրապարակ հանեց սեփական թիմի ակտուալության խնդիրը:

Վերջին երկու տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը երկրորդ խոշոր քայլն է կատարում՝ անտեսելով յուրայիններին: Նախ՝ Մոսկվայից Երևան հրավիրվեց Կարեն Կարապետյանը, որին առաջարկվեց ՀՀ վարչապետի և ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնները: Կարեն Կարապետյանը, ինչպես ասում են, դատարկաձեռն չեկավ՝ նա իր հետ բերեց սեփական թիմը, որը ստացավ նախարարական պորտֆելներ՝ էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, ֆինանսների, կապի և տրանսպորտի, առողջապահության նախարարների, ինչպես նաև ՊԵԿ նախագահի պորտֆելները:

Այս մարդիկ, մինչև պաշտոններ ստանալու պահը որևէ առնչություն քաղաքական պրոցեսների հետ չէին ունեցել, զբաղվել էին անձնական գործերով կամ բիզնեսով և միանգամից դարձան քաղաքական կարևոր պաշտոններ զբաղեցնողներ, և դրանով պայմանավորված՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համալրեցին ՀՀԿ-ի շարքերը: Նրանց ճնշող մեծամասնության անունները հասարակությանը բավական անծանոթ էին: Հանուն արդարության պետք է նկատել, որ կարենկարապետյանական թիմի նախարարներից ոմանց այսօր էլ հասարակությունը չի ճանաչում: Այս մարդիկ այսպես էլ պետական գործիչներ, եթե ընդունենք, որ նախարարը նաև քաղաքական և պետական գործիչ է, չդարձան: Ավելին՝ նրանցից որոշները անկեղծություն ունեցան հայտարարելու, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվելու: Թերևս հստակ չէին պատկերացնում, թե ինչ ասել է քաղաքականությամբ զբաղվել, և ինչ է նշանակում նախարարի պորտֆել ստանալ:

Այսպես կոչված, պրոֆեսիոնալ մենեջերները, սակայն, իրենց վստահված ոլորտներում հեղափոխական բարեփոխումներով աչքի չընկան, կտրուկ թռիչքներ և  տեսանելի արդյունքներ նրանցից որևէ մեկը չապահովեց: Համենայն դեպս, այսօր դժվար է ասել, թե նոր նախարարները ինչ կարևոր աշխատանք են կատարել պետության, հասարակության, տվյալ ոլորտի և վերջապես ՀՀԿ ու Սերժ Սարգսյանի համար, որ  նրանց նախորդները չէին կատարել: Ըստ էության՝ ոչ մի:

Եվ հենց այստեղ է, որ անհասկանալի է դառնում Սերժ Սարգսյանի՝ կադրերի ընտրության մեթոդաբանությունը, որտեղ յուրայինները անտեսված են մնում, իսկ անհայտ աղբյուրներից հայտնված մենեջերները ասպարեզ են ստանում: Նույն բանը փաստացի տեղի ունեցավ նաև ԱԺ նախագահի, իսկ հիմա նաև ՀՀ չորրորդ նախագահի պարագայում: Օրինակ՝ Արա Բաբլոյանը՝ իբրև ԱԺ նախագահ, Գալուստ Սահակյանից ինչո՞վ է տարբերվում: Կամ ի՞նչ կապ ունի Արմեն Սարգսյանը Հայաստանի իրականության, պետականության և քաղաքականության հետ:

Եվ վերջապես նույն Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը՝ իբրև Սերժ Սարգսյանի անմնացորդ նվիրյալներ, ինչո՞վ չէին համապատասխանում նախագահի կամ ԱԺ նախագահի ու որևէ նախարարի չափանիշներին: Աշոտյանը շատ լավ տիրապետում է օտար լեզուների, Շարմազանովը քաղաքական հանդուրժողականության ընդգծված աշխատաոճով է աչքի ընկնում և լավ հարաբերություններ ունի բոլոր ուժերի հետ, թերևս այլ անուններ ևս կարելի է թվարկել: Ի վերջո, այս մարդիկ մասնակցություն ունեն ՀՀԿ-ի քաղաքական կենսագրությանը, գոնե տարիներ շարունակ զբաղվել են հրապարակային քաղաքականությամբ և կրել են պատասխանատվություն հարազատ կուսակցության համար՝ հաճախ դրա համար զոհաբերելով անգամ անձնական հեղինակությունը: ՀՀԿ-ն՝ իբրև կուսակցություն, բավականին մեծ մարդկային ռեսուրս ունի, հետևաբար նաև՝ հարուստ կադրային բանկ:

Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե չի ուզում դրանից օգտվել: Եթե նրա կողմից կատարվող կադրային ներմուծումները արժեհամակարգային կամ մասնագիտական, տնտեսական ու քաղաքական արդյունավետության առումով ավելի որակյալ լինեին, դեռ գուցե կարելի էր հասկանալ: Բայց առայժմ ճիշտ հակառակն է: Սերժ Սարգսյանը միայնակ որոշում է ում և որտեղից բերել, իսկ թիմը լռելյայն համակերպվում է: Թերևս Տիգրան Թորոսյանն ու Հովիկ Աբրահամյանը եզակի բացառություն էին, ովքեր համարձակվեցին ինչ-ինչ հարցերում անհամաձայնություն հայտնել և դարձան անկուսակցական առվակներ կամ վտակներ: Ապրիլին՝ նոր կառավարության ձևավորման ժամանակ, Սերժ Սարգսյանը թերևս անպայման պետք է մտածի յուրայինների դիրքն ամրապնդելու և իրավիճակը հավասարակշռելու խնդրի շուրջ:  Հակառակ պարագան ռիսկային է հենց Սերժ Սարգսյանի համար, հաշվի առնելով, որ նոր կադրերն անվստահելի են, մասնավորապես Արեմն Սարգսյանը նաև ինտրիրգային կերպեր է:  Չի բացառվում, որ ներքին խմորումները  կարող են տհաճ իրավիճակ ստեղծել, առավել ևս, որ   ընդդիմության թափուր մնացած տեղը կարող  է գայթակղիչ թվալ՝  ներիշխանական կրքերի ու դժգոհությունների պարպման հավաքատեղի դառնալու համար:

 

   Հայկ  Դավթյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache