good-banner
Լրահոս

Իսկական ընտրությունը քվեարկությունից հետո

 

Երբ համադրում ենք Հայաստանի շուրջ ստեղծված և ծավալվող աշխարհաքաղաքական իրավիճակն ու Հայաստանում թափ հավաքող նախընտրական զարգացումները, ապա ստանում ենք բավականին տխուր մի պատկեր: Հայաստանի շուրջ զարգանում են լուրջ մարտահրավերներ, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի թե՛ անվտանգությանը, թե՛ տնտեսական վիճակին, մինչդեռ Հայաստանի քաղաքական դաշտում ծավալվում են նախընտրական զարգացումներ, որոնցում առայժմ գերիշխում են միայն մանր խարդավանքներն ու ինտրիգները:

Թվում է, թե Հայաստանի քաղաքական ուժերն արդեն իսկ պետք է ձեռնամուխ եղած լինեին երկրի համար հիմնարար խնդիրների բուռն քննարկմանը, բանավեճերին, սակայն քաղաքական դաշտի ներկայիս պահվածքը կարելի է բնորոշել ցանկացած բառակապակցությամբ, բացի հանրային քաղաքականությունից: Կան եզակի բացառություններ, երբ տեղ-տեղ, ժամանակ առ ժամանակ խոսք է գնում լուրջ հարցերի մասին, կատարվում են լուրջ հարցադրումներ թե՛ ներքին բարեփոխումների, թե՛ արտաքին զարգացումների հետ կապված, սակայն այդ ամենն ընդամենը այն բացառություններն են, որոնք հաստատում են ընդհանուր ֆոնը: Իրականում, սակայն, այդ ամենն, իհարկե, քաղաքական դաշտի չարամտության հետևանք չէ: Կամ հետին մտադրությունների դրսևորում չէ: Իրականում, այս ամենը պարզապես Հայաստանի քաղաքական համակարգի սնանկության, սպառվածության դրսևորումն է:

Բանն այն է, որ այս համակարգն արդեն եթե ուզի էլ, ի զորու չէ լուրջ դիսկուրս ծավալել երկրի հիմնախնդիրների վերաբերյալ, որովհետև անլուրջ, ինտրիգային, խարդավանքների և մանր խորամանկությունների քաղաքականությունը դարձել է մշակույթ, դարձել է մտածողություն, պատկերացում, փիլիսոփայություն: Այդ ամենը հաճախ թաքնվում է բարձրագոչ արժեքների անվան տակ, սակայն խորքում, միևնույն է, շարունակում է մնալ սնանկությունը, որն ի վերջո վերածվում է մթնոլորտի: Եվ կասկած չկա, որ այդ մթնոլորտը չի փոխվելու նաև քարոզարշավի ընթացքում, որը կմեկնարկի երկու օր անց և կշարունակվի մոտ մեկ ամիս: Հայաստանի այս քաղաքական դաշտն ավելիին ունակ չէ, ավելին տալ չի կարող: Ներկայիս խորհրդարանական ընտրությունները լինելու են այդ ամենը հաստատող կնիքը, և հասարակությունը դրանից հետո պետք է որոշի՝ կա՛մ մնում է ձեռնունայն, սպառված համակարգի դեմ հանդիպման, կա՛մ ձևավորում է նոր համակարգ, նոր մշակույթ, որը ի զորու կլինի լուծել Հայաստանի առաջ ծառացած լրջագույն խնդիրները: Հայաստանի հասարակության իսկական ընտրությունը, այդ իմաստով, թերևս լինելու է խորհրդարանի ընտրության քվեարկությունից հետո:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing