Ջիգարխանյանի կինը պատմել է մեկ այլ տղամարդու և իր «միլիոնների» ծագման մասին

1

Դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, վիճելի գույքի մասին սենսացիոն հայտարարություն է արել։

 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հարստություն է կուտակել ոչ թե դերասանի, այլ իր հոր շնորհիվ։ Այս մասին լրագրողների պատմել է Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը, գրում է Dni.ru-ն։

Հայտնի ընկերությունում բարձր պաշտոն զբաղեցրած հայրն օգնել է ձեռք բերել այն երեք բնակարանը, որի շուրջ այսօր վիճում են Ջիգարխանյանն ու Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Վիտալինայի խոսքով, հայրն անցել է թոշակի, վաճառել է բաժնետոմսերի մի մասը և խոշոր գումար է փոխանցել դստերը։

Ցիմբալյուկի անունից հանդես եկող Մազուրը նշել է, որ բնակարանները գնել են Վիտալինայի անձնական գումարով, ինչը դժվար չէ ապացուցել։

«Նրա հայրը` Վիկտոր Վլադիմիրովիչը, երբեք աղքատ չի եղել։ Նա օգտակար հանածոների մշակմամբ զբաղվող ուկրաինական ընկերությունում շոշափելի մասնաբաժին է ունեցել։ Այդ ընկերության մաքուր եկամուտն անցած տարի կազմել է 73 միլիոն դոլար»,- ասել է Մազուրը։

Վիտալինան վստահեցրել է, որ բնակարաններից մեկը վարկով են գնել, քանի որ գումարը չի բավականացրել։

Պարբերականի տվյալով, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչը պնդել է, որ Արմեն Ջիգարխանյանը որևէ կապ չունի այդ բնակարանների գնման հետ, այնպես որ դրանց նկատմամբ որևէ հավակնություն չի կարող ունենալ։

Հետաքրքիր է, որ Վիտալինան հայտնել է, թե որքան աշխատավարձ է ստանում հայտնի դերասանը։ Մազուրի խոսքով, ժողովրդական արտիստն ամսական ընդամենը 100 հազար ռուբլի աշխատավարձ է ստանում, որի մեծ մասը ծախսվում է դեղորայքի համար։

«Այնպես որ նա չէր կարող գումար կուտակել բնակարան գնելու համար»,- գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ կնոջ հետ բախումից հետո Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնացել էր 10 օր։ Հիվանդանոցում նա ասել էր, որ չգիտի` հետո ուր պետք է գնա, քանի որ ամբողջ գույքը կնոջ անունով է վերաձևակերպվել։




Загрузка...