Լրահոս

Կա ոչ թե տարածքների հանձնման, այլ սահմանների խնդիր. Դավիթ Բաբայան

 

89027

armtimes.com —  Դեռևս վաղ է խոսել Արցախի խնդրի վերջնական կարգավորման մասին: Մենք դեռ շատ անելիքներ ունենք և այդ աշխատանքները պետք է շարունակվեն: Այս մասին armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվելիք հանդիպմանը, նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: «Ցանկացած հանդիպում մենք ողջունում և արժևորում ենք, քանի որ այդպիսի հանդիպումները նպաստում են բանակցային գործընթացի շարունակականությանը»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ այդպիսի հանդիպումները շատ կարևոր են խաղաղության և կայունության ապահովման համար:

Թեև նա նշեց նաև, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի, սակայն նկատեց, որ Ադրբեջանն այսօր էլ պատրաստ չէ խնդրի համապարփակ լուծմանը: «Արցախի հետ կապված կան այնպիսի խնդիրներ, որոնք Ադրբեջանն ի վիճակի չէ լուծել և պատրաստ չէ իր մոտեցումները վերանայել»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե Արցախը պատրաստ է տարածքների զիջմանը՝ Դ. Բաբայանը ևս մեկ անգամ հիշեցրեց Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը՝ շեշտելով, որ դրանով տրվեց բանակցային գործընթացի վերսկսման մեկնարկը, որն առաջինն էր քառօրյա պատերազմից հետո, ապա ավելացրեց. «Այնտեղ խոսք է գնացել ոչ թե տարածքների հանձնման, այլ հստակ մեխանիզմների ներդրման մասին` զինադադարի ռեժիմի պահպանման և խախտումների վերահսկման սարքերի տեղադրման, ուստի խոսել տարածքների հանձնման մասին, տեղին չէ: Հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացառապես այդ մեխանիզմների ներդրման աշխատանքների շուրջ»,- նկատեց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ տարածքների հանձման մասին խոսակցություններն իրականում թյուրըմբնում են, քանի որ խոսքն այստեղ գնում է ոչ թե տարածքների հանձնման, այլ սահմանների մասին, իսկ դա, ըստ նրա, շատ բարդ խնդիր է: «Այո, տարածքների խնդիր կա և դա հստակ է, քանի որ Ադրբեջանը միայն դրանով է առաջնորդվում, իսկ միջորդները չեն կարող այս հարցը շրջանցել ու օրակարգից հանել, քանի որ կողմերից մեկն անընդհատ դա պնդում է: Բայց դա չի նշանակում, թե այն հայկական կողմերի համար ընդունելի տարբերակ է և այդ տարածքները պետք է հանձնվեն: Այսինքն՝ խոսքը գնում է ոչ թե ինչ-որ տարածքների, այլ սահմանների մասին: Եվ, եթե այսօր մենք խոսում ենք սահմանների մասին, ապա պետք է դա նաև ընդհանուր դիտարկենք:

Դժբախտաբար և ցավոք սրտի պետք է ասեմ, որ Ադրբեջանը կարողացել է պարտադրել ու այդ գործընթացները դիտարկել միակողմանի ձևով, բայց դա չի նշանակում, որ սահմանները պետք է փոխվեն ի վնաս Արցախի: Սահմանների խնդիրն իրականում շատ ընդգրկուն ու լայն հարց է. դրանք Հյուսիսային Արցախից մինչև Մարտունու ու Մարտակերտի հատվածներն են: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը չէ, որ պետք է միայն խոսի տարածքների հանձնման մասին: Ցավոք սրտի, Ադրբեջանն այսօր էլ շարունակում է իր կարծր ու ռեվանշիստական դիրքորոշումն առաջ տանել, և Արցախի խնդիրն ուզում է միայն իբրև տարածքների խնդիր դիտարկել, բայց մենք դա լուրջ չենք համարում»,- ասաց նա:

Դ. Բաբայանն ընդգծեց նաև, որ Արցախի հարցի վերջնական կարգավորումից մենք դեռևս շատ հեռու ենք, սակայն ամեն ինչ պետք է անել, որպեսզի սահմանում նորից լարվածություն չառաջանա:«Սկզբնական շրջանում գոնե ամենաստորին շերտերում գտնվող հարցերը պետք է կարգավորվեն: Այդ մեխանիզմների մշակումն ու կիրառումը ևս պակաս կարևոր  չէ, բայց այստեղ փաստորեն նորից Ադրբեջանը ոչ մի քայլ չի անում: Մենք տեսնում ենք նույնիսկ, որ նա պատրաստ չէ այդ քայլին գնալ: Իսկ սահմանների խնդիրը վերջում է լուծվելու: Հարցի վերջնական լուծմանը մենք պետք է հասնենք աստիճանաբար, իսկ Ադրբեջանը նույնիսկ դրան չի գնում ընդառաջ: Իսկ մեզ մնում է միայն աշխատել, ոչ թե հուսահատվել»,- եզրափակեց նա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...