Լրահոս

Կալանաորվել է Առաքել Մովսիսյանի եղբորորդին

 

sh

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, անդրադառնալով Վրաստանի իրավապահների կողմից միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի հետեւանքով իր հորեղբորորդու` Միհրան Մովսիսյանի կալանավորմանը, ասաց, թե իր հորեղբոր որդին պատահական է հայտնվել այս պատմության մեջ, քանի որ վրացի ընկերոջը հյուր է գնացել: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել է 5 անձ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, երեքը՝Վրաստանի քաղաքացի: Ըստ վրացական մամուլի՝ կալանավորվածները մտադրված են եղել 200 միլիոն դոլարի դիմաց ուրան վաճառել: Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային արտադրության տրանսպորտային կոնտեյներ է գտնվել՝ Ս 238 տեսակի ռադիոակտիվ նյութով: Հետագայում հայտնի դարձավ, որ ձերբակալված ՀՀ քաղաքացիներից մեկը Աժ պատգամավոր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդի, Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ Միհրան Մովսիսյանն է: Շուտով կլրանա 6 ամիսը, ինչ այս միջադեպը բացահայտվել Է, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե Միհրան Մովսիսյանը կոնկրետ ինչում է մեղադրվում, եւ արդյո՞ք նա ուրանի ձեռքբերման հետ առնչություն Է ունեցել: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ` հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում իր հորեղբոր որդու գործը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասաց, որ օրեր առաջ տեղի է ունեցել իր հորեղբոր որդու՝ կալանքից ազատելու դատական նիստը, սակայն այն կրկին հետաձգել են. «Ինքը հաստատ չկա այս գործերում: Հիմա նա վրացի ընկեր ունի, ի՞նչ իմանա, թե նա ինչով է զբաղված: էս մարդը իր վրացի ընկերոջ տունը հյուր է գնացել, եկել են, նրան բռնել են ու մյուսներին էլ են տարել, դրա համար չեն կարողանում դատեն եւ շուտով ազատ կարձակեն: Դատական նիստն էլ հետաձգում են, քանի որ ոչ մի հիմք չունեն, ինչի համար դատեն: Ես այդպես գիտեմ: Իմ իմանալով դա այդպես է եղել»: Ըստ Առաքել Մովսիսյանի` իր եղբայրը Վրաստանի իրավապահներին ասել է, որ իրեն պաշտպան պետք չէ.«Ինքը ասել ա՝ ինձ ոչ մի բան պետք չի, ես իմ իրավունքները կպաշտպանեմ, քանի որ այդ մարդը ոչ մի բան չի արել, ոչ էլ այդ գործողության մեջ կա, դրա համար արխային եմ, որ իրեն ադվակատ էլ պետք չի: Եթե պետք լիներ, հարյուր հատ ադվակատ կտայինք: Նորից եմ կրկնում, եթե հիմա դու գաս իմ տուն, բայց ընկերներով, չգիտեք, թե ես ինչով եմ զբաղվում, ու, օրինակ, մտնում են, ինձ կալանավորում են, դու այդտեղ մեղք ունե՞ս, իհարկե, ոչ»: Մեր այն հարցին, թե որտեղից են նրան այդ տեղեկությունները, թե իր հորեղբոր որդին կապ չունի այս պատմության հետ, եւ դեպքը եղել է այնպես, ինչպես ինքն է նկարագրում, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ես գիտեմ, որ իրեն իր ընկերոջ տանից են վերցրել, որտեղ էլ ինքը այդ օրը հյուր է եղել: Ձեզ ինչու է թվում, որ ես չգիտեմ եւ ձեռքերս ծալած նստել եմ, ինչ հնարավորություն ունեմ, ես իր համար կանեմ, ինքը կազատվի, կարճ, կոնկրետ»: Իսկ թե հնարավորություն ասելով ինչ նկատի ունի պատգամավորը. արդյո՞ք դիմելու է ՀՀ իրավապահներին, որպեսզի նրանք օգնեն իր հորեղբորորդուն, վերջինս ասաց. «Չեմ դիմել եւ չեմ դիմելու խնդրանքով, կա օենք, կա քրեական օրենսգիրք իրենց մոտ՝ այնտեղ, որը որոշ չափով աշխատում է, կպարզվի, որ այդ մարդը կապ չունի, եւ բաց կթողնեն, իսկ եթե մեղք ունի, Աստված իրենց հետ, ես գիտեմ, որ չունի: Կրկնում եմ՝ ինքը տենց խաղերի մեջ չկա»: Առաքել Մովսիսյանի խոսքով` այս 6 ամիսների ընթացքում իրավապահները թույլ չեն տվել, որ Միհրան Մովսիսյանի հարազատները տեսակցեն նրան. «Եթե իմանամ՝ ինձ էլ թույլ կտան, գնամ, տեսնեմ, ապա կգնայի, կտեսնեի, հարազատներին էլ թույլ չեն տալիս: Հեռվից են թույլ տալիս տեսնել, իսկ այնպես թույլ չեն տալիս»: Նշենք, որ Միհրան Մովսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ Հոկտեմբերի 27-ի, ապա իր թիկնապահի՝Սամվել Առաքելյանի սպանության գործերի շրջանակներում, ինչի արդյունքում 14 տարի ազատազրկման դատապարտվեց նրա թիկնապահը՝Արթուր Այվազյանը` Մանախը, ով վերջերս ազատ արձակվեց բանտից: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Միհրան Մովսիսյանի որդին` Ռոբերտ Մովսիսյանը եւս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ նրան մեղադրանք է առաջադրվել դատապարտյալից գումար շորթելու մասով: Այժմ այս գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Քնար Մանուկյան

Armlur.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...