Կամ զագս, կամ դատարան

 

 

97769

 




1in.am — Եվ այսպես, Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ացումը իրականություն է, առայժմ դե ֆակտո, սակայն կասկած չկա, որ ՀՀԿ համագումարը նոյեմբերի 26-ին հավանության է արժանացնելու անդամակցության նրա դիմումը։

Այսպիսով՝ առկա է մի իրավիճակ, երբ հայտնի ֆիլմի ոգով՝ կա՛մ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին կտանի դատարան, կա՛մ ՀՀԿ-ն նրան կտանի զագս։ Երրորդ տարբերակ չկա, համենայնդեպս՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար, ովքեր գիտեն, թե ինչ է ՀՀԿ-ն։

ՀՀԿ-ն այն շրջանակն է, որը միավորել է Հայաստանի հասարակական և պետական շահերի դեմ գործող և այդ շահերի հաշվին, հասարակական և պետական ռեսուրսների հաշվին անձնական հարստություն և բարեկեցություն կառուցած անձանց։

Կարեն Կարապետյանը, որ եկել է փոփոխությունների կարգախոսներով, բարեփոխումների նշանաբաններով, անդամակցում է հենց այդ շրջանակին։ Եթե նա հավատարիմ է փոփոխությունների կարգախոսներին և նշանաբաններին, եթե նա իսկապես անկեղծ է այդ գործում, ապա ՀՀԿ-ն դատարան տանելու այլընտրանք չկա, ՀՀԿ-ն այդ դեպքում չի կարող հայտնվել որևէ այլ տեղում՝ դատարանից բացի, որտեղ պետք է պատասխան տա Հայաստանի դեմ կատարած գործողությունների համար։

Ընդ որում, դա հանրային վրեժխնդրության կամ, այսպես ասած, հատուցման ծարավից բխող պահանջ չէ։ Դա բխում է բարեփոխումների և պետական կառավարման արդյունավետության բարձրացման ռացիոնալ տրամաբանությունից։

Եթե որևէ պետության մեջ չի գործում պատասխանատվության ինստիտուտը, եթե բարեփոխումների քաղաքականության հիմքում ընկած չէ պատասխանատվության ինստիտուտն ու մշակույթը, որը պետք է լինի հանրությանն ուղղված կարևորագույն մեսիջը, աա այդ փոփոխությունները կամ բարեփոխումները դատապարտված են անարդյունավետության՝ անկախ դրանք իրականացնողների կամ հայտարարողների ցանկությունից։

Իսկ հասարակության արձագանքն ու վերաբերմունքը ցանկացած բարեփոխման առանցքային նախադրյալն է, հատկապես այն դեպքում, երբ, այսպես ասած, բարեփոխման հարցում փորձում է հավաստիացնել ու երդվել նոմինալ առումով մի իշխանություն, որն ինքը հանրության համար դարձել է պետական ու հասարակական չարիքի մարմնացում և խորհրդրանիշ։ Եթե ՀՀԿ-ն չի գնում դատարան՝ այնտեղ հանրության հարցերին օրենքի շրջանակում պատասխանելու համար, ապա դա արդեն ինքնաբերաբար նշանակում է, որ փոփոխությունների խորհրդանիշ հայտարարված Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի հետ գնում է «զագս»՝ ուզի դա, թե ոչ։

Ի դեպ, ՀՀԿ-ն այդ առումով հստակ է հայտարարել, որ ՀՀԿ-ին անդամակցելն ուզել-չուզելու հարց չէ։ Հարցն իսկապես «կամ-կամ»-ն է՝ կա՛մ Հայաստանում կլինեն իրական, խորքային բարեփոխումներ, կա՛մ Հայաստանի դեմքին ընդամենը կցողվի դիմափոշու հերթական շերտը, և անօրինականություններից խեղդվող Հայաստանն այժմ էլ կսկսի խեղդվել չափից շատ դիմափոշու տոքսիկ ազդեցությունից։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author