Կամիլը բեմ չպիտի՛ բարձրանա

0

Հայոց հաղթական մայիս. Շուշիի ազատագրում, Մեծ հայրենական, Բաշ Ապարան, Սարդարապատի ճակատամարտ, Հայաստանի առաջին Հանրապետություն: Եվ Կամիլը՞ Եվրատեսիլում:

Մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում` Եվրատեսիլում, Հայաստանը կարող է ներկայացնի Կամիլը, նույն ինքը՝ Արսեն Գրիգորյանը (Խուճուճ Արսենը): Նա կմարմնավորի խեղկատակի՝ նողկալի մի կնոջ կերպար, որը ոչ մի ընդհանրություն չունի արդի մշակույթի ու արվեստի հետ: Գուցե, Արսենը հրաշալի մարդ է, լավ դերասան ու երգիչ, բայց համազգային խայտառակություն է ոչ միայն նրան Եվրատեսիլ ուղարկելը, այլև հավակնորդների կազմում անգամ ընդգրկելը: Հայ տղամարդուն հարիր ու պատվաբեր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել (աստղային մոլուցքը վարակել է համբավատենչ մեր երիտասարդներին): Դուք մեղավոր չեք, մե՛նք ենք մեղավոր, որ ծափերն անխնա շռայլեցինք ձեզ, և պետական պարգևներն անարժաններին <արժանավոր> դարձրեցին…

Վերջին տարիներին Եվրատեսլիում հայ ներկայացուցիչների ձախողումները արդյունքն են այն բանի, որ կազմակերպիչները չեն ընդունում իրենց ուղղված մեղադրանքներն ու քննադատությունները: Մարդն անսխալ լինել չի կարող, սակայն մեծամտություն ու տգիտություն է սխալներն ամեն տարի նույնությամբ կրկնելը:

Կամիլն, ի դեմս իր արմատների, ամուր թիկունք ունի, որի միջամտությամբ էլ նախապատվությունը կտրվի իրեն: Նրա <երգի> հեղինակ՝ մուղամակլկլոցագետ Վահրամ Պետրոսյանը  օրերս <փայլեց> մտքի թռիչքով, հայտնեց, թե Եվրատեսիլին հումորային ժանր է պետք: <Խելոքը> Եվրատեսիլը КВН-ի հետ է շփոթել:

Եվրատեսիլի հեռարձակման իրավունքը, սովորաբար, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն (Հ1) է վերապահվում: Նա պիտի իրականացնի մասնակցի գովազդը, և դա պետք է սկսվի մրցույթից շաբաթներ առաջ: Եվ Կամիլն իր կերպարով <կպայթեցնի> Հ1-ն ու համացանցը: Այսպիսով, երաժշտասեր հանրությունը <պատիվ կունենա> կապույտ էկրանից տեսնելու, վայելելու 21-րդ դարի <տաղանդավոր> հայի՝ Կամիլի կատարումը: Մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, Արցախում մարտնչած մեր հերոսներին փառաբանելու հետ մեկտեղ Հ1-ը պիտի սատարի Կամիլի <եվրատեսիլյան հաղթանակի> հավակնող խեղկատակությանը:

Ինչքան էլ ոմանց համար գայթակղիչ լինեն եվրոպական վարքերն ու բարքերը, թույլ չե՛նք տա խեղել մեր ժողովրդի արժանապատվությունը: Կամի՛լ, սահմանում կանգնած հայ Զինվորը քո ու հայ ժողովրդի պատիվն է պահում, ամաչիր նրանից, ամաչի՛ր, Կոմանդոսից, որ ազատություն տվեց քեզ ու սերնդակիցներիդ…

Սա պաթոսախեղդ խոսք չէ, և ոչ էլ ողբը Կիկոսի մահի, որ ասեք՝ ե՞րբ իրեն ընտրեցին, որ անհանգստանում եք: Փետրվարին կայանալու է Եվրատեսիլում հայ պատվիրակի ընտրությունը, և այդ օրը սարերի ետևում չէ: Անհրաժեշտ է պետական մակարդակով կանխել Կամիլի մասնակցությունը Եվրատեսիլին, այլապես՝ թող իր տաղանդն ի ցույց դնի առանց այդ թեթևաբարո կնոջ կերպարի՝ որպես Արսեն Գրիգորյան:

Սարդարապատի հերոսամարտի ու Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակների տոնակատարություններին ընդառաջ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս Ֆրանսիայում եվրոպացի իր գործընկերներին, օտարազգիներին ու աշխարհասփյուռ հայերին պաշտոնապես հրավիրեց մասնակցելու այդ տոնակատարություններին, որոնք  նշվելու են մեծ շուքով:

Ի՞նչ պետականության, ի՞նչ հայրենասիրության  ու ազգային արժեքներից  պիտի խոսենք, եթե թույլ տանք Կամիլը մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Եվրատեսիլի բեմից խայտառակի հայ ժողովրդին: Երկու տարի առաջ Եվրատեսիլին հայկական արմատներով, բայց հայերեն չխոսող երիտասարդները Հայոց ցեղասպանությունը դատապարտող երգով հանդես եկան, անկախ մեր թշնամիների ճնշումներից:

Կամի՛լ, դու ի՞նչ ես անելու: Քո <հաղթանակը> մեզ պետք չէ՛ Կամիլ: Կերպարդ ստվեր է գցում հայ ժողովրդի ինքնասիրության ու արժանապատվության վրա:

Ձայնե՛ք, հարգարժան մտավորականներ, արվեստագետներ, պետական այրեր, պարգևներ ու մրցանակներ ակնկալելով ու ստանալով չպիտի միայն գոհանաք Հայրենիքից, պահն է բարոյապես պաշտպանելու հայի պատիվը: Կամիլը բեմ չպիտի՛ բարձրանա:

Ջեմմա Բաղդադյան




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache