Կան բավարար փաստեր պատասխանատվության ենթարկելու Ռ. Քոչարյանին և մյուսներին

2

Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարություն ընդունելու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց, թե 10 տարի է անցել, բայց «Մարտի 1»-ի իրավական գնահատականը մինչև այժմ տրված չէ, ինչն անպատժելիության համակարգի մասին է խոսում։ 

Սաքունցը նկատեց, որ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը այսօր էլ լսումներում ներկայացրեց այն նույն տվյալները, որոնք հայտնի էին մինչ այժմ, հետևաբար այդ գործով նախաքննությունը դոփում է նույն տեղում։
«Մարտի 1-ի գործողությունների հիմնական պատասխանատուն հանդիսանում է այդ ժամանակների իշխանությունը։ Ո՞ւմ հայտնի չէ, որ Փաստահավաք խմբի կողմից հայտնաբերված զինված ուժերի գաղտնի ներգրավման մասին հրամանը, ո՞ւմ հայտնի չէ Երևանում առանց արտակարգ դրության մասին հայտնի արտակարգ դրության մասին հրամանը։ Զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, և այդ ձևակերպումը սիրում է կրկնել դատախազությունը։ Տեղի է ունեցել պետական ահաբեկչություն՝ իշխանության մարմինների կողմից՝ պետական ռեսուրսների օգտագործմամբ, համատարած զանգվածային բռնությունների կիրառում քաղաքական ընդդիմության և ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որի համար կան բավարար փաստեր՝ պատասխանատվության ենթարկելու Ռոբերտ Քոչարյանին, այդ ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Հայկ Հարությունյանին։ Նրանք մարդիկ են, ովքեր անմիջականորեն հրամայել են ու նրանց հրամանով է ամեն ինչ կատարվել», — հայտարարեց Սաքունցը։
«Քանի դեռ իրավական գնահատական այդ իրադարձությունները չեն ստացել, ապա երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կրկնվի», — հայտարարեց Սաքունցը՝ ընդգծելով, որ Ազգային ժողովը պետք է ընդունի հայտարարություն ու գնահատական տա այդ իրադարձություններին։

«Տեղի է ունեցել զանգվածային ոճրագործություն քաղաքական ընդդիմության նկատմամբ»,-ասաց նա և հիշեցրեց, թե այս իրադարձությունների վերաբերյալ չկա մի միջազգային կազմակերպություն, որի անդամն է Հայաստանը, որում այս մասին զեկույցներ ու փաստաթղթեր ներկայացված չլինեն:

«Դատախազությունն առանձնացնում է առանձին սպանվածների գործերը, ուսումնասիրություններ ներկայացնում, կարծես թե դրանով ամեն ինչ ավարտվելու է: Չի ավարտվում, սխալվում եք: Չկա քաղաքական կամք, ցանկություն իշխանության կողմից՝ քաղաքական ընդդիմության նկատմամբ կատարված հետապնդումներին, ահաբեկչությանն իրավական գնահատական տալու: Սա կոչվում է պետական ահաբեկչություն»,- ասաց Սաքունցը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache