Լրահոս

Կանխվեց ևս մեկ աղետ…

 

4846092

 lurer.com— Մինչ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը քննարկում է՝ ինչ սպասել նոր վարչապետից և կամ ինչպիսի գործելաոճ է որդեգրելու Կարեն Կարապետյանն իր նոր պաշտոնում, պարզվում է՝ վերջինս արդեն իսկ հասցրել է մի քանի կարևոր որոշում ընդունել, որոնցից երկուսը վերաբերում են նախկին վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի կողմից կայացրած որոշումներին. նախատեսվում էր ներկայումս առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանին գործուղել Դանիայի Թագավորություն, իսկ Հայկ Հարությունյանին էլ՝ Ղազախստան: Այսպիսով՝ Կարապետյանը չեղարկել է այս երկու որոշումները՝ միանգամից:

Այն, որ Կարեն Կարապետյանի մուտքով Հայաստան ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ նոր վարչապետն իր հետ բերելու է կառավարման միանգամայն նոր տրամաբանություն ու փիլիսոփայություն, հայտնի իրողություն է: Ու հիմա պրակտիկան հաստատում է, որ բոլոր նմանատիպ սպասումները կարծես թե արդարանում են, ու մենք ականատես ենք դառնում միանգամայն նոր մտածելակերպի դրսևորման, որին, անկեղծ լինենք, վաղուց էինք սպասում: Մասնավորապես՝ բավական հետաքրքրական է Արմեն Մուրադյանին վերաբերող որոշումը, ինչը միանշանակորեն ողջունելի կարելի է համարել. աչքներիս առաջ կանխվեց ևս մեկ անիմաստ նշանակում, նշանակում, որի բուն նպատակը դառնալու էր բացառապես Մուրադյան Արմենին անգործ չթողնելը՝ երևույթ, որի ձեռքը կրակն էինք ընկել ազգովի:

Ի դեպ, դեռևս միառժամանակ առաջ լուրեր էին շրջանառվում, թե Մուրադյանը հեռվից առնելով սեփական անկման հոտը, իրար էր խառնվել ու փորձում էր ինչ-որ կերպ պարտակվել. փաստորեն, շնորհիվ ունեցած կապերի, մտադիր էր դեսպան դառնալ: Իսկ թե որքանով կարող էր մասնագիտությամբ ուրոլոգ մեկը համապատասխանել դիվանագետի պաշտոնին, թողնում ենք ոմանց խղճին, քանի որ հենց նմանատիպ քաղաքականության արդյունքում է նաև, որ մեզ այդպես էլ չի հաջողվում խելքը գլխին դիվանագիտական կորպուս ստեղծել՝ միջազգային ասպարեզում վերածվելով ընդամենը դամ պահողի:

Այնպես որ, Կարեն Կարապետյանը, շնորհիվ իր որոշման, կարելի է ասել, կանխեց հայկական իրականությունում երկրորդ Յուրի Վարդանյանի ի հայ գալն ու Հայաստանն ազատեց հերթական բեռից՝ ի դեմս «դեսպան» Մուրադյանի:

Այսպիսով՝ այլևս կարող ենք ամրագրել՝ Հայաստանում փորձ է արվում փոխել մտածելակերպ ու կառավարման արժեհամակարգ, ինչը նշանակում է, որ երկրում ասենք նույն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կարելի կլինի ակնկալել ավելին, քան ասենք սրա-նրա «պադավատների» կրճատումն է ու «կատաֆալկաների» թեման ավելորդ անգամ արծարծելը… Սպասե՛նք հետագա զարգացումներին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing