good-banner
Լրահոս

Կապանում լիսկաթափման պրոցես է

 

liskayatap

Կապանի բժշկական կենտրոնը երեկ իր վրա էր բեւեռել բոլորի ուշադրությունը։ Դեռ օրեր առաջ մենք գրել էինք, որ հիվանդանոցի տնօրենը վտանգի տակ է՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից մարզն ազատագրելու շրջանակներում նրան եւս նոր մարզպետը պատրաստվում է ազատել աշխատանքից։ Դեպքերը չուշացան՝ նախօրեին լուր ստացանք, որ մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքից ազատել է հիվանդանոցի տնօրեն Սմբատ Օրբելյանին: Պաշտոնական բացատրությունը բժշկական կենտրոնում ստեղծված խայտառակ իրավիճակն է՝ վերջին 20 օրում Կապանի հիվանդանոցում 5 մահվան դեպք է գրանցվել, որից 4-ը երեխաներ էին, նախօրեին բժիշկը փորձել է բռնաբարել վերակենդանացման բաժանմունքում պառկած 18-ամյա աղջկան: Այս դեպքով ոստիկանությունն ահազանգ է ստացել, քննություն է կատարվում:

Իրավապահներն զբաղվում են նաեւ մահացության դեպքերով: Պարզվել է նաեւ, որ հիվանդանոցում չարաշահումներ են կատարվել, դեղերի պակասորդ կա՝ մարզպետարանի հանձնաժողովն ստուգումների ժամանակ խայտառակ փաստեր է բացահայտել։

Եվ քանի որ հիվանդանոցը 20 տարի ղեկավարող Օրբելյանը՝ արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի հայրը, հրաժարվել է դիմում գրել, մարզպետը լուծել է վերջինիս հետ պայմանագիրը եւ ազատել աշխատանքից: Երեկ առավոտյան հիվանդանոցի աշխատակիցները գնացել են մարզպետարան, նրանց ընդունել է Վահե Հակոբյանը եւ ներկայացրել հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Օրվա ընթացքում արդեն տնօրենի պաշտոնակատար նշանակվեց, մարզպետն անձնակազմին է ներկայացրել Ռոմիկ Սարգսյանին, որը մինչ այդ «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, Կապանի ՀՀԿ տարածքային կառույցի նախագահն է։ Սակայն ԲԿ աշխատակազմը որոշել է պայքարել իր եւ տնօրենի իրավունքների համար։ Սմբատ Օրբելյանի շահերը պաշտպանելու գործն ստանձնել է նաեւ որդին` Արամ Օրբելյանը: Հենց նրա էլեկտրոնային հասցեից էլ լրատվամիջոցներին ուղարկվեց բաց նամակ` ուղղված Սերժ Սարգսյանին` Կապանի բժշկական կենտրոնի կողմից: Ի դեպ, Արամ Օրբելյանն արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հետ քավորսանիկական կապեր ունի։ Բաց նամակում նշված է, որ մարզպետը փորձում է իր անձնական ամբիցիաներն իրականացնել՝ օգտվելով իր պաշտոնից, հետապնդումներ է իրականացնում տարբեր անձանց, ներառյալ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրինության եւ աշխատակիցների նկատմամբ: Սմբատ Օրբելյանի հեռացումն ընկալվում է որպես Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից ազատում: Ինքը` Օրբելյանը, սակայն, նշել էր, որ նախկին մարզպետի մարդը չի եղել:
«Նախորդ մարզպետի հետ թշնամիներ չենք եղել, նա անձնական բոլոր հարաբերություններից վեր՝ դասում էր պրոֆեսիոնալիզմը: Այնպես չէր, որ ես իր ընկերն էի՝ ինձ պահում էր: Նրա հետ աշխատանքի պրոցեսում եւս շատ խնդիրներ են եղել, բայց այդ խնդիրները հանդիպումների ժամանակ քննարկվել են, որոշվել է ճիշտը, ու շարունակել ենք ապրել: Ներկա մարզպետն ինձ այս հարցով ոչ մի անգամ չի հրավիրել: Ընդամենը տարբեր տեղերից զրույցներ, ասեկոսեներ են եղել՝ ինձ հանում են-չեն հանում, մինչեւ առողջապահության վարչության պետն ինձ հայտնեց, որ ես պարտավոր եմ ազատման դիմում ներկայացնել… Ես չեմ կարողանում հասկանալ այս իրավիճակը: Ընդամենը պետք է փորձենք իրավական հիմքերը հասկանալ, վերջիվերջո, իրավական պետություն է: Իրավաբաններն ուսումնասիրում են խնդիրը: Եթե գտնեն իրավունքների ոտնահարում, ես կվստահեմ իրենց»,-հայտարարել է Օրբելյանը:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...