Կապիտալի նոր արտահոսք ՀՀԿ-ից. գլխավոր խնդիրը

277

1in.am — ՀՀԿ-ն լքելու մասին է հայտարարել հերթական խոշոր գործարարը, որը նաև պատգամավոր է՝ «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը: Նա իր հայտարարության մեջ ինչ-որ բացատրություններ է մեջբերել Ամուլսարի հարցում բողոքող քաղաքացիների հետ աշխատանքի մասով, որպեսզի նրանք չխոչընդոտեն «Լիդիան» ընկերությանը և խնդիրներ չստեղծեն նոր կառավարության համար, ասելով, թե այդ հարցում ՀՀԿ անդամ չլինելը կօգնի լինել ավելի ընկալելի այդ քաղաքացիների համար:

Սակայն կասկածից վեր է, որ Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ն լքում է ըստ էության նոր շարժառիթով կամ դրդապատճառով, ինչ կար կուսակցությունը մինչ այժմ լքող գործարարների մոտ: ՀՀԿ-ն իշխանություն չէ և խոշոր գործարարները չունեն այնտեղ լինելու պատճառ: Եվ հակառակը, այնտեղ չլինելը նրանց համար կարող է լինել օգտակար: Իհարկե ասել է, որ ՀՀԿ-ում մնացողների շարքում չկան գործարարներ կամ սեփականատերեր, կլինի սխալ:

Բառացիորեն օրերս կառավարությունը հարկային արտոնություն սահմանեց, կամ սահմանված արտոնությունից օգտվելու իրավունք տվեց մի ընկերության, որն ըստ մամուլի հրապարակումների և խոսակցությունների, պատկանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Իհարկե նա հերքում է իր կապը այդ ՎԱԲԱ անունը կրող ընկերության հետ, սակայն, մենք ինչպես ասում են՝ ապրում ենք փոքր Հայաստանում:

Այս առումով իհարկե առաջանում է ուշագրավ հարց՝ ինչո՞ւ են որոշ գործարարներ կամ սեփականատերեր լքում ՀՀԿ-ն, իսկ որոշները՝ ոչ: Ընդ որում, ինչպես տեսնում ենք, կառավարությունը կարծես թե հավասարապես է վերաբերում նրանք, որովհետև մի քանի շաբաթ առաջ էլ հարկային նույնանման արտոնությունից օգտվեց ՀՀԿ-ն լքած Սամվել Ալեքսանյանը:

Ըստ այդմ, թերևս եզրակացությունն այն է, որ խնդիրը ոչ թե նոր կառավարության հետ հարցեր չունենալն ու խտրական վերաբերմունքի չենթարկվելն է, այլ ներհանրապետական կամ ներքին իշխանական՝ նախկին իշխանական հարաբերությունները: Ընդ որում դա, այսպես ասած՝ գործընթաց է, սկսվել է դեռևս իշխանության ժամանակ, շարունակվում է իշխանությունը թողնելուց հետո, և ընթանալու է նաև հետագայում՝ անկախ, թե ինչ արդյունք կլինի արտահերթ ընտրությանը:

Ներիշխանական «ռազբորկաները», շահերի բախումն ու պայքարը բուռն ծավալումներ ունեին դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, պարզապես դրանք չէին հանգեցնում կուսակցության տրոհման, որովհետև խորքային հաշվով չկար դրա իմաստը՝ կուսակցությունը թե՛ պետություն էր, թե՛ կառավարման համակարգ: Այսինքն՝ ինչպես դուրս գալ ՀՀԿ-ից, եթե ամենուր ՀՀԿ-ն է, այսինքն՝ հնարավոր չէ իջնել հատակից: ՀՀԿ-ից դուրս գալը չէր լուծելու որևէ հարց:

Այժմ իրավիճակը այլ է, և նոր իրավիճակում ներհհկական, ներնախկինիշխանական հարաբերությունների պարզաբանման գործընթացը արտահայտվում է արդեն այդ կերպ, և ՀՀԿ-ից հեռանում են նրանք, ովքեր չեն կարողանում ՀՀԿ շրջանակում լուծել իրենց հարցերը: Եվ այս տեսանկյունից հատկանշական է, որ Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ից հեռանալու մասին հայտարարում է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ նաև, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը թողնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործնականում մեկ-երկու օրվա ընթացքում ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ն լքում է կապիտալի հերթական խոշոր խմբաքանակը: Այս ամենում, սակայն, առանցքայինը, հանրային շահի տեսանկյունից, իհարկե ՀՀԿ ներքին «ռազբորկաները» չեն, այլ հարցը, թե ի՞նչ է անելու ՀՀԿ-ից դուրս եկող կապիտալը: Այն անշուշտ միատարր չէ, սակայն խորքային առումով առկա է այդ հարցը՝ կապիտալը, որը սերտաճած էր քաղաքականության հետ կամ իշխանության հետ, և որը նաև հսկայական ներկայացվածություն ունի տնտեսության մեջ, կազմում է ըստ էության այդ տնտեսությունը, ինչ է անելու նոր իրավիճակում:

Իհարկե այստեղ առկա է համակարգային օրենսդրական փոփոխությունների խնդիրը, որպեսզի ինստիտուցիոնալ մեխանիզմներով բացառվի բիզնեսի և քաղաքականության, բիզնեսի և իշխանության սերտաճումը, սակայն, մեծ հաշվով, պետք է լինել իրատես ու հասկանալ, որ ընդհանրապես բացառել փողի ազդեցությունը քաղաքական գործընթացներում, պրակտիկորեն հնարավոր չէ:

Հնարավոր է կանոնակարգել, սահմանել և այլն, սակայն ազդեցությունը բացառել հնարավոր չէ: Ըստ այդմ, մի կողմից դիտարկելով նոր կանոնների և ինստիտուցիոնալ մեխանիզմների հարցը սերտաճումը բացառելու համար, մյուս կողմից՝ այդուհանդերձ մնում է կապիտալի ազդեցության խնդիրը և ըստ այդմ կապիտալիստների կատարելիք ընտրության խնդիրը, որ ուղղությամբ ազդել, թեկուզ նոր խաղի կանոններով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache