Կարապետյանը չի բացառում անգամ նահանջի տարբերակը, իսկ Սերժ Սարգսյանը հեռացավ ընդմիշտ

1

mitk.am — Երեկ երեկոյան տեղի է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: 

Այս հանդիպումն ինչ-որ իմաստով կարելի է համարել Սերժ Սարգսյանի, այսպես ասած, հրաժեշտի երեկո ՀՀԿ-ին, որովհետև տեղի ունեցածն, ըստ էության, կուսակցական իշխանության փոխանցում է Սերժ Սարգսյանից Կարեն Կարապետյանին: Ենթադրել, կանխատեսելի էր, որ երկրում իշխանության ղեկը հանձնած Սերժ Սարգսյանը հեռանալու է նաև ՀՀԿ առաջնորդի կարգավիճակից, որովհետև կուսակցությունըմի կողմից, սերտաճած է պետական իշխանությանը, մյուս կողմից դժվար է պատկերացնել ընդդիմադիր ՀՀԿ` Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ:

Բացի այդ` դասական քաղաքականության կանոնները հուշում են հրաժեշտ կուսակցական առաջնորդությանը, եթե ձախողվել է քաղաքականությունը: Սերժ Սարգսյանի կարճատև վարչապետությունը հենց քաղաքական ֆիասկոյի, ձախողման դրսևորում էր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀԿ ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը: Սերժ Սարգսյանը երեկ գնացել էր ՀՀԿկուսակցական իշխանությունը Կարեն Կարապետյանին, ըստ էության, փոխանցելու նպատակով պատահական չէ, որ Սարգսյանը մասնակցել է խորհրդակցության առաջին մասին և կեսից հեռացել խորհրդանշելով ՀՀԿ-ում իր առաջնորդության ավարտը:

Ինչպիսի՞ն կլինի նոր ՀՀԿ-ն կամ Կարեն Կարապետյանի սռաջնորդությունը ՀՀԿ-ում: Կկարողանա՞ Կարապետյանը պահպանել կուսակցության միասնականությունը կամ կենսունակություն հաղորդել օլիգոպոլ համակարգին, թե՞ նրա անունը ռացիոնալ հարթության վրա ասոցացվելու է նոր համակարգի կամ օբյեկտիվորեն` գործող համակարգի փլուզման հետ:

Կարեն Կարապետյանը դառնում է ՀՀԿ առաջնորդ, որովհետև հավակնում է պետության նոր ղեկավարի կարգավիճակի՞ն, թե՞ նա պատրաստ է ղեկավարել նաև ընդդիմադիր ՀՀԿ-ն:

Այս հարցերը տակավին չունեն սպառիչ պատասխաններ: Համենայն դեպս, ՀՀԿ խորհուրդը երեկ չի շտապել Կարեն Կարապետյանին առաջադրել վարչապետի թեկնածու` չնայած այն հանգամանքին, որ առաջադրումների պաշտոնական ավարտին մնում է մի քանի օր և երեկվանից Նիկոլ Փաշինյանն, օրինակ, վարչապետի պաշտոնական թեկնածու է «Ելք» խմբակցության կողմից:

Երեկ խորհրդի նիստում ընդամենը պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Սա ինքնին նշանակում է, որ Կարապետյանը չի բացառում անգամ նահանջի, չառաջադրվելու տարբերակը և չի ցանկանում իրեն կաշկանդել կուսակցական որոշումներով: Մյուս կողմիցկուսակցությունը չի շտապում իր վրա վերցնել Կարեն Կարապետյանի «բեռը» թերևս, գիտսկցելով, որ վերջինս որևէ կերպ չի ասոցացվում հաղթանակի, ուժեղ իշխանության հետ:

Վերջին գրեթե երկու տասնամյակում առաջին անգամ ՀՀԿ խորհրդի նիստը ներքաղաքական օրակարգ թելադրողը և նույնիսկ սահմանող չէ ու տեղի է ունենում մի միջավայրում, որտեղ տոն տվողը, եղանակ ստեղծողը հեղափոխական փողոցն է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache