Без рубрики

Կարապետյաններն անցնում են բաց գրոհի

 

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը փետրվարի 28-ին հայտարարել է, որ աջակցում է վարչապետ Կարեն Կարապետյանին եւ լինելու է նրան օգնողներից մեկը, քանի որ լավ է ճանաչում նրան եւ գիտե, որ նա ձգտելու է վիճակ փոխել:
Միաժամանակ, Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետին խանգարողներ կլինեն: Թե ովքեր են խանգարողները, կամ ովքեր կլինեն, Կարեն Կարապետյանը չի նշել:
Պատգամավոր Կարեն Կարապետյանի օգնությունը վարչապետ Կարապետյանին էական նշանակություն ունի, քանի որ նա Տաշիր ընկերության սեփականատեր, Սամվել Կարապետյանի եղբայրն է:
Առանձնապես խորագետ լինել պետք չէ պատկերացնելու համար, որ վարչապետին խանգարելու են բոլոր նրանք, կամ նրա անարդյունավետության հարցում շահագրգռված են բոլոր նրանք, ովքեր հարստանում են Հայաստանում տնտեսական ներկայիս վիճակի, ներկայիս ներիշխանական եւ ներհամակարգային ստատուս-քվոյի, խաղի ներկայիս կանոնների՝ մենաշնորհների եւ օլիգոպոլիաների շնորհիվ, եւ ովքեր այդ հարստությամբ պահում են իշխանությունը:
Տվյալ պարագայում խնդիրը ինքնաբերաբար սեւի եւ սպիտակի հակադրություն չէ: Այսինքն, նրանք սեւը չեն, իսկ վարչապետ Կարապետյանը՝ սպիտակը: Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ Կարեն Կարապետյանը հաջողության համար ունի մի ճանապարհ ու տարբերակ՝ փոխել վիճակը, խաղի կանոնները, տնտեսական հարաբերությունների բնույթը, համակարգային ստատուս-քվոն, կամ այլ կերպ ասած՝ փոխել իշխանությունը:
Հակառակ դեպքում Կարեն Կարապետյանն է լինելու ներկայում գործող համակարգի քավության հերթական նոխազը, մատուցվող հերթական զոհը, որի շնորհիվ համակարգը ստանալու է իր կենսունակության հերթական սնուցումը: Այլընտրանք չի մնացել:
Այլընտրանքի հարցում առանցքային նշանակություն է ունենալու այն, թե ինչքանով է Կարեն Կարապետյանին հաջողվելու գտնել ներկայիս տնտեսա-քաղաքական համակարգի ֆինանսական հակակշիռը, դրա միջոցով փոխելով կապիտալի հարաբերակցությունը:
Առանց դրա Կարապետյանն անկարող է լինելու հաջողել ներկայիս համակարգային ստատուս-քվոյի դեմ պայքարում: Ահա այդ հարցում է, որ էական նշանակություն է ստանում միլիարդատեր Սամվել Կարապետյանի աջակցությունը, ով մեծ կշիռ ունի թե Ռուսաստանի հայ գործարարների շրջանում, թե նաեւ Հայաստանում:
Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակումից հետո Սամվել Կարապետյանը հղել է հակասական ազդակներ: Մասնավորապես, նշանակումից շատ քիչ ժամանակ անց նա հանդես եկավ հայտարարությամբ՝ որ կեղծ է տեղեկությունը, թե Տաշիր գրուպը պատրաստվում է հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումներ անել Հայաստանում: Կարապետյանը հայտարարեց նաեւ, որ այդ տեղեկություններն ունեն «արհեստական սպասում» առաջացնելու նպատակ:
Պարզ չէր, թե ո՞վ է կասկածվում «արհեստական սպասում» առաջացնելու համար՝ վարչապե՞տը, թե Սերժ Սարգսյանը, որը գուցե վարչապետի պաշտոնում նշանակելով Սամվել Կարապետյանին մտերիմ եւ վստահելի մարդու, ակնկալում էր նրա խոշոր ներդրումները եւ դրա միջոցով տնտեսական վիճակի փոփոխություն, գերլարծավության մեղմացում:
Սամվել Կարապետյանն այսպես թե այնպես հրաժարվեց «կուլ տալ խայծը», ով էլ որ մատուցում էր այն: Միաժամանակ, ուշագրավ էր հայտարարությունն արդեն հունվարին՝ վարչապետի Մոսկվա կատարած այցից հետո: Այդ այցից հետո Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստ է ավելացնել ներդրումները Հայաստանում: Միեւնույն ժամանակ, նա եւ մոտ երեք տասնյակ ռուսաստանցի հայ գործարարներ հանդես եկան վարչապետ Կարապետյանի ներդրումային ծրագրերին սատարելու պատրաստակամության մասին հայտարարությամբ:
Ի՞նչ փոխվեց այդ ընթացքում Սամվել Կարապետյանի համար, որ փոխվեց ներդրումային ծավալներն ավելացնելու պատրաստակամությունը, եւ նա այլեւս չխոսեց «արհեստական սպասում» առաջացնելու մասին:
Արդյոք Սամվել Կարապետյանը չէր վստահում Սերժ Սարգսյանին, փոխարենը վստահություն ստացավ Կարեն Կարապետյանի Մոսկվա այցից հետո:
Միեւնույն ժամանակ, Սամվել Կարապետյանը հազիվ թե ստանձնի վարչապետի հովանավորի կամ հովանու դերը, եթե վերջինս պատրաստ չէ կամ ի վիճակի չէ պայքարել նրանց դեմ, ովքեր խանգարելու են:
Ի վերջո, Սամվել Կարապետյանը միշտ էլ կարող է պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ:
Այդ իմաստով ուշագրավ է, որ վարչապետն օրերս Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրույցում բավական հստակ ազդակ էր հղել 2018 թվականի ապրիլին վարչապետի պաշտոնի հայտի մասով, ցրելով այդ հարցում իր անվան շուրջ ստեղծված անորոշությունը:
Այդ ֆոնին, խորհրդարանում լրագրողներին հարցազրույց է տալիս սովորաբար սակավախոս պատգամավոր Կարեն Կարապետյանը եւ հայտարարում վարչապետին խանգարողների մասին, ասելով, թե բոլոր գողերը պետք է բռնվեն եւ հեռացվեն իշխանությունից, ու որ չի վախենում եւ կարող է տալ անուններ:
Միեւնույն ժամանակ, պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ դեմ է եղել այսպես կոչված ռեյտինգային համակարգին, եւ այդ համակարգը իրականում անցել է փոքրամասնության կամքով: Ինչպես հայտնի է, դա ընդամենը ՀՀԿ ներկայիս օդիոզ դեմքերի մի զգալի մասին խորհրդարան անցկացնելու տարբերակն է, կամ այլ կերպ ասած կապիտալի ու իշխանության ներկայիս «ստատուս-քվոն» ընդհանուր առմամբ պահելու տարբերակը:
Այսպիսով, Կարապետյանները տալիս են գրոհի ներդաշնակ մեկնարկ, ընդ որում բավական լայն շրջանակով: Կպահե՞ն նրանք այդ ներդաշնակությունը, թե՞ որեւէ մեկը կխախտի այն, կիսատ թողնելով գրոհը կամ կոտրելով դրա թափը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing