Կառավարական պադավատներ չեն լինի, պաշտոնյաները կերթևեկեն տաքսիներով. խնայվում է 5 մլրդ դրամ

161

armtimes.com — ՀՀԿ-ականները սրտնեղում են պետական համակարգում առկա ծառայողական ավտոմեքենաների թվաքանակից: Տպավորություն է, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք՝ տասը տարի շարունակ պետական բյուջեից միլիոնավոր դրամներ չեն ուղղվել հենց ծառայողական մեքենաներին: Մասնավորապես, որպես օրինակ կարելի է նշել այն, որ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության տարիներին ծառայողական ավտոմեքենայի համար գնել էր 4 անիվ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 500 հազար ՀՀ դրամ:

Անդրադառնալով ընդդիմության մտահոգություններին՝ նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի մեկնարկին պատրաստվում է շրջանառության մեջ դնել օրենք, որով կսահմանվի այն պաշտոնյաների ցանկը, ովքեր Հայաստանի Հանրապետությունում կունենան ծառայողական մեքենաներ: Ֆարմանյանն առաջարկում է օրենքով սահմանել, որ ստեղծվում է միասնական ավտոպարկ, մշակվում է հատուկ ծրագիր, որի միջոցով պետական պաշտոնյաները պատվիրում են ավտոմեքենա։

«Համակարգն ավտոմատ հաստատում է պատվերը եւ պատվերի հեղինակ պետական պաշտոնյայի, պատվերի ուղղության, նպատակի եւ պատվերի տեւողության մասին տեղեկությունները պահպանվում են այդ ծրագրի կայքում, որը լինում է բաց, հրապարակային եւ թափանցիկ, լրագրողների դիտակետում։ Այս կոնցեպտը, վստահաբար, կլուծի տասնամյակներ շարունակ չարչրկված «պադավատների» թեման, կբերի բյուջետային միջոցների մեծ խնայողության»,- ասաց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Հարցին, թե ինչո՞ւ նախկին իշխանությունների օրոք նման օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացրել, Ֆարմանյանը պատասխանեց. «Երկու անգամ առաջարկել եմ, բայց ոչ օրենքով կարգավորելու տարբերակով, այլ կառավարության որոշմամբ։ Դեմ փաստարկը կառավարությունների եղել է այն, որ հանելով ծառայողական մեքենաները, դժվար կլինի, գործող աշխատավարձային սանդղակի պայմաններում, պետական շատ պաշտոններում ներգրավել աշխատաշուկայում մրցունակ կադրերի։ Սա է եղել հակափաստարկը, բայց հիմա իրավիճակ է փոխվել»,- ասաց պատգամավորը եւ նշեց, որ նախագծի շուրջ մանրամասն մեկնաբանություններ կտա այն ժամանակ, երբ նախագիծը մտնի շրջանառության մեջ։

Գործող կառավարության անդամները դեռ գործադիր մարմնի պարտականությունները ստանձնելու առաջին օրերին էին հայտարարել ավելորդ ծառայողական մեքենաներից ազատվելու մասին: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ այժմ քննարկվում է ոչ միայն կառավարության, այլեւ ամբողջ պետական համակարգի մեքենաների կրճատման հարցը: Նախատեսվում է 90 տոկոսով կրճատել պետական համակարգի ծառայողական ավտոմեքենաները: «Միանգամից նման որոշում կայացնելը վտանգավոր է սոցիալական խնդիրների առաջացմամբ: Շատ թվով վարորդներ անգործ կմնան»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ միայն կառավարության աշխատակազմի հաշվեկշռում կա 91 ծառայողական մեքենա: Սա առավելագույն թիվն է ծառայողական մեքենաների, որից ավելի աշխատակազմը չի կարող ունենալ: Ըստ Էդուարդ Աղաջանյանի՝ ամբողջ պետական համակարգում ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը հասնում է երկու հազարի: «Կրճատումներից հետո չի նշանակում, որ պաշտոնյաները կմնան առանց մեքենա, մի քանի տարբերակներ ենք քննարկում: Հնարավոր է, որ որեւէ մեկ տաքսի ծառայության հետ աշխատենք կամ ծառայողական մեքենաների թիվը կրճատենք ու սահմանենք հերթապահության համակարգ: Այսինքն՝ քիչ ավտոմեքենաներ կծառայեն շատ թվով պաշտոնյաների»:

Պետական համակարգում առկա երկու հազարից ավելի մեքենաների թվի կրճատմամբ պետական բյուջեն խնայելու է մոտ 4-5 միլիարդ դրամ: Նման վստահեցումներ անում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ մոտավոր հաշվարկների հիման վրա: «Իմ հաշվարկներով՝ որեւէ տաքսի ծառայության հետ պայմանագիր կնքելն ավելի էֆեկտիվ է այդ տեսանկյունից, քանի որ, բայցի միանվագ գումարից, որը պետությունը վճարում է մեքենաների ձեռք բերման համար, իրականացնում են նաեւ ընթացիկ ծախսեր: Մասնավորապես, խոսքը վառելիքի, ապահովագրության եւ պահեստամասերի մասին է: Այս ծախսերը հաշվի առնելով, եթե ընդունենք, որ օրական միջին ծախսը յուրաքանչյուր պաշտոնյայի դեպքում օրական երեք հազար դրամն է՝ տաքսիով, ապա սրանից դուրս է գալիս վարորդի վարձատրությունը եւ մնացած բոլոր ծախսերը»:

Աշխատակազմի ղեկավարը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցում է, որ ամեն դեպքում կլինեն պաշտոնյաներ, որոնք կունենան ծառայողական մեքենաներ՝ ներկայացուցչական նկատառումներից ելնելով: «Կարծում եմ, որ վարչության պետերով, վարչապետի խորհրդականներով պետք է անցնեն տաքսի ծառայություններից օգտվելուն»,- եզրափակեց Էդուարդ Աղաջանյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache