Կառավարող խմբակցության պատգամավորի անսպասելի գրառումը. ինչ ակնարկ է Ռուսաստանին

173
Աղբյուր՝

1in.am

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը, ինչպես հայտնի է, նաև վարչապետ Փաշինյանի աներորդին է, բավական ուշագրավ ֆեյսբուքյան գրառում է արել՝ կապված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ: Մասնավորապես, անդրադառնալով Արցախի բանակցության բովանդակության վերաբերյալ վարչապետ Փաշինյանին ուղղված նրա հարցին՝ Հրաչյա Հակոբյանը գրել է, որ գալիս է նաև Վանեցյանին հարցերի ժամանակը: Եվ հարցերի տեսքով նա շարադրել է մի քանի իրողություն, որոնք բավականին աղմկոտ են իրենց բովանդակությամբ:

Մասնավորապես, պատգամավորը խոսում է այն մասին, որ վարչապետը Վանեցյանին կարող էր պաշտոնանկ արած լինել օտարերկրյա պետությունից Վանեցյանի հավաքագրված լինելու պատճառով, նաև կարող են լինել Վանեցյան-Միքայել Մինասյան խոսակցությունների գաղտնալսումներ:

Իսկ իր իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու է Վանեցյանը պաշտոնանկ եղել, ոչ թե ձերբակալվել հավաքագրված լինելու պատճառով, Հրաչյա Հակոբյանը ինքն էլ պատասխանում է, որ ձերբակալում են, երբ տվյալ հավաքագրող պետության հետ գնում են հարաբերություն փչացնելու, իսկ այլ կերպ ուղղակի չեզոքացնում են հավաքագրվածին: Պատգամավորը նշել է, թե Հայաստանը չի պատրաստվում որևէ պետության հետ հարաբերություն փչացնել:

Ու թեև նա ընդգծել է այդ հանգամանքը, այդուհանդերձ, նրա գրառումը հարցեր պարունակելով Վանեցյանի առնչությամբ, առաջացնում է նաև շատ այլ հարցեր՝ ավելի լայն մասշտաբի:
Օրինակ՝ պատգամավորը անում է հայտարարություններ, որոնք թերևս չափազանց լուրջ են զուտ հիպոթետիկ գրառում լինելու համար՝ հաշվի առնելով նրա կարգավիճակն ու նաև որոշակի անձնական կապը վարչապետի հետ: Հետևաբար այդօրինակ գրառումը կա՛մ կարող է լինել քաղաքական իրադրության անհամարժեք գնահատում, կա՛մ բավականին էական քաղաքական ազդակ:
Եվ խոսքը ամենայն հավանականությամբ վերաբերում է Ռուսաստանին՝ նկատի ունենալով այն, թե պաշտոնաթողությունից հետո ինչպիսի ազդակներով է հասարակական-քաղաքական դաշտում փորձել կամ փորձում դիրքավորվել Արթուր Վանեցյանը:

Ստացվում է, որ խորհրդարանի «Իմ քայլը» մեծամասնության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի գրառումը կամա թե ակամա Ռուսաստանին ուղղված ազդակ է, ինչը բավականին հատկանշական և բազմիմաստ է դառնում այն իրողության ֆոնին, որ Հայաստանում բավականին բուռն ներքաղաքական օրերը հաջորդեցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարություններին:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...