Կառավարությունը սկսում է բացել փակագծերը

 

 

arm147749653956k

lragir.am-Հովիկ Աբրահամյանի կառավարությանն անհիմն չէին քրեա-օլիգարխիկ անվանում: Օլիգարխիան մասնավոր բիզնեսի եւ պետական իշխանության սերտաճման համակարգ է, իսկ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում ամենաշատ օլիգարխներն են եղել՝ մարդիկ, որոնց համար հասանելի են եղել պետական միջոցները, եւ դրանք օգտագործել են հարստանալու համար:Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը ձգտում է ուղիղ մեղադրանքներ չհնչեցնել օլիգարխների հասցեին՝ չնայած որ նրանց չի ընդգրկել նոր կառավարության կազմում: Նրա նախարարները, սակայն, սկսում են բացել փակագծերը:Ֆինանսների նոր նախարար Վարդան Արամյանը, փաստացի, ծանր մեղադրանքներ է հնչեցրել իր նախորդ Գագիկ Խաչատրյանի հասցեին, անդրադառնալով ուսումնական կենտրոնի շինարարությունում ներդրված ահռելի միջոցներին: Արամյանն ասել է, որ գերադասում է հարկատուների միջոցներին ավելի պրագմատիկ մոտեցում ցույց տալ, տնտեսել բյուջետային փողերը:Ավելի վաղ տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը կարող է դադարեցվել: Այժմ ուսումնասիրվում է միջոցների օգտագործման արդյունավետությունը, ասել է նախարարը, կարծես ակնարկելով իր նախորդ Գագիկ Բեգլարյանին:Տրամաբանորեն հաջորդ մեղադրանքը պետք է հնչի Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հասցեին, եւ ոչ ոք չի զարմանա, եթե հանկարծ նոր հանգամանքներ պարզվեն բազմաթիվ գործերից մեկով, որոնցով անցնում են Խաչատրյանն ու նրա հարազատները:




Երբ Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին դուրս թողեցին կառավարությունից, իսկ Սուրիկ Խաչատրյանին հեռացրեցին, լրատվամիջոցներն սկսեցին գրել, որ օլիգարխների նկատմամբ քննչական գործողություններ են տարվում, որ ոմանք հասցրել են իրենց կապիտալը դուրս բերել երկրից եւ իրենք էլ հեռացել են Հայաստանից:Այդ շշուկների տարածմանը նպաստել են նաեւ փորձագիտական կարծիքները, որ Հայաստանում քաղաքական իշխանության «ընդունման-հանձնմանը» զուգահեռ սեփականության վերաբաշխում է տեղի ունենում: Քանի որ ազգային բարիքները պատկանում են կոնկրետ օլիգարխների, ապա հարց է դրվում, թե արդյոք նրանք կամավոր կհանձնեն իրենց ակտիվները, թե հարկ կլինի «ուժային մեթոդներ» կիրառել:Կարեն Կարապետյանի կառավարությունը բոլոր լծակներն ունի «ուժային մեթոդների» կիրառման համար: Տրանսպորտի եւ ֆինանսների նախարարների հայտարարություններն առաջին ծիծեռնակներն են: Այդ ծիծեռնակները կարող են մնալ երկնքում, եթե միջոցները, որոնք օլիգարխները պետք է «վճարեն», կամավոր վերադարձվեն: Իսկ եթե ոչ, ապա անօրինական հարստացման մասին օրենքին կարող են հետադարձ ուժ տալ:Օլիգարխների շուրջ այս ամբողջ իրարանցումը կարող է քաղաքացիների համար իմաստ ունենալ այն դեպքում, եթե օլիգարխներից խլված միջոցները վերադարձվեն բյուջե, այլ ոչ թե անցնեն նոր օլիգարխներին կամ էլ «երկրորդ էշելոնի» ռուսական ընկերություններին:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author