good-banner
Լրահոս

Կառավարությունը հռչակվեց անցումային, իսկ անցման տևողությունն անորոշ է

 

19279_b-2

1in.am Ձեզ վիճակված է դառնալ անցումային այս ժամանակաշրջանի առաջնորդը, հոկտեմբերի 6-ին կառավարության նիստում ասում էր Սերժ Սարգսյանը նոր կառավարության անդամներին, խոսելով Հայաստանում կառավարման մոդելի փոփոխության մասին: Այսպիսով, Սերժ Սարգսյանն ըստ էության արձանագրեց, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն անցումային կառավարություն է: Մնում է հասկանալ, թե ինչքան է լինելու անցումային շրջանը, կամ ինչքան է այդ շրջանը պատկերացնում Սերժ Սարգսյանը: Կարծեք թե կասկածի տեղիք չի տալիս այն, որ ներկայիս կառավարությունը, գուցե չնչին փոփոխություններով, շարունակելու է պաշտոնավարումը նաև 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո:

Գրեթե ակնհայտ է, որ եթե չլինեն ֆորս-մաժորներ, ապա Կարեն Կարապետյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը և Հանրապետականը Կարապետյանի «պատկերով» ու «նմանությամբ» կգնա խորհրդարանական ընտրությունների: Անցումային շրջանի հետ կապված հարցերն առաջանում են դրանից հետո: Այդ շրջանը լինելու է մինչև 2018 թվականի ապրի՞լը, թե՞ մինչև այնքան, որքան Սերժ Սարգսյանից ժամանակ կպահանջվի էապես փոխել ՀՀԿ-ի այսպես ասած «ոգին», ձևավորել նոր ՀՀԿ և արդեն այդ կարգավիճակով գնալ 2022 թվականի ընտրություններին: Ի դեպ, այս մասով արժե հիշել 2015 թվականի դեկտեմբերի 3-ի նրա հեռուստաելույթում արտահայտված մի ուշագրավ միտք: Սահմանադրության փոփոխության հանրաքվեից առաջ հեռուստատեսային հարցազրույցով հանդես եկած Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ թև շատ է խոսվում համամասնական 100 տոկոս ընտրակարգի պայմաններում մեկ ուժի բացարձակ մեծամասնություն և կառավարություն ձևավորելու անհնարինության մասին, բայց ինքը կարծում է, որ օրինակ հաջորդ խորհրդարանական ընտրություններին` նկատի ունենալով 2022 թվականը, միանգամայն հնարավոր է մեկ ուժի մեծամասնությունը:

Այլ կերպ ասած, դեռևս 2015-ի դեկտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը ակնարկեց, որ ներկայիս փուլը դիտարկում է որպես անցումային, միջանկյալ փուլ: Նախորդ հոդվածներում առիթ ունեցել ենք խոսել այդ մասին, դիտարկել այդ փուլը պայմանավորող առանձնահատկությունները: Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին փաստացի վերահաստատել է այդ կանխատեսումները:

Այդուհանդերձ, հարցը, թե արդյո՞ք նա կհավակնի կառավարություն գլխավորել արդեն 2018 թվականի ապրիլից հետո, մնում է բաց: Նկատելի է, որ երկարաժամկետում Սարգսյանը դիտարկում է 2022 թվականին ՀՀԿ-ի հետ միանձնյա հաղթանակը և այդ ընթացքում փորձելու է ստանալ դրա համար անհրաժեշտ չափանիշներ ունեցող, ռեսուրսներ ունեցող ՀՀԿ: Սակայն դա չի բացառում, որ Սարգսյանը թողնելով նախագահի պաշտոնը, ՀՀԿ վերափոխման գործը կփորձի արդեն չթողնել Կարեն Կարապետյանին, այլ վերցնել վարչապետականն իր ձեռքը: Առայժմ իհարկե հրապարակային մակարդակում Սերժ Սարգսյանը չի դրսևորել այդպիսի ցանկություն կամ մտադրություն, թեև այդ մասին հարցին ի պատասխան, նույն հեռուստահարցազրույցում, բազմիմաստ ասել է, թե իր քաղաքական ծրագրերը կախված են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքից: Այսինքն, Սերժ Սարգսյանը հրապարակավ ցանկություն կամ մտադրություն չի հայտնել, սակայն հարցը հրապարակավ թողել է բաց: Ըստ այդմ, հարցադրումը ունի գոյության և դիտարկման իրավունք ու հիմք: Միևնույն ժամանակ, պարզ է, որ դա կախված է լինելու թե ներքին, թե արտաքին մի շարք հանգամանքներից, որոնց մի մասը շաղկապված են իրար, սակայն ոչ բոլորը: Հայաստանը ռեսուրս չունի խանական իշխանության ճանապարհով գնալու համար, եթե այդպիսի ռեսուրս լիներ, այդ ճանապարհի վրա կմնար Ռոբերտ Քոչարյանը, չթողնելով հնարավորությունը Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում ռեսուրսները ոչ միայն չեն ավելացել, այլ նույնիսկ պակասել են: Սակայն, այստեղ իհարկե խնդիրը միայն այդ ճանապարհի համար բավարար կամ անհրաժեշտ ռեսուրսները չեն, խնդիրը նաև Հայաստանի հանդեպ աշխարհաքաղաքական բևեռների մոտեցումներն են, Հայաստանի տեղի և դերի գնահատման միջազգային սանդղակը: Այստեղ առավել ևս չի դիտարկվում այդ տարբերակը:

Ադրբեջանի պարագայում աշխարհը կարծեք թե խորքային առումով դիտարկել է խանական ճանապարհը: Առավել ևս այդ դեպքում, տարածաշրջանային հավասարակշռության համար առնվազն, Հայաստանի պարագայում դիտարկվում է ժողովրդավարական համակարգի մոդելը, եթե անգամ այդ համակարգի ձևավորումը լինելու է շատ դանդաղ և իմիտացիայի գերակշռող բաղադրիչով: Սա անշուշտ չի նշանակում, որ բացառվում է իշխանության բարձրագույն պաշտոնի մնալու, կամ վերադառնալու տարբերակը Սերժ Սարգսյանի համար:

Պարզապես բացառվում է, որ այդ տարբերակը տեղի ունենա առանց իշխող համակարգի և խաղի կանոնների փոփոխության ուղղությամբ էական նախաձեռնությունների, քանի որ միայն այդպիսի համոզիչ օրինակների պարագայում Սարգսյանը կարող է ստանալ հետագա իշխանության միջազգային լեգիտիմություն: Կամ այլ կերպ ասած, նա այդ լեգիտիմության հարցը չի կարող այլ կերպ լուծել, քան պարզապես իշխող համակարգի հաշվին: Հայաստանի իշխանությունը անկասկած շատ լավ է հասկացել, որ հասարակության և պետության հաշվին հարցեր լուծելու հնարավորությունը սպառվում է ոչ թե օրեցօր, այլ ըստ էության՝ ժամ առ ժամ:

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara