Կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել այդ զարգացումներին

168

Հունիսի 18-ին կաթ արտադրողները կառավարության շենքի առաջ վերսկսեցին բողոքի ակցիան վերամշակողների կողմից կաթի մթերման գների իջեցման դեմ:

Մարդիկ, հատկապես գյուղատնտեսության ոլորտը ներկայացնողները, ոգևորված հեղափոխության հաղթանակով մի քիչ շտապողականություն են դրսևորում, դրանով իսկ խանգարում են կառավարությանը, որոշակի դեպքերում փակուղու առաջ կանգնեցնելով նրան: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ բոլոր հարցերը միանգամից չէ, որ հնարավոր է լուծել: Դա պետք է հասկանան, և ըստ այդմ վերաբերմունք դրսևորեն բոլորը:

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մի շարք սկզբունքային հարցերում, կառավարությունն էլ ճիշտ դիրքորոշում չի դրսևորում: Կառավարությունը, այս դեպքում գյուղնախարարությունը, ուղղակի պարտավոր է մշտական կապի մեջ լինել արտադրողների հետ և շփումների ընթացքում, նաև հեռուստաէկրանից, դժգոհողներին, խնդիր ունեցողներին հավաստիացնել հարցերը համատեղ քննարկելու և հնարավորության շրջանակներում լուծումներ տալու իրենց պատրաստակամության առումով:Մինչդեռ վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է, որ կաթ արտադրողները բողոքի են դուրս գալիս ու ինչպես իրենք են նշում, այդ ժամանակահատվածում կառավարության ներկայացուցչի կողմից «հարցը քննարկվում է»-ից բացի, որևէ այլ պարզաբանում չեն ստանում: Տրամաբանական է, որ հունիսի 18-ին գյուղացիների պահվածքն առաջին օրվա «հավատով լին» չէր ու ավելի զայրացկոտ էր:

Նրանք հարցեր են բարձրացնում, որ, տրամաբանորեն, առաջին հերթին պետք է հետաքրքրի նախարարությանը. «եթե վերամշակողները իջեցնում են կաթի մթերման գինը, ապա տրամաբանորեն պետք է նվազեցնեն նաև կաթի վաճառքի գինը, մինչդեռ նման բան չկա»: Կհետևի, որ այդ իջեցման հաշվին նրանք գերշահույթ են ապահովում:

Այս պարագայում լուրջ անելիք ունեն սննդի անվտանգության ծառայությունն ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Միանշանակ է, որ դեռ այսօր էլ շուկայում եղած կաթնամթերքի որոշ մասը կաթի փոշուց է պատրաստված, մյուս կողմից էլ, գյուղացուց լիտրը 100-140 դրամով գնելով, մշակողը ևս 30-40 դրամ ծախս անելուց հետո լիտրը 350-450 դրամով կաթ է վաճառում: Եթե մինչև հեղափոխությունը նախարարության, ՍԱՊԾ-ի, ՏՄՊՊՀ-ի գործառույթները այդ ամենն «օրինականացնելն էր», ապա հիմա իրավիճակը գլխիվայր փոխվել է և այս ծառայությունների պահվածքից զգացվում է, որ նոր իրավիճակում սրանք չեն կարողանում ճկունություն ցուցաբերել ու համապատասխան վերաբերմունք դրսևորել:

Այս անցուդարձին նրանք անհաղորդ են ու նրանց այդ պահվածքն անհանգստացնող է:Կաթ արտադրողների առաջին դժգոհությանն ի պատասխան, գյուղնախարարը մեկ-երկու օրվա տարբերությամբ, վերամշակողների փաստաբանի դերը ստանձնելով, ամենայն մանրամասնությամբ վերաշարադրեց նրանց տեսակետն ու մթերման գների նվազեցման 10 օրյա «հետաձգումը» փորձեց ներկայացնել որպես հաջողություն: Ցավալի է, բայց ստեղծված իրավիճակը համակարգում պրոֆեսիոնալիզմի և նոր մտածողության, նոր մոտեցումների բացակայության արդյունք է: Ոլորտի ու նախարարության համար մեծ հաջողություն կարելի է համարել, որ փոխնախարարի կարգավիճակով նախարարություն է վերադարձել Գառնիկ Պետրոսյանը, որը հանրապետությունում եղած գյուղատնտեսության ոլորտի եզակի պրոֆեսիոնալներից է, որ հնարավորության դեպքում, գոնե սկզբունքային հարցերում կարող է լուրջ դերակատարում ունենալ:Նախարարն էլ, կարծես, փորձում է ինչ-որ բան արած լինել, բայց հենց այն հանգամանքը, որ ծիրանի բերքահավաքի եռուն օրերին ծիրանի օջախ հանդիսացող Սուրենավան, Քաղցրաշեն, Ջրաշեն, Այգեզարդ, հիմնական արտահանող «Սպայկա» ընկերություն այցելելու, այդ փուլի ամենահրատապ խնդիրները տեղում հասկանալու փոխարեն այցելում է ընկույզի պահածոյացման արտադրամաս, (ինչը, իհարկե, նույնպես պետք է), մտորելու տեղիք է տալիս:

Հարցն այն է, որ վերջին 20 տարիներին տոտալ կեղծիքը խեղդել է տնտեսությունն ու սննդարդյունաբերությունն ամբողջությամբ: Նույն այս օրերին կարող էին և կարող են փողոց դուրս գալ ծիրանագործները, երբ հանրապետությունում արտադրված ծիրանի կեսը դեռ դաշտերում է, բայց արտահանողները գրեթե դադարեցնում են գնումները, երկու ամսից կսկսվեն խաղողի մթերումները, այստեղ ընդհանրապես խայտառակ վիճակ է:

Մշակող ընկերությունները, գյուղնախարարության անմիջական աջակցությամբ, զբաղվել են կեղծարարությամբ, ներկրված անորակ սպիրտով կոնյակ, գինի արտադրելով ու դրա դիմաց խաղողի արտադրության ու մթերումների կեղծ թվեր ներկայացնելով, նույնը մրգային օղիների պարագայում, տոմատի մածուկի, երբ խտանյութը Իրանից բերելով հայկական տոմատի մածուկ են արտադրել: Իշխանափոխությունից հետո կեղծիքի մեքենան լռվել է: Արդեն մի ամիս է՝ Սամվել Ալեքսանյանի՝ լիտրը 500-600 դրամով վաճառող սպիրտի կետերը չեն գործում ու գինի-կոնյակ արտադրող ընկերությունները իրարով են անցել, էժան ու անորակ խմիչքի դեֆիցիտի վտանգ է առաջացել:

Խառնաշփոթ իրավիճակ է, որովհետև 20 տարի այս երկրի տնտեսությունը այս սկզբունքով է աշխատել: Հիմա դա դադարել է ու դրա փոխարեն անբողջ այս ընթացքում, ելնելով վախի վիճակից, խելոք ու հեզ լռած գյուղացին, ինչպես այսօր կաթ արտադրողները, դուրս են գալու փողոց ու պահանջեն, որ նախ իր արտադրանքը մթերեն ու դրա դիմաց նորմալ գներով վճարեն: Կառավարությունը խիստ օբյեկտիվ պատճառներով ի վիճակի չի լինելու բոլորին իրենց ուզածին համապատասխան ընդառաջել, բայց կառավարությունը, գյուղնախարարությունը պարզապես պարտավոր են պատրաստ լինել այդ զարգացումներին գոնե այս փուլում «բացատրական առումով դիմագրավելու»: Մի բան, որ նախարարության պահվածքից այս պահին չի երևում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache