Լրահոս

Կառավարությունն այսօր 50 մլն դրամ կնվիրի Լիսկային

 

85114

armtimes.com—  Այսօր կառավարությունը հարկային արտոնություն է տալու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին պատկանող «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանը: Այս ընկերությունը մարզի Ծղուկ համայնքում պետք է կառուցի 4 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ եւ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` էլեկտրաէներգիա է արտադրելու:

Կառավարության որոշման նախագծի համաձայն, այս նպատակով Խաչատրյան եղբայրները պետք է 1,9 մլրդ դրամի ներդրում կատարեն, որից մոտ 489 մլն դրամի պետք է Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբիններ եւ այլ սարքավորումներ ձեռք բերեն:

Եվ հենց այդ սարքավորումների ներմուծման համար սահմանին գանձվող ավելացրած արժեքի հարկի վճարումն էլ կառավարությունը Խաչատրյան եղբայրների համար հետաձգում է 3 տարով: ԱԱՀ-ն մեր երկրում 20 տոկոս է, այսինքն այս հարկատեսակի մասով գանձվելիք մոտ 100 մլն դրամի կամ 200.000 դոլարի վճարումն է 3 տարով հետաձգվելու:

Նշենք, որ սա Սուրիկ Խաչատրյանի համար մեծ գումար չէ, նրա մեքենաներից մեկը միայն այդքան կարժենա, եթե, իհարկե՝ ոչ ավելի թանկ:

Ավելին, մեկ այլ որոշմամբ կառավարությունն այս սարքավորումների ներկրումն ազատում է մաքսատուրքից: Այսինքն այս դեպքում էլ մոտ 50 մլն դրամ պարզապես նվեր է տալիս Խաչատրյան եղբայրներին, այն դեպքում, որ արդեն իսկ բյուջեն լցնելու, աշխատավարձեր եւ կենսաթոշակներ վճարելու խնդրի առաջ է կանգնել ու այդ նպատակով պարբերաբար վարկեր է վերցնում:

Հիշեցնենք, որ կառավարությունը Խաչատրյաններին առնչվող նման եւս մի հարկային արտոնություն էր սահմանել 3 ամիս առաջ՝ 3 տարով հետաձգելով «Որոտան սիսթեմս» ընկերությունից գանձվելիք ԱԱՀ-ի վճարումը: Ճիշտ է, այս ընկերության հիմնադիր է համարվում Սենիկ Ջուլհակյանը, բայց քանի որ նա Սուրիկ Խաչատրյանի մտերիմն է, կարծիք կա, թե «Որոտան սիսթեմսն» էլ պատկանում է Սյունիքի մարզպետին:

Նշենք, որ ԱԱՀ-ի վճարման հետաձգումը բավականին ընդունված պրակտիկա է մեր կառավարության համար այն դեպքում, երբ դա վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին կամ նրանց հարազատներին պատկանող ընկերություններին:

Օրինակ, մարտ ամսին կառավարությունը ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու արտոնություն տվեց նաեւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությանը:

Կամ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող օղու շշալցմամբ զբաղվող «Ա եւ Գ» ընկերությանը եւ այդպես շարունակ: Հիշեցնենք նաեւ, որ այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է նոր Հարկային օրենսգիրքը, որը հարկային բեռի ավելացում է նախատեսում եւ որի նպատակն է հարկերն ավելացնելով՝ լցնել բյուջեն: Իսկ այս իրողությունների հակասությունը ցույց է տալիս, որ իշխանություններն իրենց պատկանող բիզնեսը մաքսատուրքից ազատում են կամ հարկային արտոնություն են տալիս՝ ողջ բեռը բարդելով փոքր ու միջին բիզնեսի վրա: Ի դեպ, տարիներ շարունակ գործարարները պահանջում են ընդհանրապես ԱԱՀ-ի գանձումը սահմանին չկատարել, այլ դա անել որոշ ժամանակ հետո, երբ իրենք եկամուտներ կունենան: Իշխանությունները, սակայն, դա մերժել են եւ շարունակում են մերժել նաեւ այս նոր Հարկային օրենսգրքով՝ այդ արտոնությունը տալով միայն արտոնյալներին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing