Կարեւոր քայլ ինքնիշխանության ճանապարհին

82

Հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին, մարտիմեկյան իրադարձությունների լայն լուսաբանման խորապատկերին, որոնք մեծ արձագանք գտան միջազգային ասպարեզում, Հայաստանում աննկատ տեղի ունեցավ ռուսական սահմանապահ զորքերի աշխատանքների աշխուժացում: Հուլիսի 25-ին հայ-թուրքական սահմանը խախտելիս` ռուս սահմանապահները ձերբակալեցին 5 աֆղանցիների, օգոստոսի 2-ին` մի թուրք երիտասարդի, ով նույնպես փորձում էր խախտել սահմանը, իսկ օգոստոսի 7-ին`Բանգլադեշի մի քաղաքացու: Օգոստոսի 8-ին ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի ջոկատի նախկին զինծառայող Արմեն Մարգարյանը դիմել է Վլադիմիր Պուտինին եւ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, որ սահմանի հայ աշխատողների շահերը պատշաճ կերպով պաշտպանված չեն եւ կոչ է արել այդ մասով վերանայել հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ-ռուսական պայմանագիրը: Նույն օրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելեց ՀՀ Սահմանապահ զորքերի վարչական համալիր: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` քննարկվել են Հայաստանի սահմանապահ զորքերի առաջիկա կառուցվածքային փոփոխությունները:

Զուգահետաբար ակտիվացել են նաեւ Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի որոշ ղեկավարներ: Այսպես` օգոստոսի 9-ին Արտաշատի սահմանային ջոկատի պետ, գնդապետ Յուրի Ուրվանովը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կազմում են իր ջոկատի առնվազն 60 տոկոսը: «Հետեւաբար, ջոկատը պետք է համարվի միջազգային: Այո, Ռուսաստանի ԱԴԾ-ի ջոկատն է, բայց այնտեղ ծառայում են ինչպես Ռուսաստանի, այնպես Հայաստանի քաղաքացիներ: Սա կարեւոր գործոն է: Մենք բոլորս պահպանում ենք Հայաստանի սահմանը՝ ինչպես մեր հայրենի սահմանը»: Ինչո՞ւ է նա անդրադառնում իր ջոկատի կազմում ռուսների եւ հայերի թվաքանակին: Ի վերջո, հայտնի փաստ է, որ այնտեղ ծառայում են նաեւ Հայաստանի քաղաքացիներ: Նույն օրը Արարատի մարզի չորս բնակիչներ պարգեւատրվեցին «Արտաշատի սահմանապահ ծառայության 60-ամյակի» հուշամեդալով եւ հայ-թուրքական սահմանը խախտողներին ձերբակալելու գործում ցուցաբերած օժանդակության համար փոքր հավելավճարներ ստացան Հայաստանում ռուսական ԱԴԾ-ի սահմանապահ վարչության կողմից:

Իհարկե, 10-12 օրվա ընթացքում տեղի ունեցած այս իրադարձություններն ավելի ամբողջական տեղեկատվության բացակայության պարագայում կարելի է մեկնաբանել որպես պատահականություն: Սակայն եթե հաշվի առնենք, որ մեր վարչապետը` ուղղակի պատասխանելով Լավրովի նախատինքներին (առանց դիվանագիտական էթիկայի), նույն ոգով բացեիբաց ասաց, որ «Ռուսաստանը պետք է հարմարվի Հայաստանում ստեղծված նոր իրավիճակին», կարելի է եզրակացնել, որ երկու երկրների հարաբերություններում բազմակողմանի մոտեցումների կուտակված պոտենցիալ էներգիան կարող է փոխակերպվել կինետիկի, ինչի առաջին նշաններն արդեն ակնհայտ են: Այստեղ չի կարելի մեղադրել կողմերից մեկին եւ պաշտպանել մյուսին: Ամեն ինչ ավելի բարդ է: Արդեն գրեթե երեսուն տարի է, ինչ Ռուսաստանը սովոր է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել` որպես տիրոջ եւ ծառայի: Բայց դա նրա մեղքը չէ: Պարզապես մեր նախկին ղեկավարությունը` ի դեմս երեք նախագահների, «գահի դիմաց» թույլ տվեցին Հայաստանին վերաբերվել որպես վասալի՝ Ռուսաստանի կողմից ինդուլգենցիա ստանալով մեզանում տիրող անօրինականության համար:

Երկու կամ երեք ամիսների ընթացքում այս իրավիճակը հնարավոր չէ փոխել: Դեռ շատ «ջրեր պետք է հոսեն»: Ռուսաստանը եւ Արեւմուտքը պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի ղեկավարն է, այլեւ այն մարդը, ում իշխանության է բերել ժողովուրդը: Հետեւաբար, նա  լեգիտիմ է (ի տարբերություն նախորդ նախագահների) եւ կոչված է պաշտպանել Հայաստանի քաղաքացիների ու Հայաստան պետության շահերը: Դրա համար Հայաստանը պետք է աստիճանաբար վերակառուցվի` իրական, ոչ թե ձեւական ինքնիշխանություն ձեռք բերելու համար: Եվ այդ ինքնիշխանության կարեւոր բաղադրիչներից մեկը այլ պետության կողմից սեփական սահմանների պաշտպանության խնդիրն է: 1992թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին «ՀՀ տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ դրանց գործունեության  պայմանների մասին» պայմանագիրը: Դրա ժամկետը չի նշվում: Բայց նրանում կա մի կետ, ըստ որի «պայմանագիրն ուժի մեջ է մնում Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայության ընթացքում: Այն կարող է փոխվել Կողմերի համաձայնությամբ»:

Ըստ երեւույթին, ստորագրվելուց 26 տարի անց, այս պայմանագիրը պետք է ճշգրտվի՝ ներկա իրողություններին համապատասխան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache