Լրահոս

Կարեն եւ Սամվել Կարապետյանները սկսում են

 

Տաշիր Կապիտալ ընկերությունը, որ պատկանում է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, ձեռք է բերել Հրազդանի ՋԷԿ 100 տոկոս բաժնեմասը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել գործարքին՝ համաձայն Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ ընկերության դիմումի, որին պատկանել է Հրազդան ՋԷԿ-ը:

Սամվել Կարապետյանը փաստորեն ինքն իրենից գնել է Հրազդան ՋԷԿ-ը, որովհետեւ Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ ընկերությունը, որ ունի օֆշորային գրանցում, գտնվում է Տաշիր խմբի մեջ:Ինչպես ԱՌԿԱ գործակալությանը հայտնել է ՋԷԿ տնօրենը, պարզապես օֆշորային ընկերությունից սեփականությունը անցնում է Տաշիր Կապիտալին, ինչը թույլ է տալիս կատարել ընկերության հայաստանյան վերագրանցում, դառնալով ավելի թափանցիկ եւ վճարելով բոլոր հարկերն ու տուրքերը Հայաստանի տարածքում:

Հրազդան ՋԷԿ-ը օֆշորային գրանցում ունեցող եւ Տաշիր խմբին պատկանող Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդի սեփականություն է դարձել 2015 թվականին: Մինչ այդ ընկերությունը եղել է Ինտեր ՌԱՈ ռուսական ընկերության սեփականությունը: Հրազդան ՋԷԿ-ը Ռուսաստանին է անցել 2002 թվականին կնքված «Գույք պարտքի դիմաց» գործարքով, որով Հայաստանը Ռուսաստանին ունեցած 100 միլիոն դոլարի պարտքը մարեց իր չորս ձեռնարկությունները ՌԴ-ին փոխանցելով: Դրանց թվում էր Հրազդանի ՋԷԿ-ը: Իհարկե առանց հինգերորդ բլոկի:5-րդ բլոկը ռուսական  Գազպրոմի սեփականությունը դարձավ 2006 թվականին կնքված գործարքի արդյունքում, բայց ոչ թե պարտքի դիմաց, այլ վաճառքի ձեւով:

Գազպրոմը վճարեց 250 միլիոն դոլարից ավելի փող, որի կեսը ուղղվեց Հայաստանում երեք տարի շարունակ թանկացած ռուսական գազի գինը սուբսիդավորելուն:Հրազդան ՋԷԿ-ը Ինտեր ՌԱO-ի սեփականությունն էր, ինչպես Հայաստանի էլցանցերը: 2015 թվականին հայտնի զարգացումներից հետո Սամվել Կարապետյանի Տաշիրը Ինտեր ՌԱO-ից ձեռք բերեց էլցանցերը: Իսկ օֆշորային գրանցմամբ ընկերությամբ էլ փաստորեն Հրազդանի ՋԷԿ-ը:Այժմ ՋԷԿ-ը «օֆշորից» անցնում է Տաշիր Կապիտալին: Այսինքն, Սամվել Կարապետյանը ընկերությունը այսպես ասած հետեւի գրպանից դնում է առջեւի գրպանը:

Այդ գործարքը հատկապես ուշագրավ է դառնում ներկայիս քաղաքական իրավիճակում, որտեղ Սամվել Կարապետյանն ունի «դինամիկ աճող» դերակատարում: Նա Հայաստանում նոր իշխանության ձեւավորման պայքարի առանցքային բեւեռ է, աջակցելով վարչապետ Կարեն Կարապետյանին:Սամվել Կարապետյանն օրերս հայտարարեց Հայաստանի ներդրողների ակումբ ստեղծելու մասին, որը պետք է իր տնտեսական ռեսուրսով աջակցի Կարեն Կարապետյանի քաղաքական կշռի ավելացմանը:

Արդյոք Հրազդանի ՋԷԿ գործարքը դրա մաս է: Համենայն դեպս ուշագրավ է տնօրենի ձեւակերպումը, թե օֆշորային ընկերությունից հայաստանյան վերագրանցման անցնելը ենթադրում է հարկերի եւ տուրքերի ամբողջական վճարում Հայաստանում:Հայաստանի տնտեսության մեջ բավական մեծ է օֆշորային կապիտալի ներկայացվածությունը: Դրան զուգահեռ, կա նաեւ Հայաստանից օֆշորներ տեղափոխված կապիտալի խնդիր, այդ թվում տարբեր պաշտոնյաների անունով:
Հայաստանն օրինակ ունեցել է երկու օֆշորային աղմկոտ պատմություն՝ մեկը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի, մյուսը՝ ԴԱՀԿ նախկին պետ, Սերժ Սարգսյանի ֆավորիտ Միհրան Պողոսյանի հետ կապված:Հայաստանի իշխանության ձեւավորման գործընթացում կապիտալի ստատուս-քվոն ունի առանցքային նշանակություն: Այդ խնդրի կարեւոր հանգամանք է հենց տնտեսության ապաօֆշորացումը, կամ դրա մասնաբաժնի զգալի կրճատումը, որը թույլ կտա բարձրացնել պրոցեսների կառավարելիությունը:
Նշանակո՞ւմ է դա, որ Սամվել Կարապետյանը եւ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսում են իրենցից:«Իրենցից սկսելը» Հայաստանի իշխող համակարգում ամենեին զուտ քարոզչական տրաֆարետ չէ: Ելնելով համակարգի ձեւավորման բնույթից, տրամաբանությունից եւ հարաբերությունների մշակույթից, համակարգում էական փոփոխությունների տանող որեւէ քայլի «լեգիտիմությունը» եւ ընդհանրապես իշխանության ձեւավորման «հայտում» խաղի կանոնների փոփոխության բաղադրիչի ներհամակարգային լեգիտիմությունը կախված է «իրենից սկսելուց»:
Պատահական չէ, որ հենց այդ արտահայտությամբ 2014-ին վարչապետության եկավ Հովիկ Աբրահամյանը՝ իշխանության գալու հեռանկարով: Բայց Աբրահամյանը չսկսեց իրենից, ինչն էլ գուցե դարձավ այդպես էլ իշխանության չգալու ճակատագրական հանգամանքներից մեկը:Արդյոք Կարեն եւ Սամվել Կարապետյանները «սկսում են իրենցից»: Դրա պատճառը բյուջեի համար հավելյալ մուտքեր ապահովե՞լն է, թե իշխանության համար պայքարին «բարոյական ուժ» տալը՝ իրենցից հետո մյուսներին անցնելու համար:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara