Լրահոս

Կարեն Գիլոյանը «թքում» է, Հ1-ը՝ պարզաբանում

 

5c3843013cc046c4f98049284fb51f9e

hraparak.am—  Երեկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Միհրան Հարությունյանն ուժերը չափեց սերբ Դավոր Ստեֆանեկի հետ։ Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվեցին սերբին։ Հանրային հեռուստաընկերության մարզական լրագրող, մեկնաբան Կարեն Գիլոյանը, ով այդ ժամանակ մեկնաբանում էր խաղը, Հ1-ի ուղիղ հեռարձակմամբ տուրք տվեց հույզերին՝ բացականչելով. «Այ քեզ Օլիմպիական խաղեր: Սա՞ է օլիմպիադան, այսպե՞ս են Օլիմպիական խաղերով խաղաղություն հաստատում: Խայտառակություն: Թքել եմ այսպիսի Օլիմպիական խաղերի վրա»:

Դրանից հետո համացանցում, սովորության համաձայն, սկսեցին կասկածի տակ առնել սպորտային մեկնաբանի պրոֆեսիոնալ լինել- չլինելու հարցը: Թե որքանով է հարիր Հայաստանի հանրային հեռուստատեսությանը եւ մասնագիտական կարիերայում հետք թողած մեկնաբանին ուղիղ եթերով նման արտահայտություն թույլ տալը, որը ԶԼՄ էթիկայի եւ ինքնակառավարման տեսանկյունից ոչ պրոֆեսիոնալ է, փորձեցինք հասկանալ Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Բոլորս, բնականաբար, հետևում էինք խաղերին, մեր մարզիկների ելույթներին, հուզված էինք ու նաև որոշակիորեն զայրացած: Ու Կարեն Գիլոյանն էլ այդ պահին արտահայտում էր, բնականաբար, իր կարծիքը, իր զգացողությունները: Միշտ էլ ցանկացած հայի հայրենասիրական մղումը առաջնային է, ու երբեմն դրա հետևում են մնում հեռուստաեթերի ու սպորտի մեկնաբանի էթիկայի կանոնները: Այսինքն՝ սա Կարեն Գիլոյանի ու բոլորիս հայրենասիրական մղումների արտահայտման ձևն էր»:

Մեր այն հարցին, թե, անկախ ամեն ինչից, որքանո՞վ էր կոռեկտ մեկնաբանի պահվածքը Հանրային հեռուստաընկերության համար, Արուսյակ Զախարյանը պատասխանեց. «Եթե մենք հիմա խոսում ենք ուղղակի, մեկ օր անց, արդեն սթափ, վերլուծած, մի քիչ ավելի սառնությամբ, այսինքն՝ դա ամենևին նույնը չի, երբ դու հենց Ռիոյից մեկնաբանում ես, այսինքն՝ Կարեն Գիլոյանը հենց էնտեղ էր: Պատկերացնում եք՝ ինչ զգացողություններ են, միջավայրը: Գիլոյանը հենց իր մեկնաբանության ժամանակ անընդհատ նշում էր, որ կողքից տարբեր երկրների մեկնաբանների արտահայտած զայրույթն էլ էր դա: Նա պարզապես փորձել է իր զգացողությունները ներկայացնել այնպիսին, ինչպիսին եղել է այդ պահին: Եվ դուք շատ լավ գիտեք՝ Կարեն Գիլոյանը մեր պրոֆեսիոնալ մեկնաբանն է ու բոլորից լավ գիտի մարզաշխարհի բոլոր ծակուծուկերը»:

-Եթե Կարեն Գիլոյանի փոխարեն մեկ այլ մեկնաբան լիներ, արդյոք նրան «կներե՞ր» Հ1-ը:

-Իրականում, էլի եմ ասում ՝ դա բոլորիս զայրույթի արտահայտման ձևն է եղել: Կարևոր չի՝ էդ պահին կլիներ Կարեն Գիլոյանը, թե հեռուստաընկերության մեկ այլ մեկնաբան, որովհետև խոսքը մեր մարզիկի մասին էր, զգացողությունների մասին էր, որը բոլորիս ներսում կար: Սա մոտեցում էր, որը չէր կարող չերևալ եթերում: Նա արել է այն, ինչ կաներ հայ մեկնաբանը: Սառնասրտորեն մեկնաբանել ամբողջ խաղը, մի տեսակ Կարեն Գիլոյանին չի սազում: Նա երբեք սառնասրտորեն որևէ խաղ չի մեկնաբանել: Անհնարին է հային հանել մեկնաբանի միջից ու պարտադրել սառը մեկնաբանություն: Կարեն Գիլոյանը պրոֆեսիոնալ է, և վստահ եմ, որ որևէ մեկը դրանում չի կասկածում: Այո, հեռուստաեթերի, սպորտի մեկնաբանի էթիկայի կանոնի խախտում էր դա, բայց հիմնավորված այն իմաստով, որ դա բոլորիս զգացողությունն էր արտահայտում:

Վով Մուշեղյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing