Լրահոս

Կարեն Կարապետյանը առաջարկել է լավ ապրելու հույսը հետաձգել մինչև 2018 թվականը

 

karen-karapetyan

hayeli.am— Վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում խոսել է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ՝ ընդհանուր գծերով ներկայացնելով հիմնական ցուցանիշները: Կարապետյանը գալիք տարվա բյուջեի հետ կապված հույս է հայտնել, որ արդյունավետ քննարկումների արդյունքում գալիք տարվա համար հնարավոր կլինի ունենալ բյուջետային ռեսուրսների օգտագործման հնարավորինս նպատակային բյուջե:
Առաջին կարևոր հանգամանքը, որ աչքի է ընկնում գալիք տարվա բյուջեի նախագծում, ՀՆԱ-ի աճի ցածր տեմպն է, 2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ, որը վերջին տարիների համար շատ համեստ, կարելի է ասել, ամբիցիայից զուսպ ցուցանիշ է: Անցյալ՝ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՆԱ-ի աճը նախատեսված էր 2,2 տոկոս: Այս տարվա ծրագիրը ընդամենը մեկ տոկոս առաջանցիկ աճ է նախատեսում, չնայած որ ֆինանսական տնտեսական ճգնաժամին հաջորդած տարիներին   կառավարությունը մինչև 7 տոկոս աճ էր կանխատեսում:

Ամեն դեպքում, Կարեն Կարապետյանի թիմը մեծ ռիսկի գնալուց խուսափել է՝ հիմնականում հաշվի առնելով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հանգամանքը. «Հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը՝ նշված ցուցանիշին հասնելը մեզնից բավականին ջանքեր կպահանջվի, և մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ՝ այդ ցուցանիշն ապահովելու համար»,- այսօր՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի հանձնաժողովներին ներկայացնելիս, հայտարարել է վարչապետը:

Նա նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին արտաքին տնտեսական ոչ-բարենպաստ իրավիճակին, այն է  Ռուսաստանի տնտեսության վիճակի վատաթարացում և պղնձի միջազգային գների անկում, դիմակայել է պետական պարտքը մեծացնելու հաշվին: Սակայն պետական պարտքի և բյուջեի դեֆիցիտը մեծացնելու ռեսուրս այլևս չկա, և կառավարությունը ստիպված է հաշվարկներ կատարել՝ սահմանափակելով նոր պարտքերի կուտակման հնարավորությունը. «2017 թվականին կառավարությունը իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար: Սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը»,- նշել է Կարապետյանը և խոստացել, որ հարկերը հավաքելու և ծախսելու գործընթացը լինելու է թափանցիկ․ – «Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար: Մենք 2017 թվականին  ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն ենք որդեգրել, որպեսզի չունենանք դեֆիցիտի ավել աճ, քան սահմանափակումները մեզ թելադրում են, և բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշենք, որպեսզի իրանք կարողանան վերարտադրվեն: Եվ 2017 թվականի համար ստեղծենք նորմալ պլատֆորմ, նորմալ բազիս, որպեսզի 2018 թվականին մենք ակնկալենք ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ»։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Կարեն Կարապետյանը այս պահին դեռ առաջնորդվում է նախորդից՝ Հովիկ Աբրահամյանից ժառանգած բյուջեով և այս պահին որևէ հզոր տնտեսական նախագիծ աչքի առաջ չունի: Միակ բանը, որ Կարեն Կարապետյանը խոստանում է, նոր պարտք չավելացնելն ու դեֆիցիտի մեծությունը  նվազեցնելն է: Իսկ պարտքը չավելացնելու համար վարչապետը պարտավորվում է եղած փոքրաթիվ գումարները քամուն չտալ, թոշակ ու աշխատավարձ էլ բարձրացնել չի կարող: Բայց մյուս կողմից էլ շատ լավ իմանալով, որ ընտրություններն ու տնտեսության զարգացումը տրամաբանորեն հակասում են միմյանց, Կարեն Կարապետյանն առաջարկում է  լավ ապրելու հույսը հետաձգել մինչև 2018 թվականը:

Դավիթ  Մանուկյան

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing