Լրահոս

Կարեն Կարապետյանը գիտե ինչ ական է դրված իր տակ

 

arm148481510695

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը 168 Ժամ թերթի հետ զրույցում խոսելով 2018 թվականի ապրիլից հետո Կարեն Կարապետյանի վարչապետ մնալու իրավական հնարավորության մասին, ասել է, որ եթե 2018 թվականի ապրիլին պարզվի, որ վերջին չորս տարվա ընթացքում Կարապետյանը 731 օր բնակվել է Հայաստանում, ապա նա կարող է մնալ վարչապետ:Եթե նրա Հայաստանում մշտական բնակությունը հաշվարկվի վարչապետ նշանակվելու ժամանակաշրջանից, այսինքն 2016 թվականի սեպտեմբերից, ապա Կարեն Կարապետյանի համար 731 օր չի ստացվի, մշտական բնակության օրերը կլինեն զգալի պակաս:

Այդպիսով, աներկբա է, որ Կարեն Կարապետյանը 2018 թվականի ապրիլից հետո եթե անգամ մնա վարչապետ, լինելու է իրավական առումով վիճահարույց կամ մեղմ ասած խոցելի վարչապետ: Եթե անգամ կազմվի նրա «ԺԷԿ-ի տեղեկանքը», ապա այն կլինի շատ ավելի խոցելի, քան օրինակ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի պարագայում:Եթե Կարեն Կարապետյանը մինչեւ 2018 թվականի ապրիլ Հայաստանում ապահովի տնտեսական այնպիսի արդյունք, որը կտրուկ կնվազեցնի աղքատությունը, արտագաղթն ու կբարձրացնի բնակչության բարեկեցությունը, ապա այդ դեպքում հանրությունը գուցե բացարձակ նշանակություն չտա իրավական խնդիրներին եւ անգամ պահանջի, որ վարչապետ մնա Կարեն Կարապետյանը:Բայց 2017 թվականի ընթացքում այդպիսի արդյունքը անգամ տեսականում բացառվում է, ընդ որում ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաեւ օբյեկտիվ պատճառներով:

Հետեւաբար, Կարեն Կարապետյանը 2018 թվականի ապրիլին կլինի «ապօրինի» վարչապետ, եթե լինի:Նա քննարկե՞լ է այդ հարցը Սերժ Սարգսյանի հետ, երբ նշանակվում էր վարչապետ կամ ստանում առաջարկը: Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի անգամ հայտարարել է, որ նախընտրում է աշխատել ոչ թե վերացական խոսակցություններով եւ քննարկումներով, այլ թուղթ ու գրիչով: Սերժ Սարգսյանից ստացած վարչապետության առաջարկը նա թուղթ ու գրիչո՞վ է քննարկել: Այդ դեպքում մոռացե՞լ է հաշվել օրերը, թե՞ Սերժ Սարգսյանը հանգստացրել է, որ «թղթերով ամեն ինչ կարգին» է:

Կամ, Կարապետյանը գիտե, որ 2018 թվականից հետո չի լինելու վարչապետ եւ ընդամենը ապահովում է անցումը Սերժ Սարգսյանի համար, կամ որեւէ այլ, արդեն ավելի քաղաքական, կամ ավելի շուտ՝ իրական վարչապետի: Հակառակ դեպքում, եթե Կարեն Կարապետյանը մնա վարչապետ իրավական խնդիրներով, ապա դա կնշանակի, որ Հայաստանը չունի վարչապետ, որովհետեւ խնդրահարույց հիմքով վարչապետ հանդիսացող Կարապետյանը ամբողջությամբ կախված է լինելու Հայաստանի իշխող համակարգից:Այդ դեպքում ստացվում է փակուղի:

Կամ Կարապետյանը կասկածելի իրավական լեգիտիմությամբ կշարունակի վարչապետությունը, կամ նա վարչապետ է մեկ տարվա համար:Այստեղ ակնհայտ է նրա տակ գտնվող ականը, արդեն այժմ, քանի որ 2018-ի այդ խնդիրը նրա շուրջ ստեղծում է անվստահության լրջագույն շրջանակ, թե հանրության, թե ներդրողների համար:Բայց Կարապետյանի համար դա հազիվ թե անակնկալ լինի:

Այստեղ բուն խնդիրը թերեւս այն է, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակումը իշխանության ներսում առավել լայն գործընթացի եւ շահերի բախման դրվագ է: Այդ բախումը նոր թափով է սկսվելու 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing