Լրահոս

Կարեն Կարապետյանը հրաժարվել է քաղաքականությունից

 

Կարեն Կարապետյանի կառավարությունը ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը: Հաշվետվությանը հնարավոր է վերաբերել փիլիսոփայորեն, կրկնելով հայտնի միտքը՝ այն, ինչը մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Կարեն Կարապետյանի կառավարության հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառավարությունը մեզ՝ այսինքն Հայաստանը չի սպանել, Հայաստանը կա, դեռ շնչում է: Հետեւաբար մնում է եզրակացնել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն այդպիսով Հայաստանը դարձրել է ավելի ուժեղ:
Դրանից իհարկե Կարեն Կարապետյանը չի դարձել վարչապետ, հետեւաբար խիստ հարաբերական է, երբ քննարկվում է վարչապետի պաշտոնում նրա գործունեության մեկ տարվա արդյունքը:
Նա գործել է վարչապետի պաշտոնում, բայց դա չի նշանակում, որ նա եղել է վարչապետ: Կարեն Կարապետյանը մեկ տարի շարունակ մնացել է լոկ մենեջեր, պարզապես ճգնաժամային կառավարման մենեջերի կարգավիճակից փոքր ինչ անցում կատարելով ավելի ընթացիկ մենեջմենտի:
Վարչապետը քաղաքական կարգավիճակ է, իսկ Կարեն Կարապետյանը մեկ տարվա ընթացքում համառորեն հրաժարվեց զբաղվել քաղաքականությամբ: Նա այդպես էլ չունեցավ քաղաքական որեւէ ելույթ: Տեղական, համայնքային, կամ համապետական մասշտաբի տարբեր չինովնիկների նախատելուց, երբեմն մուննաթից բացի՝ իհարկե դեպքերի ճնշող մեծամասնության պայմաններում լիովին արդարացի եւ հիմնավոր, Կարեն Կարապետյանի հրապարակային ելույթները այդպես էլ չպարունակեցին որեւէ քաղաքական տարր, ազդակ, ուղերձ, այդպես էլ չլցվեցին հասարակական-քաղաքական բովանդակությամբ, տեքստով, տեսլականով:
Երազանքների կարեւորության մասին հայտարարող վարչապետը այդպես էլ մեկ տարվա ընթացքում չձեւակերպեց հանրության համար գրավիչ, հանրային տարատեսակ շերտեր միավորելու ներուժ պարունակող, որեւէ արժեքային եւ գաղափարական հենքի վրա խարսխված երազանք, որը կդներ իր վարչապետության հիմքում:
Դա է ամենակարեւորը, որ պետք է անի Հայաստանի վերափոխման հավակնություն ունեցող եւ ներկայացնող որեւէ գործիչ: Դրանով է, որ պետք է տարբերվի պետական, քաղաքական գործիչը մենեջերից՝ թեկուզ բարձրակարգ մենեջերից:
Ասել, թե Կարապետյանը վարչապետի պաշտոնում մեկ տարվա ընթացքում չի արձանագրել հաջողություններ, կլինի սխալ, բայց այդպիսի հաջողություններ արձանագրել են Հայաստանի գործնականում բոլոր վարչապետները: Հայաստանն իր ներկայիս սոցիալ-հոգեբանական, ռազմա-քաղաքական եւ տնտեսա-քաղաքական խնդիրներով ոչ թե պարզապես պահանջում, այլ կենսականորեն պահանջում է ավելին:
Որովհետեւ եթե չկա արժեհամակարգային ու գաղափարական հենքի վրա խարսխված ուղերձը հանրությանը, մնացյալ ամեն ինչ ստանում է ոչ միայն իրավիճակային ու կարճաժամկետ բնույթ, այլ ընդամենը ներիշխանական կորպորատիվ նշանակություն, երբ իշխանություն փակ բաժնետիրական համակարգում լուծվում է ընդամենը ուժերի դասավորության, նոր հարաբերակցության հարց:
Կարեն Կարապետյանը մեկ տարվա ընթացքում հանրությանը չի տվել այդ ուղերձը:
Բացառված չէ, որ նա գիտակցաբար է հրաժարվել քաղաքական պատասխանատվությունից՝ համարելով, որ այդպես կդառնա ավելի խոցելի հետագայի համար եւ պատասխանատվությունը փորձել է թողնել Սերժ Սարգսյանի վրա:
Բայց դա արդեն հենց ներքին իշխանական փակ բաժնետիրական հարցերն են, որ քննարկվում են սկսած թերեւս 2015 թվականի փետրվարից, երբ Հովիկ Աբրահամյանի տանը Աբրահամյանը, Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ն ու միլիարդատեր Սամվել Կարապետյանը պայմանավորվել են ներիշխանական զարգացումների նոր սցենարների եւ վեկտորների շուրջ:
Ըստ էության, իրական հաշվարկը պետք է սկսել նվազագույնը 2015 թվականի փետրվարի 16-ից, ոչ թե Կարեն Կարապետյանի նշանակման հրամանագրից:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing