good-banner
Լրահոս

Կարեն Կարապետյանը` լրջագույն սպառնալիքների առաջ…

 

Կարեն-Կարապետյան

lurer.com — Հայաստանն այլևս նոր վարչապետ ունի, ինչը տեսականորեն նշանակում է, որ առաջիկայում ականատես ենք դառնալու կոնկրետ տեղաշարժերի, փոփոխությունների, որոնք, ինչպես հայտնի է, բավական սպասված են մեր երկրում. Հայատանում փոփոխությունների անհրաժեշտությունը բավական վաղուց է հասունացել: Բայց առաջին հարցը, որ կարող է հնչել՝ սրա հետ կապված, այն է, թե որքանով են իրական լինելու կամ որքանով են արմատական լինելու այն փոփոխությունները, որ կարող է իրականցնել Կարեն Կարապետյանն առաջիկայում:Չնայած դեռևս վաղ է՝ հստակ գնահատականներ տալու կամ հաստատուն կարծիք հնչեցնելու, թե կոնկրետ որոնք են լինելու վարչապետի առաջին քայլերը կամ ինչ խորությամբ, բայց երբ փորձում ես վերլուծել այն իրականությունն ու երկրում վաղուց արմատացած մթնոլորտը, որում Կարապետյանը դե ֆակտո հայտնվել է, ակամա մտավախություն է առաջանում, որ ասնեք նախագահ Սարգսյանի ակնկալիքները Կարեն Կարապետյանից՝ սեղմ ժամկետներում հասնելու զգալի արդյունքների, կարող են և չարդարացվել:

Բանը նրանում է,որ այն հայտնի ճշմարտությունը,թե շատ բաներ կախված են ոչ թե անձերից, այլ՝ այն համակարգից, որում անձերը ստիպված են լինում գործունեություն ծավալել, ցավոք կամ բարեբախաբար, ոչ ոք դեռևս չեղյալ չի համարել: Ասել կուզի՝ քանի դեռ Հայաստանում արմատացած համակարգն արատավոր է, քանի դեռ գործող տրամաբանությունը փողի փիլիսոփայությունն է, Լի Կուան Յուին էլ բռնեն-բերեն Հայաստան ու դարձնեն վարչապետ, վստահաբար, նա ևս չի կարողանալու ազատորեն կյանքի կոչել այն լուսավոր գաղափարները, որոնք Սինգապուրին ճահճից դարձրեցին գերզարգացած ֆինանսական տերություն:

Իսկ այն, որ Կարեն Կարապետյանի շանսերն ի սկզբանե այնքան էլ խոստումնալից չեն, անհերքելի իրողություն է: Մարդն իր նախորդից ժառանգություն է ստացել տառացիորեն պարտքերի մեջ սկած ու քայքայված տնտեսություն (Աբրահամյանի վարչապետության օրոք Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ դոլարով, աշխարհում ՀՆԱ-ի՝ մեկ շնչին ընկնող ցուցանիշով՝ 3-3,5 հազ. դոլար, հաշվով գոյություն ունեցող յոթ լիգաներից Հայաստանը վերջինում է գտնվում…), որի առողջացման համար Հայատանում չկան կամ չեն գործում ոչ միայն անհարժեշտ գործիքակազմերն, այլև նույնիսկ խելքը գլխին կադրային ռեզերվ մենք չունենք (խոսքն, առաջին հերթին, ՀՀԿ ունեցած կադրային ռեզերվի մասին է, քանի որ դժվար թե Կարապետյանին արտոնեն՝ պաշտոններ վստահել մարդկանց, որոնք ՀՀԿ-ական չեն. դա դեմ կլինի հայաստանյան քաղաքական մշակույթին): Այսինքն՝ կարծել, թե Կարապետյանն ինչ-որ մի հրաշքով ասենք մի քանի ամսում կարող է տնտեսությունն առողջացնել, իրական չէ: Եվ հետո՝ իսկ ո՞վ ասաց, որ նրան տրված իշխանությունը բացարձակ կարող է լինել. պետք չէ մոռանալ, որ ցանկացած կտրուկ քայլ ու համարձակ նախաձեռնություն Հայաստանում կարող է դիտարկվել՝ դրական միայն այն պարագայում, երբ այդ ամենը չի վնասում ՀՀԿ ունեցած բացարձակ իշխանությանը:

Իսկ այն, որ նման մեսիջներ՝ ուղղված Կարապետյանին, արդեն իսկ հնչում են, փաստում է հանրահայտ Վահրամ Բաղդասարյանի՝ սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած մի քանի մտքեր, որոնցից պարզ է դառնում, որ ՀՀԿ-ի գոնե մի հատվածը բավական զգուշավոր վերաբերմունք է որդեգրել նոր վարչապետի նկատմամբ, ու նրա՝ սահմանադրական փոփոխություններից հետո ևս վարչապետ մնալու հարցը դեռևս առկախված է (հասկանալի է, որ լուրջ փոփոխություններ անելու համար Կարապետյանին անհրաժեշտ է լինելու վարչապետի պաշտոնում մնալ նաև սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո): Իսկ սա նշանակում է մեկ բան՝ այս երկրում հարցերը որոշելու է ոչ թե Կարապետյանն, այլ ՀՀԿ վերնախավն՝ անկախ ամեն ինչից: Իսկ թե որոնք են ՀՀԿ վերնախավի դավանած արժեքներն ու սկզբունքները, գիտեն բոլորը. դրանց ձեռքը ողջ ազգն է «կրակն ընկել»:

Ուստի՝ այս ամենից հետևում է, որ Կարապետյանին շնորհած ազատությունը կարող է և խափուսիկ լինել, ու մարդը դառնա պարզ գործիք Բաղրամյան 26-ի ձեռքին’ լոկ սաստելու այն անհնազանդներին, որոնք կհամարձակվեն դույզն ինչ ինքնուրույնություն դրսևորել: Իսկ այս ամենն էլ, իր հերթին, նշանակում է,որ խոսել ասենք երկրում մենաշնորհների,ալան-թալանի, համատարած կոռուպցիայի դեմ ռեալ ու շոշափելի պայքարի մասին,գործնականում անիմաստ է: Իհարկե,չի կարելի բացառել կոսմետիկ փոփոխություններն ու տեղաշարժերը համակարգում,բայց կարծել, թե Կարապետյանին թույլ կտան ասենք պայքար մղել Սամվել Ալեքսանյանի կամ «Դերժավայի Արկադիի» դեմ, անուղղելի միամտություն կլիներ.հենց նրանք ու նրանց պեսերն են,որ պետք է առաջիկայում ապահովեն ՀՀԿ վերարտադրությունն ու չեզոքացնեն իշխող կուսակցության մենիշխանությանը սպառնացող բոլոր վտանգները:
«Մեկ ծաղկով գարուն չի գա»…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing