Լրահոս

Կարեն Կարապետյանը նահանջում է

 

arm148127782124

lragir.am —  Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի դեսպանատները պետք է առավել աշխույժ եւ ջանադիր լինեն Հայաստանի արտաքին տնտեսական կապերը զարգացնելու, Հայաստան ներդրումներ ներգրավելու, նոր շուկաներ փնտրելու հարցում:Կարեն Կարապետյանը լիովին իրավացի է, եթե նկատի ունենանք այն, որ Հայաստանի արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների զգալի մասը զբաղված են հենց դեսպանների, կամ Հայաստանի առանձին պետական բարձրաստիճան պաշտոնյաների բիզնես հետաքրքրություններն ու շահերը առաջ մղելով:Դա կոռուպցիայի յուրօրինակ տարբերակ է, երբ դեսպանը պետական կարգավիճակը ծառայեցնում է անձնական շահ առաջ մղելու համար:Դրան զուգահեռ, խոսելով այն մասին, թե ինչպես պետք է դեսպանները արտերկրի ներդրողների համար գրավիչ, ընկալելի դարձնեն Հայաստանը, այդ թվում ԵՏՄ անդամակցության հանգամանքով, փաստացի նրանց հորդորում է ստել: Ստացվում է, որ այս դեպքում վարչապետը նահանջում է իր հաղթաթղթերից մեկից` անկեղծությունից, երբ հայտարարել էր, թե չի ստելու:Բանն այն է, որ Հայաստանի դեսպանը արտերկրում Հայաստանը ներդրումային առումով գրավիչ ներկայացնելու համար պետք է ստի, որովհետեւ եթե նա լինի անկեղծ, ապա ներդրողին պետք է ասի` գործ չունեք Հայաստանի հետ, այնտեղ ամեն ինչ բաժանել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյա եւ օլիգարխ, իսկ Սահմանադրությունը եւ օրենքը, դատական համակարգը դարձրել են այդ բաժանման պաշտպանիչ զրահ, ծառայեցնելով իրենց նպատակին:Կարեն Կարապետյանը գուցե շատ է ուզում փոխել այդ իրականությունը, բայց նրա վարչապետությունն առայժմ չի արձանագրել այդ իրականության որեւէ շոշափելի փոփոխություն: Գուցե ժամանակը օբյեկտիվորեն քիչ է, կան մի շարք այլ հանգամանքներ, դա այլ հարց է: Բայց Հայաստանի ներդրումային գրավչությանը խոչընդոտող մի շարք սկզբունքային հանգամանքները դեռեւս վերացված չեն:

Դրան զուգահեռ, Հայաստանն ինքը դեռեւս չի տեսել, զգացել ԵՏՄ կոչված տնտեսական խառնածնի էֆեկտը, ինչպե՞ս է հնարավոր դա ներկայացնել արտաքին ներդրողի: Վերջապես, եթե արտաքին ներդրողին հետաքրքիր է ԵՏՄ դարպասը, ապա կասկած չկա, որ նա կգտնի դրա առավել շահեկան եւ տեւական տարբերակները, քան Վերին Լարսի սեզոնային թելից կախված Հայաստանը:Հայաստանը չի ունենալու ներդրումային գրավչություն, քանի դեռ չի արձանագրել համակարգային շոշափելի փոփոխություն եւ քանի դեռ դրա էֆեկտը շոշափելի չի եղել առաջին հերթին Հայաստանի քաղաքացու համար, որը կտեսնի եւ կզգա, որ ապրում է այլեւս ուրիշ համակարգում:Իհարկե, չի բացառվում, որ Կարապետյանը հույս ունի այդ ուրիշ համակարգը ստեղծել հենց արտաքին ներդրողների օգնությամբ, ձեւավորել այդ նոր` զուգահեռ համակարգը, որպեսզի դրանով հնարավոր լինի դիրքերից աստիճանաբար հետ մղել գործող համակարգը: Կասկած չկա, որ համակարգային բարեփոխումների համար անհրաժեշտ է փող` բարեփոխումը գին ունի, փող արժե, դա անհերքելի է:Բայց արդյոք արտաքին ներդրողը կհամաձայնի ֆինանսավորել Հայաստանի բարեփոխումը: Ինչի՞ համար, կամ ո՞ր դեպքում: Ստեղծված իրավիճակում դա կարող է լինել միայն քաղաքական որոշում: Բայց ինչպե՞ս է Կարեն Կարապետյանը պատրաստվում քաղաքականապես մոտիվացնել արտաքին ներդրողներին, որ նրանք ֆինանսավորեն բարեփոխումների եւ նոր համակարգի կառուցման իր ծրագիրը կամ մտադրությունը: Ասե՞լ է նա դեսպաններին այդ մասին: Իսկ ո՞վ կհավատա Հայաստանի դեսպաններին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...