Լրահոս

Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին թողեց մենակ

 

ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը դիմել է Ռուսաստանին, որպեսզի վարորդական իրավունքների հարցում բացառություն արվի ԵՏՄ անդամ երկրների համար: Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կընդառաջի: Դա փաստացի պետք է միայն Հայաստանին, որովհետեւ ԵՏՄ մյուս անդամ երկրները այսպես ասած արտոնություն ստացել են ռուսերենի պետական կարգավիճակի շնորհիվ, որ առկա է նրանց մոտ: Հայաստանում այդ կարգավիճակը չկա, ինչը նաեւ հանգեցրել էր Վոլոդինի աղմկահարույց արտահայտությանը:
Վարորդական իրավունքների հետ կապված ամբողջ պատմության մեջ ուշագրավ է մի բան՝ Կարեն Կարապետյանի բացակայությունը: Եթե Կարապետյանը լիներ օրինակ պաշտպանության նախարար, կամ բնապահպանության, ապա վարորդական իրավունքների հարցում նրա չլինելը, մինչ այժմ շոշափելի չարտահայտվելը չէր լինի որոշակիորեն տարօրինակ: Բայց նա վարչապետն է, տնտեսական վիճակի, տնտեսական քաղաքականության համար պատասխանատուն: ԱԺ նախագահ Բաբլոյանը Մոսկվա կատարած այցի ընթացքում բարձրաձայնում է վարորդական իրավունքների խնդիրն ու իբրեւ թե պայմանավորվում աշխատել լուծման ուղղությամբ, իսկ տնտեսական վիճակի համար պատասխանատու վարչապետը մինչ այժմ չի խոսել այդ մասին, չի ասել, որ ջանք կգործադրի, որպեսզի Ռուսաստանում լուծվի Հայաստանի քաղաքացիների համար տնտեսական խննդիր առաջացրած այդ հարցը, որը տնտեսական խնդիր առաջացնում է նաեւ Հայաստանի համար:
Կամ Կարեն Կարապետյանը այդ խնդիրը չափազանց փոքր է համարում՝ ավելի մեծ հարցերից շեղվելու համար, որոնք անկասկած կանգնած են նրա առաջ տնտեսության վիճակը փոխելու առումով, կամ Կարեն Կարապետյանը ցուցադրաբար է ձեռնպահ մնում վարորդական իրավունքների շուրջ աղմուկից:
Կարապետյանը գուցե չի խառնվում, համարելով, որ առայժմ ինքն ընդամենը Սերժ Սարգսյանի «քավության նոխազն» է եւ լուծի վարորդական իրավունքի հարց, թե չլուծի, խոսի այդ թեմայով, թե չխոսի, միեւնույն է՝ Սերժ Սարգսյանը անհրաժեշտ պահին առաջին իսկ հնարավորության դեպքում տնտեսական վիճակի համար պատասխանատվությունը դնելու է նրա վրա եւ պաշտոնանկ անի: Հետեւաբար ինչու՞ մտնել ավելորդ աղմկոտ պատմության մեջ, առավել եւս, որ գուցե դրանով Ռուսաստանն ու Սերժ Սարգսյանն են իրար հետ ինչ որ հարցեր լուծում: Կարեն Կարապետյանը գուցե Սերժ Սարգսյանին թողնում է Մոսկվայի դիմաց մենակ: Թեեւ չի բացառվում իհարկե, որ Սերժ Սարգսյանն է դա պահանջել, այսինքն չխառնվել՝ դա իր գործն է, վարչապետինը չէ:
Միեւնույն ժամանակ հնարավոր է, որ Կարապետյանն ունի այդ ամենի նկատմամբ սկզբունքորեն այլ դիրքորոշում եւ համարում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է ջանք գործադրի ոչ թե Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների աշխատանքի հարմարավետություն ապահովելու համար, այլ ջանքը կենտրոնացնի Հայաստանում նրանց աշխատանքի հնարավորություն ընձեռելու համար, որպեսզի Հայաստանի քաղաքացիները չթողնեն իրենց ընտանիքները եւ գնան ամբողջ տարի Ռուսաստանում աշխատելու, առաջացնելով ոչ միայն ժողովրդագրական, այլ նաեւ սոցիալ-հոգեբանական բազմաթիվ խնդիրներ իրենց ընտանիքի անդամների, իրենց երեխաների համար, ինչը հետագայում բազմաբնույթ բարդություններով արտացոլվելու է թե նրանց անձնական կյանքի, թե հանրային իրավիճակի վրա:
Մեծ հաշվով իսկապես ստեղծվել է տարօրինակ մի իրավիճակ: Ռուսաստանն անհարմարավետություն է ստեղծել Հայաստանի քաղաքացիների մի մասի համար: Այդ տեսանկյունից իսկապես առկա է խնդիր, որովհետեւ այդ մարդիկ հոգում են իրենց ընտանիքի, իրենց երեխաների հարցը: Մյուս կողմից, այդ խնդրի ֆոնին կա պետական եւ հանրային առավել մեծ խնդիր, սոցիալական, հոգեբանական, անվտանգության ասպեկտներով: Եվ դա խնդիր է, որը կոնկրետ ժամանակի եւ տարածության մեջ անմիջականորեն քիչ է շոշափելի, բայց որի հետեւանքը զգալի է լինելու տեսանելի ապագայում, եթե Հայաստանի օրակարգում շարունակի աղմուկ հանել ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացման խնդիրը: Կամ եթե ԵՏՄ արդյունավետության չափման միավոր դառնա վարորդական իրավունքների հարցը, ոչ թե այդ կառույցի ընդհանրապես տնտեսա-քաղաքական էֆեկտիվությունը ինստիտուցիոնալ եւ ենթակառուցվածքային հնարավորությունների առումով: Կարծես վարորդական իրավունքի խնդիրը լուծելով լուծվում է ԵՏՄ հիմնարար տնտեսա-քաղաքական խնդիրը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing