Լրահոս

Կարեն Կարապետյանը ստացավ ամենակարեւորը

 

lragir.am — Սեպտեմբերի 13-ին Սերժ Սարգսյանի ՆՀ-834-Ա հրամանագրով դառնալով վարչապետ, Կարեն Կարապետյանն արդեն ձեւավորել է իր կառավարությունը, հաստատել ծրագիրը: Նրա նշանակումն ու առաջին քայլերը լայն արձագանք ստացան հանրային տարբեր շրջանակներում ու շերտերում, եւ դա ուներ որոշակի օբյեկտիվ հիմքեր:
Նախ, վարչապետի փոփոխությունը տեղի ունեցավ ներքին ու արտաքին բուռն զարգացումների ֆոնին՝ ապրիլյան պատերազմ, հուլիսյան իրադարձություններ, բանակցային եռուզեռ ղարաբաղյան թեմայով, սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակ:
Մյուս էական պահը կառավարությունից մի շարք օդիոզ դեմքերի հեռացումն էր, որոնց փոխարինեցին ավելի քաղաքակիրթ տեսք ունեցող, գրագետ մարդիկ:
Ներքաղաքական ցանկացած փոփոխություն ընդհանրապես իրադարձություն է, սակայն Կարեն Կարապետյանի նշանակումն ու դրա հետ կապված հետագա զարգացումները գերազանցեցին նախորդ նմանատիպ փոփոխությունները: Դրա պատճառը թե վերը նշված իրադարձություններն էին, թե նաեւ այն հանգամանքը, որ կարծես թե հանրային գիտակցության մեջ արմատավորվել է, որ սա հնարավոր է իրական շանս է իրավիճակը շտկելու համար:
Սա է ամենակարեւորը, որ ստացավ Կարեն Կարապետյանն իր նշանակումից ի վեր: Նա ստացել է եթե ոչ հանրային վստահության, ապա այսպես ասած սպասման քվե: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը, բացահայտ թե քողարկված, սպասումներ ունեն, մի մասը՝ հանրային շահի, մի այլ մասը՝ զուտ մերկանտիլ նպատակների տեսակետից:
Նրանից սպասելիքներ ունի Սերժ Սարգսյանը, եւ այդ մասին հայտարարել է իր ելույթում, երբ ներկայացնում էր նոր կառավարությունը: Իսկ ՀՀԿ-ն հույս ունի, որ չի մնա «նոր ոգու» փլատակների տակ:
Նրանից սպասելիքներ ունեն օլիգարխները: Օրինակ, Մհեր Սեդրակյանն ու Սամվել Ալեքսանյանը նստել ու մինչեւ վերջ ուշադիր լսել են վարչապետի ծրագրային ելույթը: Իսկ Գագիկ Ծառուկյանն այնքան է ոգեշնչվել, որ որոշել է վերադառնալ քաղաքականություն:
Սպասելիքներ ունի մի խավ, որն ընդունված է անվանել «ընդդիմադիր կենտրոնամետ»: Նրանք ներկայանում են որպես ինտելեկտուալներ, չափավոր քննադատում են արատավոր երեւույթները հիմնականում կենցաղային մակարդակում:
Սպասելիքներ ունեն տաքսիստներն ու տարբեր խավեր, որոնք համարում են, որ նրան Պուտինն է ուղարկել Հայաստան՝ փրկելու մեր երկիրը:
Սպասելիքներ ունեն նույնիսկ այն ուսյալ շերտերը, որոնք սովորաբար հոռետես են եւ ունեն դրա լուրջ հիմնավորումները: Նույնիսկ նրանք, ովքեր հասկանում են, որ ոչինչ էլ հնարավոր չէ փոխել, քանի դեռ չի արվել երկու քայլ: Իսկ այդ քայլերը Կարեն Կարապետյանը չի արել եւ դժվար թե անի:
Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Ռուբեն Վարդանյանը նույնիսկ հայտարարեց, որ սա վերջին շանսն է:
Ահա այսպիսի իրավիճակ: Կարեն Կարապետյանը ստացել է ամենակարեւորը քաղաքական ու պետական գործչի համար՝ հանրային «սպասման քվեն»: Անակնկա՞լ էր դա իր համար, թե՞ պատրաստ է ստանձնել այդ ծանր բեռը:
Եվ ինչպե՞ս կտնօրինի այս քվեն վարչապետը, ո՞ր ուղղությամբ: Կստանձնի՞ նա պատասխանատվություն այդ սպասման դիմաց, մի բան, որի ավանդույթը չկա Հայաստանի կառավարման համակարգում, թե այդ քվեն կօգտագործվի ներհամակարգային տրանսֆորմացիաների համար:
Այս հարցերի պատասխանը կլինի շուտով, քանի որ սպասման ռեժիմը երկար չի տեւում, առավել եւս Հայաստանի ներկայիս զարգացումների պայմաններում:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am