good-banner
Լրահոս

Կարեն Կարապետյանի երազանքը

 

arm147488702923

lragir.am — Կառավարության կառուցվածքային փոփոխության շրջանակում նոր վարչապետ Կարեն Կարապետյանը նախատեսում է առանձնացնել տուրիզմի կառավարումը, այն դուրս բերելով էկոնոմիկայի նախարարությունից: Կառավարումը կիրականացվի ոչ թե նոր նախարարության, այլ վարչության մակարդակով: Նա հավանաբար կարծում է, որ այդպես ավելի արդյունավետ կլինի կառավարումը եւ տուրիզմը պետք է ավելի զարգանա: Կարեն Կարապետյանը նույնիսկ բերել էր հարեւան Վրաստանի օրինակը, ասելով, թե Հայաստանը պակաս ցույց տալու բան չունի, բայց զգալիորեն զիջում է զբոսաշրջիկների քանակով:
Վրաստանի օրինակն իհարկե հիմնավոր է: Հարեւան երկրում մի քանի տարվա ընթացքում զբոսաշրջության ոլորտի զարգացումը աչք է ծակում, նույնիսկ առաջացնում նախանձ:
Օրինակ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դա համարում է իր կառավարման արդյունք եւ վաստակ: Նա նշում է, որ մի քանի տարվա ընթացքում իր կատարած քայլերի շնորհիվ Վրաստանը տարեկան մի քանի հարյուր հազար զբոսաշրջիկի փոխարեն այժմ ընդունում է արդեն 5-6 միլիոն: Ընդ որում, այդ թիվը ունի աճի միտումներ:
Սահակաշվիլին ահռելի քայլեր կատարեց զբոսաշրջության աճի ուղղությամբ: Կառուցեց կարեւոր ենթակառուցվածքներ, գործնականում հեղափոխություն իրականացրեց վրացական ավիաշուկայում, բերելով տոմսերի զգալի էժանացման եւ թռիչքների բազմազանության:
Բայց Վրաստանը զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը շարունակում է նաեւ ներկայում: Բառացիորեն օրերս Թբիլիսիի կենտրոնում շահագործման է հանձնվել Աղմաշենեբելի պողոտան, որի մի մասը վերածվեց հետիոտնային հատվածի: Թարմացվել է պողոտայի պատմա-մշակութային շերտը, թողնելով հիասքանչ տպավորություն:
Անկասկած է, որ նոր նախագիծը էապես մեծացնելու է Թբիլիսիի եւ Վրաստանի զբոսաշրջային գրավչությունը:
Թբիլիսիից ընդամենը մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվում է պատմա-մշակութային ահռելի շերտ ունեցող, քաղաքային մշակույթի ահռելի ժառանգություն ունեցող Գյումրին: Այդ ժառանգությունը ներկայում պատվել է ժամանակակից հողով ու փոշով, սոցիալ-հոգեբանական ծանրությամբ, տեղ-տեղ անգամ թշվառությամբ: Բայց նույնիսկ այդ «ծածկոցի» տակից Գյումրիում այդ ներուժը հոգեբանական ահռելի լիցք է հաղորդում դրան առնչվելու ընթացքում:
Հնարավոր է պատկերացնել, թե ինչ էր լինելու Գյումրիի պատկերը, եթե անցնող երկու տասնամյակի ուղիղ կեսը քաղաքը ոչ թե ասենք Վարդան Ղուկասյանի եւ նրա կլանի տնօրինմանը հանձնվեր, կամ մի քանի այլ քրեական կամ կիսաքրեական կլանների, այլ դառնար անկախ Հայաստանի կոնցեպտուալ նախագծերից մեկն ու վերածվեր զբոսաշրջային կենտրոնի:
Կարեն Կարապետյանն իրավացի է՝ Հայաստանը զբոսաշրջիկներին ցույց տալու, գրավելու պակաս բան չունի, անգամ ծովի բացակայության պարագայում:
Հայաստանին պակասում է երազանքը, կամ երազանքի սահմանը, որը հայկական «էլիտայի» մոտ չի անցել անձնական դղյակների, շքեղ ավտոշարասյունների, ռեստորանների եւ սաունաների սահմանից:
Կարեն Կարապետյանն էլ, օրինակ, իր ընկերների հետ Երեւանում կառուցել է «Ֆլորենցիա», իսկ վերակառուցե՞լ է որեւէ պատմա-մշակութային շերտ՝ ընկերների հետ միասին:
Անցե՞լ է Կարապետյանը Հայաստանի զբոսաշրջային «հանքեր» տանող ավտոճանապարհներով, տեսե՞լ է դրանց որակը: Ի՞նչ է մտածում այդ կապակցությամբ, ունի՞ պատկերացումներ, ունի՞ երազանք, որը դուրս է «օջախի» շրջանակից ու ներառում է պետությունը, պետական այցեքարտը:
Դրանից է կախված, թե արդյոք Հայաստանը կկարողանա մրցակցել Վրաստանի հետ: Թեեւ, Վրաստանը որքան մրցակից, նույնքան էլ կարող է լինել գործընկեր, քանի որ զբոսաշրջիկներին հնարավոր է առաջարկել համատեղ տարաբնույթ փաթեթներ, պարզապես դրա համար պետք է զբոսաշրջության ոլորտում Հայաստանը հասցնել Վրաստանի «քաշային կատեգորիայի»:
Իսկ ոլորտն ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ իր բնույթով այնպիսին է, որ նախ տալիս է զգալի ինքնաբավության հնարավորություն, բացի այդ ահռելի հնարավորություններ է ստեղծում փոքր ու միջին կամ ընտանեկան բիզնեսի զարգացման համար, բայց արդեն ոչ միայն «էլիտար» ընտանիքների բիզնեսների, այլ շարքային մահկանացուների ընտանեկան հաջողության համար:
Իսկ դա արդեն ունի ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ հոգեբանական, մշակութային, մտածողության վերափոխման, այսինքն համակարգային փոփոխության նշանակություն:
Ու թերեւս դա է նաեւ պատճառներից մեկը, որ ավելի քան մեկուկես տասնամյակ լինելով տնտեսության հայտարարված գերակա ճյուղ, հայկական զբոսաշրջությունը խոշոր հաշվով չի արժանացել հիմնարար ենթակառուցվածքային ներդրումների, որոնք կդնեին ոլորտի հեռահար եւ լայն զարգացման հիմքեր:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am