Լրահոս

Կարեն Կարապետյանի հրաժարականի թեման. Ինչ է կատարվել նրա հետ

 

Վերջին շրջանում մի շարք ԶԼՄ-ներում շոշափվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի թեման: Հիմնավորումները տարբեր են՝ ներդրումների բացակայություն, անարդյունավետ տնտեսական քաղաքականություն եւ այլն: Այս ամիսներին Կարեն Կարապետյանն իսկապես որեւէ նկատելի ու շոշափելի արդյունքի չի հասել, չկա մի ոլորտ, որտեղ փաստացի անկում չլինի:
Նկատելի է, որ նա գրեթե ազդեցություն չունի կարեւոր նշանակումների հարցում, մասնավորապես ընտրությունից հետո կառավարության կազմավորման ժամանակ:
Մամուլում տեղեկություն եղավ, որ նա առնվազն երկու անգամ հրաժարական է ներկայացրել Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս համոզել է նրան մնալ:
Հետաքրքիր է, որ զուգահեռ գեներացվում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեման, որպես 2018-ին վարչապետի միակ հարմար թեկնածու:
Ներքաղաքական այս ինտրիգը թերեւս կպահպանվի մինչեւ 2018-ի ապրիլ, երբ ներկայիս կառավարությունը հրաժարական կտա, եւ կձեւավորվի «վերջնական» կառավարությունը արդեն լիարժեք խորհրդարանական կառավարման անցումից հետո: Այդ ժամանակ ըստ Սահմանադրության վարչապետը կդառնա պետության առաջին դեմքը:
Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նրա հետ հանգամանալից զրույց է ունեցել երկրի զարգացման խնդիրների շուրջ: Հետաքրքիր է, թե ինչի շուրջ է եղել այդ հանգամանալից զրույցը: Արդյոք եղել են ինչ որ պայմանավորվածություններ, որոնք հետագայում խախտվել են, թե Կարեն Կարապետյանը չի կարողացել իրականացնել այդ հանգամանալից զրույցի «թեզիսները»:
Այստեղ պետք է տարբերակել վարչապետի հրաժարականի հանրային ու իշխանական «պահանջարկը»: Հանրային մակարդակում ամեն ինչ պարզ էր ամենասկզբից՝ Կարեն Կարապետյանը, եւ որեւէ վարչապետ ի վիճակի չէր լինելու որեւէ իրապես համակարգային փոփոխություն իրականացնել, առանց համակարգի ապամոնտաժման եւ տնտեսության բացման ու դիվերսիֆիկացիայի: Նման փորձը նույնիսկ նկատելի չէ, փոխարենը տնտեսության «ռուսաֆիկացումն» ավելի է խորացել, այդ թվում «ներդրողների փակ ակումբի» հռչակմամբ:
Ունե՞ր Կարեն Կարապետյանը նման խնդիր, կամ նման խնդի՞ր էր նրա առջեւ դրել Սերժ Սարգսյանը: Դատելով հետագա զարգացումներից, այդ թվում ԱԺ ընտրության շուրջ գործընթացներից, նման խնդիր չկար ու չէր էլ կարող լինել: Կար ընդամենը լարված ներքին իրավիճակը լիցքաթափելու եւ հանրության մեջ սպասումներ ձեւավորելու խնդիր, որն էլ Կարեն Կարապետյանը մեծ հաշվով կատարել է: Ավելի շուտ, նա եղել է ցուցանակը, որի ներքո անցկացվեց անաղմուկ ընտրությունը եւ հարակից վերադասավորումները:
Մնացյալը՝ ներդրումներ, համակարգային փոփոխություններ եւ այլն, նվազագույնը ժպիտ են հարուցում: Այստեղ թերեւս տեղին է մեկ հարցադրում վարչապետին՝ նա դրա համա՞ր էր եկել Հայաստան՝ նպաստելու համակարգի ծրագրերի իրագործմանը, հույս ուներ հաղթե՞լ ներիշխանական պայքարում, թե՞ իսկապես հավատացած էր, որ համակարգային փոփոխություններ է անելու:
Բոլոր այս դեպքերում կար անհրաժեշտ մի պայման՝ զբաղվել քաղաքականությամբ, սակայն Կարեն Կարապետյանը դուրս չեկավ «մենեջերի» բավական կասկածելի կերպարից: Այս պարագայում, նրա միակ քաղաքական քայլը կարող է դառնալ հրաժարականը: Թեեւ՝ «ուզում էի մի բան անել, բայց չթողեցին» թեզն արդեն համոզիչ չէ նույնիսկ «պլեբսի» մոտ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing