Լրահոս

Կարեն Կարապետյանի ոտքը գազի՞ն, թե արգելակին. նրա ուշագրավ այցը Պուտինից հետո

 

Իրանի նախագահի առաջին տեղակալ, փաստացի վարչապետ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին Իրան է այցելում վարչապետ Կարեն Կարապետյանը: Պաշտոնական այցի ընթացքում նա կհանդիպի ոչ միայն իրանցի իր գործընկերոջը, այլ նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:Հայ-իրանական հարաբերության տնտեսա-քաղաքական նշանակության մասին խոսվել է բավականաչափ եւ թերեւս ավելորդ է կրկնել, թե Հայաստանի համար ինչ կարեւորություն ունի Իրանի հետ հնարավորինս խորը հարաբերությունը: Մյուս կողմից, նաեւ բավականաչափ հայտնի է այդ հարաբերության գլխավոր խոչընդոտը՝ Ռուսաստանը, որի շահից չի բխում հայ-իրանական լիարժեք հարաբերությունը:

Իսկ լիարժեք հարաբերություն նշանակում է Հայաստանի տարածքով Իրանի ելք դեպի Վրաստան ու Սեւ ծով՝ այնտեղից եվրոպական հեռանկարով: Հայաստանն Իրանի համար գործնականում հետաքրքրություն ներկայացնում է երկու ասպեկտով՝ ճանապարհ դեպի Սեւ ծով, եւ հայկական վերահսկողություն Իրանի հյուսիսում՝ Արցախ, ազատագրված տարածքներ:

Ընդ որում, այդ առումով Հայաստանի մասով հետաքրքրությունը կարող է նույնիսկ լինել հարաբերական: Այսինքն, Թեհրանի համար խոշոր հաշվով մեծ չէ տարբերությունը՝ այնտեղ կլինի հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական վերահսկողություն: Բուն խնդիրը Թեհրանի համար այն է, որ իր հյուսիսային սահմանին ունենա «ինքնիշխան» վերահսկողություն: Եթե ինքնիշխանություն կապահովի Հայաստանը, ապա Թեհրանը չունի խնդիր, իսկ եթե Ադրբեջանը, ապա Իրանը խնդիր չունի ադրբեջանական վերահսկողության պարագայում: Այն, որ Իրանի հյուսիսային այդ շրջաններում ապրում է մեծաթիվ ադրբեջանական բնակչություն, Թեհրանի համար խնդիր չէ: Իրանը ունի Ադրբեջանի վրա ազդեցության բավականաչափ լծակներ, Բաքվին «անջատական խաղերի» գայթակղությունից զրկելու համար:

Արցախյան գոտու վերահսկողության մասով Իրանն ունի մեկ խնդիր՝ թույլ չտալ այնտեղ որեւէ կողմի միջոցով երրորդ կողմի ներգրավում, մասնավորապես Ռուսաստանի, որը անթաքույց դրան է ձգտում թե Երեւանի վրա ազդեցության միջոցով, թե Բաքվի հետ այսպես ասած ռազմավարական գործակցության: Այդ ձգտման դրվագներից մեկն էլ ապրիլի պատերազմն էր, որը հասունացվում էր ռուս-ադրբեջանական գործակցությամբ: Եվ եթե հայկական զինուժը չկարողանար կասեցնել Բաքվին եւ տալ հակահարված, ապա կասկած չկա, որ արցախյան գոտում՝ Իրանի հյուսիսային սահմանին ռուսական ռազմական ներկայությունը, թեկուզ ՀԱՊԿ խորագրի ներքո, իրականություն կլիներ:

Այդ իմաստով, հայկական զինված ուժերի ապրիլյան դիմադրությունն ու հակահարվածը քաղաքական լուրջ ազդակ էին նաեւ Իրանին, Հայաստանի հանդեպ վստահության մասով: Մյուս կողմից, սակայն, հայ-իրանական տնտեսական նախագծերի հանդեպ Երեւանի վերաբերմունքը բավականին խարխլում է Իրանի այդ վստահությունը, այն առումով, թե ի վերջո որքանով է ինքնիշխան Երեւանը:

Դրան զուգահեռ, Երեւանի հռետորաբանությունը վերջին շրջանում որոշակի փոխվել է: Օրինակ, խոսվում է Պարսից ծոց-Սեւ ծով երթուղու մասին, խոսվում է Թուրքմենիա-Իրան-Հայաստան գործակցության մասին, օգոստոսի 5-ին Թեհրան կատարած այցից առաջ էլ Սերժ Սարգսյանն իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Թեհրանին հղեց երկու կարեւոր ազդակ՝ անվտանգության համատեղ խնդիրներ եւ դրանց ուղղությամբ աշխատանքի պատրաստակամություն, եւ իրանական գազը Հայաստանի տարածքով Սեւ ծով տարանցելու հնարավորություն:Իհարկե, Սարգսյանը հայտարարեց նաեւ, թե պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը, նշելով, որ առայժմ նախագիծը փորձագիտական, ոչ թե քաղաքական օրակարգի մաս է: Իսկ արդեն Թեհրանում էլ Ռոհանիի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Թուրքմենիա-Իրան-Հայաստան եռակողմ գործակցության հեռանկարին:

Ընդ որում, այդ մասով զարգացումները իրապես հետաքրքիր են: Բանն այն է, որ դրանից ամիսներ առաջ Թուրքմենիա էր այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը, հետո Աշգաբադ էր այցելել Սերժ Սարգսյանը, Թեհրան նրա այցից երկու շաբաթ անց՝ Սոչի Պուտինի հետ հանդիպումից ժամեր անց Երեւան ժամանեց Թուրքմենիայի նախագահը: Երեւանում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Բերդիմուհամեդովը խոսում էր միլիարդների մասշտաբի գործակցության մասին, ինչն ուրախացնող է: Ի՞նչ ուղղությամբ է հնարավոր միլիարդների գործակցություն Հայաստանի եւ Թուրքմենիայի միջեւ, եթե ոչ էներգետիկ ոլորտի, մասնավորապես թուրքմենական գազի մասով՝ Իրանի տարածքով: Բայց, Թուրքմենիային էլ դա կարող է հետաքրքրել, եթե կա գազը Եվրոպա տեղափոխելու երթուղային հեռանկար:

Թուրքմենիայի նախագահի Երեւան այցից մի քանի շաբաթ անց Սերժ Սարգսյանն Ասիական խաղերի բացման առիթով կրկին այցելեց Աշգաբադ: Կա՞ արդյոք լուրջ քննարկում գործընթաց Թուրքմենիա-Իրան-Հայաստան ֆորմատով գործակցության շուրջ, մասնավորապես այն գազամուղի, որի հնարավորությունը Սերժ Սարգսյանը չի բացառում:Այդ դեպքում դրանով կարող է հետաքրքրվել նաեւ Եվրոպան:

Բայց, կա Ռուսաստանը: Չէ՞ որ դա նշանակելու է մրցակից գազամուղ եւ ընդհանրապես աշխարհքաղաքական մրցակցային լուրջ նախագիծ Ռուսաստանի համար, ոչ միայն Եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանքի առումով, այլ նաեւ ընդհանրապես Կովկասում Ռուսաստանի ազդեցության: Այստեղ ընդհանրապես ռուս-թուրքական ազդեցության խնդիրն է, որը միարժեքորեն կանցնի պատմության գիրկը՝ Թուրքմենիա-Իրան-Հայաստան-Վրաստան հեռանկարի պարագայում: Դա արդեն բոլորովին այլ տարածաշրջան է, բոլորովին այլ տրամաբանությամբ եւ անվտանգության համակարգով:

Կհանդուրժի՞ Ռուսաստանն այդ հեռանկարը: Ապրիլի պատերազմից հետո Մոսկվան տարածաշրջանում կանգնել է իսկապես բարդ վիճակում: Թվում է, թե Հայաստանի հանդեպ ունի անվերապահ եւ ավելի ու ավելի ուժգնացող ազդեցություն, բայց որքան մեծանում է այդ ազդեցությունը ֆորմալ իմաստով, այնքան Մոսկվան ինքն է Հայաստանի հանդեպ հայտնվում կախվածության մեջ: Դա իսկապես բավական բարդ վիճակ է, երբ Ռուսաստանը բախվում է այն հակասությանը, որ կա Հայաստանի եւ Ռուսաստանի մի կողմից դաշնակցային կարգավիճակի, մյուս կողմից շահերի հակադրության մասով: Մինչ ապրիլյան պատերազմը այդ խնդրին լրջագույնս բախվում էր Հայաստանը, սակայն ապրիլից հետո իրավիճակը շրջվել է, եւ Ռուսաստանն այլեւս անկարող է չնկատել Հայաստանի շահն անտեսելու հետեւանքը, եթե անգամ մտադիր է շարունակել այդ քաղաքականությունը:

Իսկ Հայաստան-Իրան հարաբերությունն այդ առումով բավական նշանային հարաբերություն է եւ դա առավել է դառնում Կարեն Կարապետյանի այցի հանգամանքով: Ադ այցը խթանելու՞ է այն հռետորաբանությունը եւ փոխայցերի Թուրքմենիա-Հայաստան-Իրան հաճախությունը, որ դրսեւորվեց օգոստոս-սեպտեմբերին, թե՞ Կարեն Կարապետյանն Իրան է մեկնում ասելու, որ Հայաստանը չի կարող դուրս գալ Եվրասիական ծիրից, իսկ Թուրքմենիա-Իրան-Հայաստան, առավել եւս Վրաստան-Սեւ ծով հեռանկարը դուրս է այդ ծիրից:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Հայաստանի վարչապետի այցն Իրան տեղի է ունենում օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքմենիա կատարած այցից օրեր անց: Պուտինի այս այցը, առանձին բացառություններով, ընդհանուր առմամբ դուրս մնաց Հայաստանի հանրային-քաղաքական ուշադրությունից: Ընդհանրապես, այդ այցը առանձնապես չի տարփողվել նաեւ ռուսական մեդիատարածությունում:Ի՞նչ է տեղի ունեցել Պուտինի օրակարգում Թուրքմենստան-Իրան-Հայաստան գործակցության հեռանկարով, եւ ի՞նչ շեշտադրումով:Թուրքմենիայում այդ երկրի նախագահը հայտարարել է, որ հարգում է Ասիայում Ռուսաստանի շահերը, մյուս կողմից հիշեցրել, որ Թուրքմենստանը չեզոք պետություն է:

Աղբյուր` lragir.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am