good-banner
Լրահոս

Կարեն Կարապետյանի ու նրա զավակների անսահման հարստությունը

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարագիրը թեև առաջին հայացքից խիստ գայթակղիչ է, հարուստ, հարիր Հայաստանի պաշտոնյաների նույն փաստաթղթերին՝ միլիոնավոր դրամներ, դոլարներ ու այլ արտարժույթ է պարունակում, սակայն հեռու է իրականությունը պատկերելուց: Ինչպես ՀՀ բոլոր պաշտոնյաների դեպքում է, Կ. Կարապետյանի հայտարարագրում նրան վերագրվող շատ բիզնեսների վերաբերյալ տեղեկատությունները բացակայում են:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակած՝ Կ. Կարապետյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 50 մլն դրամի արժեթղթեր, 8 մլն դրամը գերազանցող 3 ժամացույց, 4 բնակարան և մեկ ամառանոց, մոտ 33 մլն դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ ունի։ Պաշտոնը ստանձնելիս վարչապետի դրամական միջոցները կազմել են 3 մլն 700 հազար ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 120 մլն ՀՀ դրամ, 55 մլն ռուսական ռուբլի: Կարեն Կարապետյանի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը (13.09.2016) աշխատավարձից ստացած եկամուտը կազմում է 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի, այլ եկամուտները՝ 32 մլն 898 հազար դրամ: Ընդհանուր եկամուտը կազմում է 32 մլն 898 հազար դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի:

Նրա կինը՝ Աստղիկ Կարապետյանը նույնպես իր հաշվին պատկառելի գումար ունի: Նրա հայտարարագրում թեև որևէ շարժական կամ անշարժ գույք նշված չէ, բայց եղած գումարը բավականին խոշոր է: Վարչապետի կինն ունի 6 մլն 125 հազար դրամ, 2 մլն 130 հազար դոլար, 1 մլն եվրո և 21 մլն 400 հազար ռուսական ռուբլի: Վարչապետի որդու՝ Գոռ Կարապետյանի հայտարարագրում թեև ոչինչ նշված չէ, իսկ մյուս որդու՝ Տիգրան Կարապետյանի մասին որևէ նշում չկա, թեև կարծիք կա, որ հենց նրանք են ղեկավարում հորը վերագրվող բիզնեսները:

Իսկ Կ. Կարապետյանին վերագրվող բիզնեսների մասին որքան էլ նրա հայտարարագրերը լռում են, մամուլը երբեմն որոշ տեղեկություններ հրապարակում է: Եվ այսպես՝ Տ. Կարապետյանը 50% բաժնեմաս ունի կանանց ներքնազգեստի Women’ secret խանութ-սրահի սեփականատեր «Էդ ընդ Թի Փարթներս» ՍՊԸ-ում: Կարեն Կարապետյանի որդու անունը երևում է նաև «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ում: Այնտեղ, ճիշտ է, չնչին բաժնեմաս ունի, բայց բացառված չէ, որ օֆշորային խոշոր բաժնետեր ընկերությունը՝ ԲՎԿ-ում գրանցված «Քլիֆֆ Թրեյդ էնդ ինվ. Ինկ»-ը ևս Կարապետյանների ընտանիքինն է:

Կ. Կարապետյանին է վերագրվել Հրազդանի կիրճում գործող «Ֆլորենս» ռեստորանը, որը կարծես թե որդու անունով է գրանցված: Նա դա կառուցել է Երևանի քաղաքապետ աշխատելուց առաջ: Տ. Կարապետյանը 65 տոկոս բաժնեմաս ունի «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ում, որն այդ ռեստորանի իրավական գործարկողն է: Կարապետյանները ևս մի «Ֆլորենս» ռեստորան ունեն նաև Արցախում՝ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի հարևանությամբ:

«Հետք» էլեկտրոնայինի տվյալներով՝ գովազդային գործակալություն «Բի Բի մեդիա»-ի հետևում ևս Կարեն Կարապետյանի որդին է: «Կատանա» ՍՊԸ-ն, որտեղ վերջինս 50 տոկոս բաժնեմաս ունի, այդ գործակալության հիմնադիրն է՝ «Բագ ընդ Բադ» ՍՊԸ-ի միջոցով: Տ. Կարապետյանի գործընկերն այստեղ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, ով Կ. Կարապետյանի փեսան է և էներգետիկայի փոխնախարարը:

Կ. Կարապետյանին էր վերագրվում գազի ներտնային սպասարկում իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն, քանի որ այնտեղ բաժնետեր է եղել նրա եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Սակայն 2009-ին Վլադիմիր Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից: Այժմ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում բաժնեմաս ունեն Արթուր և Լուսինե Սուրենյանները, ովքեր «ՀայՌուսգազարդ» ընկերության իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակներն են: Իսկ այդ ընկերության ամենամեծ բաժնետերը (42%) Արսեն Հարությունյանն է: Նա նույն, ինչպես նաև Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանը կառավարող ընկերության՝ «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, այնուհետև գազի ոլորտում պաշտոնյա: Իսկ վարչապետ նշանակվելուց հետո Կ. Կարապետյանը նրան նշանակեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:

Նույն հրապարակումների համաձայն՝ ամբողջությամբ Կարապետյաններին է պատկանում նաև «Սփար բերիի» ՍՊԸ-ն, որը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ է մատուցում: Նրանց տան հասցեում է գրանցված «Կրբեդանց» ՍՊԸ-ն: Սա Կարապետյանների ղարաբաղյան բարբառով արտասանությունն է, և այդ ընկերությունը ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առևտրի մասնագիտացված խանութ է: Այն մասն է Շվեյցարիայում գրանցված և տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունեցող Kerbedanz, որը զբաղվում է նաև ժամացույցների արտադրությամբ: Տիգրան Կարապետյանն այստեղ նաև տնօրեն է: Գազալցման կայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտրով զբաղվող «Արտսոլեի» ՍՊԸ-ում Տ. Կարապետյանը 50 տոկոսի բաժնետերն է:

Կ. Կարապետյանի որդին վերջին տարիներին հիմնել է ևս երեք ընկերություններ՝ «Ադջառա 1», «Ադջառա 2» և «Ադջառա 3» ՍՊԸ անուններով: Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ դրանցից առաջինը զբաղվում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների և ծրագրային ապահովման մեծածախ առևտրով: Կարեն Կարապետյանը մեծաքանակ բիզնես ծրագրեր ունի նաև Ռուսաստանում: Մոսկվայում նա գազալցակայանների ցանց է կառուցում: Համատեղ բիզնես ծրագրեր է իրականացնում նաև հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հետ:

Նշենք, որ Կ. Կարապետյանը տարիներ շարունակ եղել է Ռոբերտ Քոչարյանի համակարգի հիմնասյուներից մեկը: «ՀայՌուսգազարդ» ընկերությունում կատարվող չարաշահումները, որոնց մասին միշտ բարձրաձայնել են ընդդիմությունն ու սպառողների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, սկսվել են նրա օրոք: Հենց նա է Քոչարյանի օրոք բազմաթիվ գազալցակայանների բացման հնարավորություն տվել Հովիկ Աբրահամյանին ու Գագիկ Ծառուկյանին: Իհարկե, Քոչարյանի կարգադրությամբ: Իսկ թալանված գազի դիմաց հետո մեր պետությունն իր գույքով է վճարել:

Իսկ ավելի ուշ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության համակարգում բարձր պաշտոն ստանալուց հետո Կ. Կարապետյանը ներքին հարցերում երբեմն ՌԴ և ՀՀ իշխանությունների միջև միջնորդի դեր էր ստանում՝ ՀՀ իշխանություններին էր փոխանցում Ռուսաստանի պահանջները: Եվ այսօր ահա Հանրապետական կուսակցությունը կոռուպցիայի դեմ պայքար է մղում այս մարդու միջոցով կամ իր նախընտրական քարոզչությունն ու ծրագրերը կառուցում է մի մարդու վրա, ով նախկինում տարիներ շարունակ եղել է կոռուպցիոն համակարգի հիմնասյուներից մեկը:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing