Կարեն Կարապետյանի վերջին կռիվը

0

Կառավարության փետրվարի 22-ի նիստում տեղի ունեցավ ուշագրավ երկխոսություն վարչապետ Կարեն Կարապետյանի եւ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի միջեւ: Ռոբերտ Հարությունյանին Կարեն Կարապետյանը հարցրեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, դեսպանների գործունեության տնտեսական պլանների մասին: Հարությունյանն էլ, ով Խոսրով Հարությունյանի որդին է եւ որի համար Սերժ Սարգսյանը բացել է ԱԳՆ տնտեսական հարցերի փոխնախարարի հաստիքը, պատասխանեց վարչապետին, որ դեռեւս 2017 թվականի օգոստոսից մշակել են դեսպանների ներդրումային պլանը:Այդ պատասխանը զարմացրել է վարչապետին: Պարզվել է, որ նա ծանոթ չէ պլանին:

«Դե մի հատ տեսնենք ինչ եք հաստատել, կարող ա ճիշտ չեք հաստատել: Էդ պլանը ո՞նց եք հաստատել», ասել է Կարեն Կարապետյանը:Իրավիճակը խորհրդանշական է ոչ միայն Հայաստանի կառավարման համակարգի առանձնահատկության, այլ նաեւ այդ համակարգում խորքային փոփոխությունների ներկայիս փուլի ֆոնին:Կարեն Կարապետյանը զարմանում է, որ ԱԳՆ-ն դեսպանների ներդրումային պլան է հաստատել, որից ինքը տեղյակ չէ: Թե ինչու՞ են հաստատել առանց վարչապետին իրազեկելու, մի հարց է, բայց մյուս կողմից այդ հարցը դուրս է գալիս օրակարգից այն իրավիճակի ֆոնին, որում թե վարչապետն է, թե իշխանությունն ամբողջապես:

Ընդ որում, Կարեն Կարապետյանն այդ իրավիճակից հրապարակավ դժգոհել է դեռեւս նախորդ տարի դեկտեմբերին, իր հարցազրույցում, երբ հայտարարում էր, որ անորոշությունը 2018-ի ապրիլի հարցում խանգարում է ներդրողների հետ իր աշխատանքին: Այդ հայտարարությունից հետո հոդվածներից մեկում կարծիք հայտնեցի, որ անշուշտ խոսքը չի կարող լինել միայն ներդրողների հետ աշխատանքին խանգարելու հարցում, այլ գուցե առաջին հերթին հենց պետական պաշտոնյաների հետ, որոնք չեն կարող պատկառանք ունենալ մի վարչապետի հանդեպ, որին իշխող գրեթե ամբողջ մեծամասնությունը թափանցիկ հայտարարություններով համարում է գնացող վարչապետ, որը չունի 2018-ի ապրիլից հետո մնալու շանս:

Գործնականում, ԱԳՆ հետ երկխոսությունն, ուղղակի թե անուղղակի, սակայն այդ իրավիճակի վկայությունն է: Կարեն Կարապետյանին հարկ չեն համարել իրազեկել մշակված պլանի մասին, որովհետեւ համարել են, որ նա միեւնույն է մի քանի ամիս անց չի լինելու այդ պաշտոնին: Ընդ որում, հարց է, թե քանի այլ այդօրինակ դեպքեր կան կառավարման համակարգում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդեպ կա ժամանակավորի ընկալում:Արհեստական է դա, թե բխում է իրավիճակի տրամաբանական զարգացումից, այլ հարց է, բայց ակնառու է, որ Կարեն Կարապետյանն ինքը ոչինչ չի արել եւ չի անում պատճառների դեմ, ըստ այդմ տարօրինակ է դառնում հետեւանքից վրդովվելը:

Մյուս կողմից հետաքրքիր է, որ Կարապետյանն այդուհանդերձ ցուցադրաբար վրդովվում է, հայտնում իր դժգոհությունը, թեեւ պետք է որ ստեղծված իրավիճակում ձգտեր առավել չընդգծել իր կարգավիճակի անտեսման ներիշխանական «տրենդը»: Նշանակու՞մ է դա արդյոք, որ Կարապետյանը հանկարծ որոշել է դիմադրել կամ «վերջին կռիվ» տալ վարչապետի պաշտոնը պահելու համար:

Թե՞ Կարեն Կարապետյանը ոչ թե վերջին կռիվն է տալիս վարչապետի պաշտոնում, այլ՝ ինչպես նոր նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կասեր՝ առաջին կռիվն է տալիս չորրորդ հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնում:Ի դեպ, հետաքրքիր է, որ Կարապետյանի վրդովմունքն իր հանդեպ լատենտ վերաբերմունքի նկատմամբ արտահայտվում է երեք հատկանշական իրողության ֆոնին, որոնցից մեկն էլ փետրվարի 17-ի ուշ երեկոյան Արմեն Սարգսյանի հետ հանդիպումն է:

Մյուսը՝ մակրոտնտեսական ցուցանիշների վիճակագրության հրապարակումն է, որտեղ գոնե թղթի վրա ամեն ինչ աճել է նախատեսվածից մի քանի անգամ ավելի, եւ երրորդը՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստ, որի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Սոկոլովը «ռեկորդային» է բնորոշում հայ-ռուսական տնտեսական հարաբերության ուղղությամբ Կարապետյանի կառավարության գործունեություն



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache