Լրահոս

Կարեն Կարապետյանի զենքը. Սերժ Սարգսյանի մոտ խուճա՞պ է

 

Թեեւ Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չի բացահայտում 2018-ից հետո իր անելիքի, ծրագրի վերաբերյալ որեւէ բան, շրջանցելով հարցերն ու պահպանելով խորհրդավոր անորոշությունը, այդուհանդերձ նրա ծրագրի մի հանգամանք ակնհայտ է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի արժեզրկում: Առնվազն այդ մասով Սերժ Սարգսյանի ծրագիրը առավել քան հստակ եւ որոշակի է:
Թե որն է դրա նպատակը, այդքան էլ պարզ չէ: Առաջին հայացքից աներկբա նպատակ է թվում այն, որ այդպիսով Սերժ Սարգսյանը լուծում է Կարապետյանին 2018-ին վարչապետ չվերանշանակելու հարցը: Այս տրամաբանությանը բավականաչափ անդրադարձ եղել է մամուլում, տարբեր փորձագետների եւ քաղաքական գործիչների դիտարկումներում՝ արժեզրկել, որպեսզի հասունանա նրա փոփոխությունը:
Մյուս կողմից, իսկ հնարավո՞ր է տարբերակ, երբ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին արժեզրկում է անելանելիությունից, նրա դեմ այլ «խաղ չունենալուց», նրան չվերանշանակելու տարբերակ չունենալուց:
Ներկայում այդ վարկածը կարող է աներեւակայելի թվալ, եւ հազիվ թե որեւէ մեկը դրան լրջորեն վերաբերի, Սերժ Սարգսյանից բացի: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանի ընտրությունից հետո չափազանց կտրուկ եւ մեծ թափով է սկսել Կարեն Կարապետյանի արժեզրկմանն ուղղված գործընթացը, իսկ դա կարծես թե այդքան էլ բնորոշ չէ Սարգսյանի հանգիստ ու հանդարտ ոճին, որը հաճախ բնորոշվում է շախմատով, թեեւ շատ ավելի նման է ֆուտբոլային «տիկիտակային», որ կիրառում էր իսպանական Բարսելոնան՝ չափազանց շատ կոմբինացիաներով, փոխանցումներով, այդ թվում նաեւ հաճախակի հետ փոխանցումներով, մինչեւ որ կստեղծվեր մրցակցի դարպասին հարվածի ամենաօպտիմալ, ամենաերաշխավորված, վրիպելու ամենաքիչ ռիսկը պարունակող դրությունը:
Մինչդեռ այդ դեպքում Սերժ Սարգսյանը ուղղակի նետվել է գրոհի, առանց որեւէ «հետ փոխանցման»:
Ժամանակն իհարկե քիչ է, բայց դա էլ նշանակում է, որ Սարգսյանն այդքան էլ վստահ չէ հաջողությանը, եւ նկատվում է որոշակի խուճապ, անդառնալիության կամ անշրջելիության զգացում:
Բանն այն է, որ վարչապետի հարցում Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի կորցնում է հույսը, եւ Կարեն Կարապետյանին արժեզրկելը նրա համար ՀՀԿ նախագահի պաշտոնում շանսը պահելու միջոցն է: Եթե Սերժ Սարգսյանը չի կարողանում նշանակվել վարչապետ կամ նշանակել սեփական վարչապետին, ապա իրավիճակը գոնե ՀՀԿ նախագահի պաշտոնում վերահսկողության տակ պահելու եւ 2022-ից առաջ վերադասավորման հույսը պահպանելու համար պետք է առավելագույնս արժեզրկել նրան, ում 2018-ին ստիպված կլինի առաջադրել:
Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի խուճապը, որ արտահայտվում է իր դեմ տարերային գրոհով, փորձում է դարձնել իր զենքը: Նա բացվել է Սերժ Սարգսյանի առաջ եւ թույլ է տալիս թիրախավորել իրեն որքան հնարավոր է: Կարապետյանի մարտավարությունը ռացիոնալ է՝ հարվածից խուսափելն անիմաստ է, հետեւաբար պետք է հնարավորինս բացվել եւ իմաստազրկել կամ արժեզրկել հարվածը, այդպիսով ավելի ու ավելի ակնհայտ դարձնելով, որ իր անարդյունավետության պատճառը Սերժ Սարգսյանն է:
Սերժ Սարգսյանն է, թե ոչ, այդ հարցն այլեւս երկրորդական է: Հարվածողը Սերժ Սարգսյանն է, դա ակնառու է, կամ հարվածում են նրա անունից: Հետեւաբար Սերժ Սարգսյանը խանգարողն է:
Հարցն այն է, թե կդիմանա՞ արդյոք Կարապետյանը, մինչ հարվածների լիակատար արժեզրկումը: Նա պարզել է իր պաշտպանական վահանը՝ Հայաստանի ներդրողների ակումբը, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանն այդ վահանը կոտրելու համար պետք է գտնի ավելի մեծ ֆինանսներ: Նա փնտրում է, առայժմ ապարդյուն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing