Լրահոս

Կարեն Կարապետյանին հարվածելու են ամեն օր

 

«Հարազատներ ջան, կարելի է՞ ամեն օր այդ հարցի շուրջ խոսել», նախօրեին Երեւանի քաղաքապետի ընտրության քվեարկությանը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Իսկ հարցը վերաբերել է 2018-ին նրա վարչապետության շարունակությանը, դրա վերաբերյալ օրերս արած հայտարարությանը, թե արդյոք դա արտահայտում է նաեւ ՀՀԿ կարծիքը:Իսկ Կարեն Կարապետյանը Ավստրիայի հանրային ռադիոյի թղթակցին տված հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է վարչապետ լինել նաեւ 2018-ից հետո եւ լինել պետության ղեկավար:Կարեն Կարապետյանն ասել էր նաեւ, որ չի երազել լինել վարչապետ, չի ձգտել իշխանության, պարզապես ուզում է փոփոխություն իրականացնել Հայաստանում:Տողատակում Կարապետյանն ակնարկել էր, որ հակառակ կողմում «իշխանության ձգտում» է: Ո՞րն է հակառակ կողմը:

Այստեղ որոշակի է այն, որ այդ կողմում Սերժ Սարգսյանն է, իսկ թե ու՞մ դեմքով, դա պարզ չէ՝ ի՞ր, թե՞ վարչապետի իր համար վստահելի թեկնածուի: Բայց Սերժ Սարգսյանն այստեղ ունի ահռելի առավելություն, քանի որ զերծ է պատասխանատվությունից, ի տարբերություն Կարեն Կարապետյանի:Կարապետյանն առաջացրել է փոփոխության սպասում, Սերժ Սարգսյանին հաջողվել է նրան գցել այդ «ծուղակը», իսկ ինքը քաշվել է մի կողմ եւ փորձում է լուծել 2018-ի հարցը:Հետաքրքիր է, թե արդյոք Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ վարչապետի հարց քննարկելիս տվել է 2018-ի հետ կապված երաշխիքներ, որ թողնելու է իշխանությունը: Արդյոք Կարեն Կարապետյանը կարող էր միամիտ լինել՝ առանց այդ երաշխիքների անցումային փուլում վարչապետի պաշտոնին համաձայնելու համար, որը այլ բան չէ, քան քավության նոխազի պաշտոն: Ավելին, միայն միամիտ լինելու դեպքում էր հնարավոր հավատալ Սերժ Սարգսյանի անգամ 2018-ի երաշխիքներին: Հետեւաբար Կարապետյանը պետք է որ պատկերացներ՝ առանց ներիշխանական կոշտ եւ համառ պայքարի չի ստացվելու ոչինչ, Սերժ Սարգսյանը չի փոխանցելու իշխանությունը. կամ հանձնելու է, կամ՝ ոչ:

Մյուս կողմից, կա նաեւ խնդրի հակառակ դիտանկյունը: Որեւէ իշխանություն, առավել եւս այնպիսին, որի հիմքը Սամանադրությունը չէ, այլ կապիալի նախնական կուտակման վայրի գործընթացը, չի փոխանցվում հենց այնպես, եւ այստեղ Սերժ Սարգսյանի բարի կամքի կամ խոսքի տեր լինելու հանգամանքը չէ միայն: Կա համակարգային անվտանգության խնդիր, կա իշխանության կենսագործունեության բնականոնության խնդիր:Այստեղ Կարեն Կարապետյանը կանգնած է իրապես բարդ վիճակում՝ նա մի կողմից պետք է էապես փոխի համակարգը, մյուս կողմից չի կարող անել այդ բանն առանց համակարգին անվտանգության նվազագույն երաշխիքներ տալու եւ միաժամանակ կառավարելիության հուսալի մակարդակ ապահովելու:
Այստեղ է նրա գլխավոր խնդիրը: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանը հարվածելու է, եւ հարվածների թիրախ է լինելու հենց այդ խնդիրը, անընդհատ ցույց տալով, որ Կարեն Կարապետյանը չի կարող կառավարել ու տիրապետել իրավիճակը: Նա մի կողմից հանրությանն է փորձելու ցույց տալ, որ Կարապետյանը չի կարող իրականացնել հանրօգուտ որեւէ սկզբունքային փոփոխություն, մյուս կողմից համակարգին է ցույց տալու, որ Կարապետյանը չի կարող ապահովել իշխանության անվտանգությունն ու սահուն տրանսֆորմացիան երկբեվեռ համակարգի:2018-ի վերաբերյալ հարցերը Սարգսյանի զինանոցում են, դրանք հնչելու են անընդհատ, ամեն առիթով, ամեն տեղ, Կարապետյանը չի ազատվելու դրանցից: Հետեւաբար նա պետք է լինի դրանց պատրաստ եւ ունենա համոզիչ եւ վստահ պատասխաններ, որոնց ռազմավարական նպատակը պետք է լինի Սերժ Սարգսյանին պատասխանատվության դաշտ բերելը: Կարապետյանն այլընտրանք չունի:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing