Լրահոս

Կարեն Կարապետյանին մնում է կամ մոռանալ, կամ հավաքել ճամպրուկը

 

Երեւի կարծում էիք, որ մոռացել եմ, բայց չեմ մոռացել, իր չկատարված հերթական հանձնարարության մասին Կոտայքի մարզպետարանի պաշտոնյաներից մեկին ասում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, մարզպետարանում խորհրդակցության ընթացքում:
Ի՞նչ էր մտածում պաշտոնյան Կարեն Կարապետյանի այդ խոսքի կապակցությամբ: Իսկ ի՞նչ պետք է մտածեր մի վարչապետի մասին, որին գրեթե բոլորն ընկալում են իբրեւ ժամանակավոր: Ինչու՞ պետք է պաշտոնյան կատարի ժամանակավոր վարչապետի հանձնարարականները, եթե դա կարող է նույնիսկ վտանգավոր լինել իր համար:
Կոտայքի մարզետարանի այդ դրվագը անկասկած հատկանշական է ամբողջ պետական կառավարման համակարգի համար, որտեղ Կարեն Կարապետյանն ընկալվում է ժամանակավոր վարչապետ: Սերժ Սարգսյանին հաջողվել է հասնել դրան, չնայած մյուս կողմից նա հայտարարում էր, որ Կարապետյանը չունի հրաժարականի պատճառ, իսկ Կարապետյանն էլ հայտարարում է, որ ունի վարչապետ մնալու պատրաստակամություն:
Միեւնույն է, Կարեն Կարապետյանը պետական կառավարման համակարգում չի ընկալվում բավարար լրջությամբ, որովհետեւ այդ համակարգում ընկալումներն ունեն իրենց յուրահատկությունը՝ ելնելով համակարգի բնույթից: Ըստ այդմ, իշխանություն ընկալվում է Սերժ Սարգսյանը, իսկ Կարեն Կարապետյանը՝ նրա դրածո: Այդպես էլ նաեւ Տիգրան Սարգսյանի դեպքում: Իսկ ահա Հովիկ Աբրահամյանի պարագայում իրավիճակն այլ էր:
Աբրահամյանը չէր ընկալվում Սարգսյանի դրածո, նա ընկալվում էր Սարգսյանից վարչապետի պաշտոնը վերցրած գործիչ, որի հաջորդ քայլը պետք է լիներ իշխանությունը վերցնելը: Դա չեղավ, եւ հաջորդ քայլով Սերժ Սարգսյանը վարչապետությունը վերցրեց նրա ձեռքից, ինչի պատճառը սակայն այն էր, որ Հովիկ Աբրահամյանը համարժեք չէր այն ընկալմանը, որին արժանանում էր իշխող համակարգում:
Բանն այն է, որ վարչապետի պաշտոնը վերցնելուց հետո Հովիկ Աբրահամյանը սպասում էր, որ մնացյալն արդեն Սերժ Սարգսյանը մատուցելու է սկուտեղի վրա: Մինչդեռ Սարգսյանը համբերատար փորում էր փոսը, լարում էր թակարդը եւ սպասում պահին, թե երբ է դրանում հայտնվելու Աբրահամյանը: Աբրահամյանն ի վերջո հայտնվեց այնտեղ, քանի որ զիջեց վարչապետի պաշտոնի հետ ձեռք բերած խաղային առավելությունը Սարգսյանին, հրաժարվելով նրա հետ դիմակայության շարունակությունից: Դա համակարգի անվստահությունն առաջացրեց Հովիկ Աբրահամյանի հանդեպ:
Կարեն Կարապետյանն սպասում է, թե երբ է թակարդում հայտնվելու Սերժ Սարգսյանը եւ այդ սպասման մեջ նա չի տեսնում Սարգսյանի դրածո ընկալվելու խնդիր: Այն, ինչը դարձավ Հովիկ Աբրահամյանի թուլությունը, Կարեն Կարապետյանը համարում է իր ուժը՝ ըստ երեւույթին: Նրան հետաքրքիր չէ, թե ինչպես կընկալվի իշխանական համակարգում, իսկ հասարակության մեջ դրածո ընկալվելն էլ նա դիտում է առավելություն, այն իմաստով, որ իրեն երբեք չեն ընկալի որպես իրավիճակի պատասխանատու:
Իսկ Սերժ Սարգսյանի թակարդը, Կարեն Կարապետյանի պատկերացմամբ կամ գուցե համոզմամբ, թերեւս փողն է, ֆինանսական խնդիրները: Հայաստանի տնտեսությունը կլինիկական մահի չենթարկելու համար տարեկան անհրաժեշտ է մոտ կես միլիարդ դոլար, փորձագիտական ընդհանրական հաշվարկով, ինչն ի դեպ ներկայացրել է նաեւ գործարար Ռուբեն Վարդանյանը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, երբ հանդես եկավ հարցազրույցով՝ թե դա մեր վերջին շանսն է:
Սերժ Սարգսյանը փնտրում է տարեկան կես միլիարդ դոլար, բայց առայժմ ապարդյուն, իսկ Կարեն Կարապետյանը ցույց է տվել իր ունեցածը՝ ի դեմս ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանի եւ մի շարք ռուսաստանահայ բիզնեսմենների: Կարեն Կարապետյանը չունի Սարգսյանի հանդեպ որեւէ այլ առավելություն:
Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում, իսկ Կարապետյանը վստա՞հ է, որ օրինակ նույն Սամվել Կարապետյանը, կամ Ռուբեն Վարդանյանը, կամ ռուսահայ այլ գործարարներ չեն պայմանավորվի Սերժ Սարգսյանի հետ, կամ Սարգսյանին չի հաջողվի համոզել նրանց:
Թե՞ նա չի մոռանում ոչ միայն իր հանձնարարականները, այլ նաեւ այն, թե ինչ են անում ներիշխանական այդպիսի դեպքերում՝ թողնում են եւ գնում Մոսկվա: Կարեն Կարապետյանին վարչապետ դառնալու համար անհրաժեշտ է մոռանալ Մոսկվայի ճանապարհը: Այլապես թե իր, թե Հայաստանի շահը պահանջում է հավաքել ճամպրուկներն ու դադարեցնել Սերժ Սարգսյանին կամա թե ակամա քողարկելը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing