Լրահոս

Կարեն Կարապետյանին տապալած սխալը

 

Հիասթափություն կա թե ոչ, դա ձեր տպավորությունն է: Վարչապետ Կարեն Կարապետյանը այդպես է ասել ի պատասխան ԵԼՔ-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցի, կապված այն բանի հետ, որ շատերը հիասթափված են Կարեն Կարապետյանի հայտարարությունից՝ որ վարչապետ է լինելու Սերժ Սարգսյանը, ոչ թե ինքը: Մարուքյանն ասել է, թե մարդիկ հույսեր են կապել նրա հետ:

Իսկապես դժվար է ասել, կա՞ հիասթափություն, թե ոչ: Նաեւ, հիասթափությունն ինչի՞ց է՝ որ Կարեն Կարապետյա՞նը չի լինելու, թե՞ որ լինելու է Սերժ Սարգսյանը: Ի՞նչն է ավելի հիասթափեցնում հիասթափվողներին:Այն, որ հիասթափվողներ կան, կամ կլինեն մեծ հավանականությամբ, հուշում է դեռեւս նախընտրական շրջանում Դիլիջանում Կարեն Կարապետյանին ուղղված հարցը, թե ինչ երաշխիք, որ ձայն տալու դեպքում նա կմնա վարչապետ առաջիկա հինգ տարում: Կարեն Կարապետյանը երաշխիք չէր տվել, պատասխանել էր գրեթե հայաստանյան ընդդիմության նման՝ դուք պետք է երաշխավորեք, որ մնամ:Հայաստանի ընդդիմությունն էլ քաղաքացիներին ասում է, թե պետք է գան հրապարակ կամ դուրս գան փողոց, որ ընդդիմությունը մի բան անի:

Այստեղ է երեւի թե Կարեն Կարապետյանի պարտության պատճառը՝ պատասխանատվությունը հասարակության վրա դնելը: Իշխանություն վերցնել կարող է նա, ով առաջին հերթին պատասխանատվությունը կվերցնի հենց իր վրա, ոչ թե ինչ որ բան անելուց առաջ առաջին հերթին կմտածի, թե պատասխանատվությունը ինչպես դնել հանրության վրա:Իսկ խնդիրը հենց իշխանություն վերցնելն է, Կարեն Կարապետյանը չի կարողացել վերցնել իշխանությունը Սերժ Սարգսյանից: Այլ կերպ չի լինում: Հայաստանում իշխանությունը երբեք չի փոխանցվել, այլ հանձնվել է: Պարզապես հանձնվել է ոչ թե ընդդիմությանը, այլ իր ներկայացուցիչներին:

Տեր-Պետրոսյանն է գնացել այդպես, Քոչարյանն էլ հանձնել է ու գնացել, որովհետեւ նա ուներ մնալու եւ իշխանությունը պահելու իր պլանն ու կոնֆիգուրացիան, բայց Սերժ Սարգսյանը հաղթեց:Սարգսյանն էլ իշխանությունը կթողնի նրան, ով կհաղթի իրեն: Հաղթելն ընդ որում ճակատամարտի տեսքով չէ, իսկ իշխանության ներսում դա լինում է դիրքային տեւական ու համառ պայքարի տեսքով:Նոր իրավիճակում Սերժ Սարգսյանին հաղթելը ավելի է բարդանում:

Ոչ այն պատճառով, որ նա ուժեղ է: Մեխանիզմն այնպիսին է, որ հաղթել Սարգսյանին, դեռ չի նշանակում վերցնել իշխանությունը, որովհետեւ դե յուրե իշխանությունը նա տարածել է, եւ հաղթելու համար պետք է պայմանավորվել դե յուրե առաջնային մանդատի կրող մեծամասնության հետ: Իսկ դա բարդ բան է, եւ ժամանակի ընթացքում ավելի է բարդանալու, որքան այդ մեծամասնությունը գիտակցի իր մանդատի առաջնայնությունը:Միեւնույն ժամանակ, ինչ կլինի Սերժ Սարգսյանի վիճակը, երբ այդ մեծամասնությունը գիտակցի մանդատի բացառիկ առաջնայնությունը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing